Ծաթեր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Լոռու ձոր

4618

Ծաթեր գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոնից 37 կմ հյուսիս-արևելք, Ալավերդի քաղաքից 11 կմ հարավ, Դեբեդի բարձրադիր ձախ ափին, սարալանջի վրա:

Ծաթերի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 90 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 123 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 212 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 254 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1908 թվական – 310 հոգի

1914 թվական – 556 հոգի

1916 թվական – 512 հոգի

1922 թվական – 409 հոգի

1926 թվական – 444 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 528 հոգի, բոլորը՝ հայ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Ծաթերի տարածքում կա երկու եկեղեցի։ 12-13 դդ. «Սուրբ Աստվածածին» (նաև սբ. Նշան) ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով, թաղակապ երկթեք ծածկով փոքր կառույց է՝ հյուսիսից բացվող մուտքով։ Գտնվում է գյուղի հարավային եզրին։ Հյուսիսային կողմում զանգակատունն է, որը խորհրդային իշխանության տարիներին օգտագործվել է որպես տրանսֆորմատորային կայան։ Բազմաթիվ խաչքարեր ագուցված են եկեղեցու և զանգակատան պատերին։ Եկեղեցու բլրալանջին միջնադարյան գերեզմանոցն է։

11-12-րդ դդ. «Ճգնավորի վանքը» գտնվում է գյուղից հյուսիս, ձորալանջի ուղղաձիգ քարափի տակ։ Ձորեզրից մոտեցումը նեղ արահետով է։ Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև խորանով թաղակածածկ ոչ մեծ սրահ է։ Կառուցված է անմշակ քարերով։ Պատերին ագուցված են խաչքարեր, մուտքի բարավորի քարը հարդարված է խաչաքանդակներով։

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Այգեհատ, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը