Ինտենսիվ դիվանագիտություն՝ Արցախի շուրջ. տեքստ և տեսանյութ

823

Շատերին թվում էր, թե Ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո Արցախյան կարգավորման խաղաղ գործընթացը կմտնի ավելի խորը փակուղի: Դա տեղի չունեցավ, և հակառակը՝ այսօր ականատեսն ենք բարձր մակարդակի դիվանագիտության, որի մեջ ներգրավված են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, այնպես էլ Գերմանիան, որը մեկ տարով իրականացնում է ԵԱՀԿ-ի նախագահությունը:

Ապրիլյան պատերազմից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, առաջիկայում նախատեսվում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունների նոր փուլ Փարիզում: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից բացի, Արցախյան գործընթացը Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների և արտգործնախարարների օրակարգում է:

Այսպես, հունիսի 30-ին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են Արցախյան հակամարտությունը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին տեղեկացրել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Նույն օրը հակամարտության հարցով առանձին հեռախոսազրույցներ են կայացել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև: Քերին կոչ է արել խուսափել լարվածությունից՝ նպաստելու խաղաղ գործընթացի առաջընթացին, ինչպես նաև կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները։

Օրերս տարածաշրջանում այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանում, ապա՝ Բաքվում խոսելով կարգավորման գործընթացի մասին՝ ասել է, որ ստատուս քվոն երկար պահպանվել չի կարող և պետք է փոխվի: Երևանում Շտայնմայերը հանդիպել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հուլիսի 4-ին Երևան և Բաքու կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ անցնող տարվա աշնանը Լավրովի Բաքու և Երևան այցելությունների ընթացքում հակամարտության կողմերին ներկայացրել է կարգավորման նոր առաջարկներ, որոնք քննարկվել են հունիսի 20-ին Պուտինի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև եռակողմ բանակցությունների ընթացքում:

Ռուսաստանը փորձում է Արցախյան կարգավորման միջանկյալ լուծում գտնել և հորդորել կողմերին, որպեսզի նրանք ընդունեն այդ առաջարկը:

Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ծանոթացրել են ռուսական այդ նախագծին, որը, ամբողջությամբ նորություն չէ, նոր մոտեցում չէ, բայց որոշակի տարբերություններ ունի նախկինում ներկայացված առաջարկներից: Այդ առաջարկությունը ավելի մոտ է 1997-ի փուլային տարբերակին:

Արցախյան կարգավորման Պուտինի նախագիծը ենթադրում է երկու հիմնական փաթեթ.

առաջին. հայկական ուժերը հետ են քաշվում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու,

երկրորդ. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց նաև չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ Արցախում հանրաքվե անցկացնելու ճանապարհով, որի արդյունքները կընդունեն Ադրբեջանն ու միջազգային հանրությունը, ինչպես նախատեսում էին Մադրիդյան և Կազանյան առաջարկները:

Մեր տեղեկություններով՝ Մադրիդյան փաստաթղթում և նրանից ածանցյալ Կազանյան առաջարկներում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը դուրս չի մնացել Պուտինի նախագծից, սակայն հանրաքվեի անցկացումը թողնվում է անորոշ ապագայի:

Հայաստանը, բնականաբար, չի համաձայնվում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, այդ պատճառով՝ ռուսական կողմը նոր մոտեցում է որդեգրել՝ հինգ շրջանի դիմաց միջանկյալ ավելի ամուր կարգավիճակ, քան ամրագրված է Մադրիդյան և Կազանյան առաջարկներում: Միջանկյալ կարգավիճակը ենթադրում է, որ Ադրբեջանն ու միջազգային հանրությունը ճանաչում են Արցախի այսօրվա փաստացի անկախ կարգավիճակը, ինչը Ստեփանակերտին հնարավորություն է տալու ընտրությունների ճանապարհով ձևավորել օրենսդիր և գործադիր իշխանություն, որը, ի տարբերություն այսօրվա, ճանաչվելու է  միջազգայնորեն: Արցախը դիտորդի կարգավիճակով մասնակցելու է ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Արցախը իրավունք է ստանալու անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ: Բացի այդ, Արցախը իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությունը:

Պուտինի առաջարկներում անորոշ ժամանակով մոռացության են տրվում Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձի մասին ձևակերպումները:

Թաթուլ Հակոբյան

Թեմայի շուրջ դիտե՛լ