«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում

883

Հունիսի 25-ի առավոտյան Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Պապը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել, ապա ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:  Ծիծեռնակաբերդում հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով նահատակների բարեխոսությունը:

Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,- գրել է Պապը:

 

Լուսանկարը՝ Բաղրամյան 26-ի