Արցախի Շուրջ` Մտահոգիչ Զարգացումներ

1301

Շատերին թւում էր, թէ ապրիլեան 4-օրեայ պատերազմից յետոյ արցախեան կարգաւորման խաղաղ գործընթացը կը մտնի աւելի խորը փակուղի: Դա տեղի չունեցաւ, եւ հակառակը, այսօր ականատեսն ենք բարձր մակարդակի դիւանագիտութեան, որի մէջ ներգրաւուած են ինչպէս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ պետութիւնները` Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն ու Ֆրանսան, այնպէս էլ` Գերմանիան, որը մէկ տարով իրականացնում է ԵԱՀԿ-ի նախագահութիւնը:

Ապրիլեան պատերազմից յետոյ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների երկու հանդիպում` Վիեննայում եւ Ս. Փեթերսպուրկում, առաջիկայում նախատեսւում է Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցութիւնների նոր փուլ Փարիզում: Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարներից բացի, արցախեան գործընթացը Մինսքի խմբի համանախագահ պետութիւնների նախագահների եւ արտաքին գործերի նախարարների օրակարգում է:

Այսպէս, յունիսի 30-ին Ռուսաստանի եւ Ֆրանսայի նախագահները հեռախօսով քննարկել են արցախեան հակամարտութիւնը, որի ընթացքում Վլատիմիր Փութինը Ֆրանսուա Հոլլանտին տեղեկացրել է յունիսի 20-ին Ս. Փեթերսպուրկում  Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման արդիւնքների մասին: Նոյն օրը հակամարտութեան հարցով առանձին հեռախօսազրոյցներ են կայացել Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ճոն Քերիի եւ Սերժ Սարգսեանի ու Իլհամ Ալիեւի միջեւ: Քերին կոչ է արել խուսափել լարուածութիւնից` նպաստելու խաղաղ գործընթացի առաջընթացին, ինչպէս նաեւ կատարել Վիեննայում եւ Ս. Փեթերսպուրկում ստանձնած պարտաւորութիւնները:

Օրերս տարածաշրջանում այցով գտնուող ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանք-Վալթեր Շթայնմայերը Երեւանում, ապա Պաքւում խօսելով կարգաւորման գործընթացի մասին` ասել է, որ սթաթիւս քուոն երկար պահպանուել չի կարող եւ պէտք է փոխուի: Երեւանում Շթայնմայերը հանդիպել է նաեւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ: Յուլիսի 4-ին Երեւան եւ Պաքու կ՛այցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը:

Մեր ունեցած տեղեկութիւնների համաձայն, անցնող տարուայ աշնանը Լաւրովի Պաքու եւ Երեւան այցելութիւնների ընթացքում հակամարտութեան կողմերին ներկայացրել է կարգաւորման նոր առաջարկներ, որոնք քննարկուել են յունիսի 20-ին Փութինի միջնորդութեամբ Ս. Փեթերսպուրկում  կայացած Սարգսեան-Ալիեւ եռակողմ բանակցութիւնների ընթացքում:

Ռուսաստանը փորձում է արցախեան կարգաւորման միջանկեալ լուծում գտնել եւ յորդորել կողմերին, որպէսզի նրանք ընդունեն այդ առաջարկը:

Մասնաւորապէս, Վլատիմիր Փութինն ու Սերկէյ Լաւրովը Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարութեանը ծանօթացրել են ռուսական այդ նախագծին, որը ամբողջութեամբ նորութիւն չէ, նոր մօտեցում չէ, բայց որոշակի տարբերութիւններ ունի նախկինում ներկայացուած առաջարկներից: Այդ առաջարկութիւնը աւելի մօտ է 1997-ի փուլային տարբերակին:

Արցախեան կարգաւորման Փութինի նախագիծը ենթադրում է երկու հիմնական փաթեթ.

Առաջին. հայկական ուժերը յետ են քաշւում հինգ շրջաններից` Աղդամ, Ֆիզուլի, Ճեպրայիլ, Զանգելան, Ղուբաթլու,

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկեալ կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան կազմ, բայց նաեւ չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում` Արցախում հանրաքուէ անցկացնելու ճանապարհով, որի արդիւնքները կ՛ընդունեն Ազրպէյճանն ու միջազգային հանրութիւնը, ինչպէս նախատեսում էին մատրիտեան եւ քազանեան առաջարկները:

Մեր տեղեկութիւններով, մատրիտեան փաստաթղթում եւ նրանից ածանցեալ քազանեան առաջարկներում ամրագրուած Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի իրացումը դուրս չի մնացել Փութինի նախագծից, սակայն հանրաքուէի անցկացումը թողնւում է անորոշ ապագայի:

Հայաստանը, բնականաբար, չի համաձայնւում Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ Ազրպէյճանի կազմում, այդ պատճառով ռուսական կողմը նոր մօտեցում է որդեգրել` հինգ շրջանի դիմաց միջանկեալ աւելի ամուր կարգավիճակ, քան ամրագրուած է մատրիտեան եւ քազանեան առաջարկներում: Միջանկեալ կարգավիճակը ենթադրում է, որ Ազրպէյճանն ու միջազգային հանրութիւնը ճանաչում են Արցախի այսօրուայ փաստացի անկախ կարգավիճակը, ինչը Ստեփանակերտին հնարաւորութիւն է տալու ընտրութիւնների ճանապարհով ձեւաւորել օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւն, որը, ի տարբերութիւն այսօրուայ, ճանաչուելու է  միջազգայնօրէն: Արցախը դիտորդի կարգավիճակով մասնակցելու է ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկւում են անմիջականօրէն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Արցախը իրաւունք է ստանալու անդամակցել միջազգային այն կազմակերպութիւններին, որոնցում միջազգայնօրէն ճանաչուած լինելու կարգավիճակը նախապայման չէ: Բացի այդ, Արցախը իրաւունք է ունենում ստանալ արտասահմանեան երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների ֆինանսական օժանդակութիւնը:

Փութինի առաջարկներում անորոշ ժամանակով մոռացութեան են տրւում Քարվաճառի եւ Լաչինի շրջանների վերադարձի մասին ձեւակերպումները:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 4 Յուլիսի, 2016թ.

 

Դիտել նաեւ