«Տեր, նայիր այս ժողովրդին». աղոթեց Հովհաննես Պողոս Պապը Ծիծեռնակաբերդում, սեպտեմբեր, 2001

1522

Ծանոթ. – Նախքան Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան, որ տեղի է ունենում այս օրերին՝ 2016-ի հունիս 24-26-ին, մեր երկիր է այցելել Հովհաննես Պողոս Երկրորդը՝ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շրջանակներում: Ինչպե՞ս Հայաստանը դիմավորեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդին 2001 թվականի սեպտեմբերին: Ներկայացնում ենք ԱԶԳ օրաթերթի լրագրող, հանգուցյալ Սերգեյ Գալոյանի թղթակցությունը, որ լուսյ է տեսել թերթի 2001 թվականի սեպտեմբերի 27-ի համարում:

Untitled-10

«ՏԵՐ, ՆԱՅԻՐ ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ». Աղոթեց պապը Ծիծեռնակաբերդում

Երեկ շարունակվում էր Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի այցելությունը Հայաստանում:

Առավոտյան նա քաղաքավարական այց կատարեց Հայաստանի Հանրապետության նախագահին: Տեղի ունեցավ կաթոլիկ եկեղեցու քահանայապետի եւ Հանրապետության նախագահի առանձնազրույցը, որի վերջին հատվածին միացավ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Հանդիպումից հետո հանդիսավոր արարողության ընթացքում, որին մասնակցեցին Հռոմի կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների հոգեւոր հայրերը, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդին ներկայացվեցին հանրապետության նախագահի ընտանիքի անդամները:

Կատարվեց նաեւ նվերների փոխանակում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հռոմի պապին նվիրեց Էդվարդ Շախիկյանի «Խորհրդավոր ընթրիք» բրոնզե քանդակը: Իսկ կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանրապետության նախագահին նվիրեց Հիսուս Քրիստոսի պատկերով խճանկար:

Ապա Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Հռոմի կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, հանրապետության բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ այցելեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նորին սրբությունը կարմիր վարդ դրեց անմար կրակի մոտ, աղոթք հղեց առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

«Ով դատավոր ողջերի եւ մեռյալների, լսիր ողբը, որ բարձրանում է այս վայրից՝ Մեծ եղեռնի վիհերից, կոչը մեռյալների, անմեղ արյան աղաղակը, որ աղերսում է Աբելի արյան պես: Ինչպես Ռաքելը, որ լալիս է իր որդիների համար, որովհետեւ այլեւս չկան, լսիր, ով Տեր, Հռոմի եպիսկոպոսի ձայնը, որ արձագանքում է իր նախորդներից մեկի՝ Բենեդիկտոս 15-րդի աղաչանքին, որը 1915-ին ձայն բարձրացրեց ի պաշտպանություն ծանրորեն վշտահար ու բնաջնջման շեմին հասած հայ ժողովրդի: Նայիր այս երկրի ժողովրդին, որ այսքան երկար ժամանակից ի վեր իր վստահությունը քո վրա դրեց, որ անցավ մեծ տանջանքների միջով եւ քո հանդեպ հավատարմության մեջ երբեք չթերացավ… Հայ ժողովրդին հասցված զարհուրելի բռնությունից խորապես խռովված՝ մենք մեզ սարսափահար հարց ենք տալիս, թե ինչպե՞ս աշխարհը տակավին կարողանում է ճանաչել այսքան անմարդկային խոտորումներ… Ննջեցյալների համար հայցում ենք հանգիստՙ խաղաղության մեջ, որ անվախճան է: Տեր, ողորմեա, Քրիստոս, ողորմեա, Տեր, ողորմեա»:

Վերջին բառերը, ինչպես նաեւ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին արված աղոթքը Հռոմի պապն ասաց հայերենով:

Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կողմից կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

