Ծանոթ. – Նախքան Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան, որ տեղի է ունենում այս օրերին՝ 2016-ի հունիս 24-26-ին, մեր երկիր է այցելել Հովհաննես Պողոս Երկրորդը՝ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շրջանակներում: Ինչպե՞ս Հայաստանը դիմավորեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդին 2001 թվականի սեպտեմբերին: Ներկայացնում ենք ԱԶԳ օրաթերթի լրագրող, հանգուցյալ Սերգեյ Գալոյանի թղթակցությունը, որ լուսյ է տեսել թերթի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի համարում:
ՊԱՊԸ ԽՆԴՐԵՑ ՆԵՐԵԼ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆԱԽԱՊԵՍ ԿԱՏԱՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Բ-ի հայաստանյան այցելության վերջին օրն էր:
Առավոտյան պապի հանդիսապետությամբ Սուրբ Էջմիածնի նորաօծ Տրդատա բաց խորանում լատինածես պատարագ մատուցվեց: Պատարագից առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ուղերձ հղեց Հռոմի քահանայապետին՝ կարեւորելով երկու եկեղեցիների համագործակցությունը. «Ձերդ Սրբության այցը Հայաստան ամրապնդելու է մեր եկեղեցիների եղբայրական սերը եւ բարի հարաբերությունները. Մեկն է աղոթքի լեզուն, մեկ՝ առ Քրիստոս նույն հավատով, նույն սիրով ու հույսով ենք պաշտոն մատուցում, Աստված լսում է մեզ ինչպես գրաբարով, լատիներենով, այնպես էլ բոլոր լեզուներով: Աստվածային սիրո նույն ակունքից բխող արժեքներով են կերտված մեր՝ քրիստոնյա ժողովուրդներիս մշակույթները, որ որքան էլ բազմալեզու ու բազմերանգ՝ հասկանալի ու հարազատ են միմյանց. փառք ենք բարձրացնում առ Աստված, որ օրավուր նոր քայլեր է անում քրիստոնեական եկեղեցիների էկումենիկ համագործակցությունը՝ զորացնելու համար փոխհասկացողության եւ համերաշխության ոգին Քրիստոսի ընդհանրական եկեղեցուց ներս»:
Հռոմի սրբազան քահանայապետը իր օրհնությունն ու պատգամը հաղորդելով բարեպաշտ հավատացյալներին, նշեց, որ կաթոլիկ եկեղեցին բնավ չի հավակնում այստեղ՝ Հայաստանում մրցակից լինել Հայ առաքելական եկեղեցուն: «Միմյանց մեջ պետք է մրցենք ոչ թե բաժանումներ ստեղծելու կամ երկուստեք իրար ամբաստանելու, այլ փոխադարձաբար սեր ցուցադրելու գործում», ասաց պապը:
Նա Սուրբ խորանի վրա խնդրեց Տիրոջից ներել քրիստոնյա եկեղեցիների դեմ գործված անցած ժամանակների մեղքերը եւ առաջնորդել այն սերը, որ գերազանցում է որեւէ պատվար: Նա Ամենայն հայոց հայրապետից խնդրեց ներել միության դեմ նախապես կատարված սխալների համար:
Չնայած լատինածես պատարագի, երգչախումբը մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ կատարում էր Եկմալյանի պատարագից հատվածներ, իսկ վերջում՝ Հենդելի «Ալելուիան»:
Այսօր եւս հագեցած էր այցը պաշտոնական արարողություններով: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում արարողակարգից հետո Հռոմի քահանայապետն իրեն ուղեկցող Վատիկանի եկեղեցու եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ մեկնեց Խոր Վիրապ, որտեղ Սբ. Գրիգոր Լուսավորչի ճրագից վառված կանթեղը Վեհափառ Հայրապետը հանձնեց պապին՝ ի նշան քրիստոնեական հավատի անսասանության եւ քրիստոնեական եղբայրակցության:
Ապա կաթոլիկ եկեղեցու ղեկավարն այցելեց Քանաքեռ-Զեյթուն համայնքում գործող հայ կաթոլիկ եկեղեցի:
Երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցավ Ն. Ս. Հովհաննես-Պողոս Երկրորդ Սրբազան քահանայապետի հրաժեշտի արարողությունը:
Դիմելով Հռոմի պապին եւ հրաժեշտի համար օդանավակայան եկածներին, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Հովհաննես Պողոս Երկրորդ սրբազան քահանայապետի այցը մոտենում է իր ավարտին: Բայց արդեն կարող ենք արձանագրել, որ այցն ունենալու է պատմական նշանակություն: Այն իր մեծ ու դրական ազդեցությունն է գործելու Հայաստանի եւ Վատիկանի հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման ողջ ընթացքի վրա. այսօր Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ առկա դժվարությունների հաղթահարման գործում մենք մեծապես կարեւորում ենք հասարակության բարոյական եւ հոգեւոր առողջությունը. Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը մտադիր են ազգերի միջազգային ընտանիքի անդամների հետ միասին իրենց համեստ լուման բերել աշխարհում խաղաղության ու բարգավաճման գործին:
Այս պայծառ հավատով է, որ մենք մաղթում ենք Ձեզ բարի ճանապարհ»:
«Երեք հիշարժան օրեր ապրեցինք Ձերդ սրբության եւ կաթոլիկ մեր եղբայրների ու քույրերի հետ, հագեցած օրեր, առանձնահատուկ քրիստոնեական մեր եկեղեցիների սիրո եւ եղբայրության արտահայտությամբ, որ լավատեսություն են ավելացնում մեր հոգիներում եւ մեր կյանքում, հրաժեշտի ժամանակ ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ձերդ սրբությունը տեսավ Արարատը եւ ապրեց այն հուզմունքը, որ հայերս զգում ենք ամեն առավոտ Սուրբ լեռանը հայացք ուղղելիս: Համոզված ենք, որ Դուք կարճատեւ այս ժամանակում զգացիք ու ճանաչեցիք Հայաստանի հոգին, քրիստոսասեր հոգին եւ սիրելի հուշեր եք տանում Ձեզ հետ հինավուրց մեր երկրից»:
Հայոց հայրապետի այս խոսքը հաստատեց ինքը՝ Հռոմի սրբազան քահանայապետը:
«Շնորհակալություն քեզ, Հայաստանի ժողովուրդ՝ բարեկամության ու ջերմության համար, աղոթքի համար, որ կատարեցինք միասին քրիստոնյաների միության վառ փափագի համար: Շնորհակալություն հատկապես հավատքի համար, հավատք, որը երբեք չլքեց ձեզ մռայլ ժամանակներում. Հրաժեշտ եմ տալիս ձեզ այն վստահությամբ, որ տեսա աշխուժացման ձեր կարողությունը եւ ձեր նկրտումների ազնվականությունը. Քրիստոսի մայրը՝ Նոր Ուխտի տապանակը, թող առաջնորդի Հայաստանին դեպի խաղաղությունը, որ ջրհեղեղից այն կողմ է, խաղաղություն Աստծո, որ իր ծիածանը դրեց ամպերի մեջ, որպես հավերժ Սիրո նշան»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Հռոմի պապ Ն. Ս. Հովհաննես-Պողոս Երկրորդ սրբազանին ուղեկցեցին մինչեւ ինքնաթիռ: Հռոմի քահանայապետը Վատիկան տարավ Խոր Վիրապի Գրիգոր Լուսավորչի մատուռի ճրագից վառված լույսըՙ որպես քրիստոնեական հավատքի անմահության եւ քրիստոնյա ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
ԱԶԳ, թիվ 175, 28 սեպտեմբեր, 2001թ.