Ապա Հովհաննես Պողոս Բ պապը դիտեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ցուցանմուշները: Նա թանգարանին նվիրեց Հռոմի պապ Բենեդիկտոս 15-րդի նկարը եւ այն նամակի բնօրինակը, որ վերջինս 1915 թվականի սեպտեմբերի 10-ին գրել է Օսմանյան կայսրության սուլթան Մուհամեդ 5-րդին: Նամակում գրված է, որ ինքը լուր է ստացել այն մասին, թե Արեւմտյան Հայաստանի գյուղերի եւ քաղաքների ամբողջ բնակչությանը պարտադրվում է թողնել իրենց տները՝ աներեւակայելի տանջանքներով ու չարչարանքներով ուղարկելու համար հեռավոր արգելափակման վայրերը, որտեղ նրանք ենթարկվելու են ոչ միայն բարոյական, այլ նաեւ ամենասոսկալի նյութական թշվառության եւ տանջանքների: Մուհամեդ 5-րդից պապը խնդրել է գթալ հայ ժողովրդին եւ միջամտել նրանց համար: Բենեդիկտոս 15-րդը, փաստորեն, առաջինն է դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ պաշտոնապես Վատիկանն այդ փաստը դատապարտել է անցյալ տարի, երբ այնտեղ էր գտնվում Գարեգին Բ կաթողիկոսը: Ամենայն հայոց կաթողիկոսի Վատիկան այցի ժամանակ ստորագրվել է համատեղ կոմյունիկե, որը դատապարտում է 1915 թ. իրադարձությունները: «Հայերի ցեղասպանությունը, որով սկսվեց դարը, նախաբան դարձավ հետագա սարսափների համար: Համաշխարհային երկու պատերազմները, անհամար տարաշրջանային բախումներն ու կազմակերպված ջարդերը խլեցին միլիոնավոր անմեղ մարդկային կյանքեր: Այդ գիտակցումով Հայոց եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի առաջ այսօր խոնարհվում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը», ասված է փաստաթղթում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում պապի անունից տնկվեց նրա կողմից օրհնված եղեւնի, որի ցուցատախտակին գրված է. «Հիշիր, Տեր, այս ազգի որդիների տառապանքը եւ օրհնիր Հայասստանը»: Լռության պատի վրա կզետեղվի Բենեդիկտոս 15-րդ պապի հուշաքարը:

Հովհաննես Պողոս Երկրորդ պապի այս այցի պաշտոնական արարողակարգը մի փոքր խախտվեց: Սակայն այդ խախտումը եղավ տեղին եւ գեղեցիկ:

Առավոտյան, մինչեւ պապի Ծիծեռնակաբերդ այցը, հուշահամալիրում արդեն եղել էր աշխարհահռչակ արտիստ Շառլ Ազնավուրը եւ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ: Իսկ պապի այցելության ժամանակ նա կատարեց «Ավե Մարիա» երգը: Օրվան ու պահին համահունչ, որպես այցի կարեւոր մի տարր եղավ մեր մեծ հայրենակցի այս քայլը:

Երեկոյան Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն, որին մասնակցում էին բազմահազար հավատացյալներ, հրավիրյալներ, հանրապետության բարձրաստիճան այրեր: Արարողությանը մասնակցում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ: Ներկա էր նաեւ Շառլ Ազնավուրը:

Հովհաննես Պողոս Երկրորդ պապն իր խոսքում հիշատակեց հայ ժողովրդի պատմության կարեւորագույն դրվագները հատկապես կապված քրիստոնեության հետ: Նա ցավ հայտնեց, որ չկարողացավ Հայաստանում, Սբ. Էջմիածնում հյուրը լինել մեր արժանահիշատակ Գարեգին Ա Վեհափառի՝ նախ նրա հիվանդության, ապա նաեւ անժամանակ մահվան պատճառով: Ապա, խոսելով քրիստոնեությանը 1700 տարի հավատարիմ մնացած Հայաստանի եւ հայերի մասին, պապն ասաց. «Այսօր էլ ամեն ինչ վկայում է հայ ժողովրդի քրիստոսասեր նվիրվածության մասին: Դրա վկայություններն են բազմադարյան հայ գրականությունը, վանքերը, եկեղեցիները եւ հատկապես խաչքարերը, որոնք հավատքի եւ մշակույթի իսկական գանձեր են»:

Դիմելով Հռոմի քահանայապետին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ասաց. «Ձերդ Սրբություն, մեկ անգամ եւս քրիստոսադրոշմ համայն մեր ժողովրդի անունից եղբայրական սիրով ողջունում ենք Ձեր եւ կաթոլիկ մեր եղբայրների ու քույրերի ներկայությունը Հայաստանում: Մեզ համար խորհրդանշական է, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ մեր Հայրապետի անունը կրող գեղեցկակառույց այս եկեղեցու սուրբ օծմանը հաջորդող արարողությունը հավատակից եղբայրների էկումենիկ աղոթք է, որ Հայոց Սբ. Գրիգորի բարեխոսությամբ միահյուսել է մեր հայցն առ Աստված»:

Ապա հայոց հայրապետը Հռոմի քահանայապետին փոխանցեց Հռոմում Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից հանձնված մեր հավատի հորՙ Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները: Պապն այդ սուրբ մասունքներով օրհնությունը բերեց մեր բարեպաշտ ժողովրդին:

Արարողությունն ավարտվեց համատեղ աղոթքով առ Աստված:

Գիշերը աշխարհի բոլոր կարեւորագույն հեռուստակայանները լուսաբանեցին պապի այցը Ծիծեռնակաբերդ, Ազնավուրի «խախտումը» եւ էկումենիկ արարողությունը:

Վաղը շարունակվելու է Հռոմի սրբազան քահանայապետ Հովհաննես Պողոս Բ պապի այցելությունը, եւ երեկոյան նա «Հայկական ավիաուղիների» ինքնաթիռով կմեկնի Վատիկան:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

ԱԶԳ, թիվ 174, 27 սեպտեմբեր, 2001թ.