«Աստված թող օրհնի հայ ժողովուրդը». Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի Հայաստան այցը 2001-ի սեպտեմբերին

1295

Ծանոթ. – Նախքան Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան, որ տեղի է ունենում այս օրերին՝ 2016-ի հունիս 24-26-ին, մեր երկիր է այցելել Հովհաննես Պողոս Երկրորդը՝ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շրջանակներում: Ինչպե՞ս Հայաստանը դիմավորեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդին 2001 թվականի սեպտեմբերին: Ներկայացնում ենք ԱԶԳ օրաթերթի լրագրող, հանգուցյալ Սերգեյ Գալոյանի թղթակցությունը, որ լուսյ է տեսել թերթի 2001 թվականի սեպտեմբերի 26-ի համարում:

 

«ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ՕՐՀՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ». Հռոմի պապը ընդունվեց մեծամեծ պատիվներով

Երեկ կեսօրին ղազախական ավիաընկերության օդանավով Երեւան ժամանեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, խորհրդարանականները, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ եւ պաշտոնական այլ անձինք:

Հռոմի պապը ողջունեց հայ ժողովրդին եւ հայերեն մեզ բերեց Աստծո օրհնությունը:

Օդանավակայանում հսկայական բազմություն էր հավաքվել: Հնչում են Հայաստանի Հանրապետության եւ Վատիկանի պետական հիմները:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ողջունելով պատվարժան հյուրին, նշեց, որ Հռոմի պապի այցելությունն իրադարձություն է յուրաքանչյուր երկրի կյանքում: «Բայց այն մեզ համար ունի առանձնահատուկ արժեք ու նշանակություն, ասաց ՀՀ նախագահը: Սուրբ աթոռի ողջ պատմության մեջ սա հռոմեական-կաթոլիկական եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Հայաստան»: Մենք մեծ խորհուրդ ենք տեսնում այն փաստի մեջ, նշեց Ռոբերտ Քոչարյանը, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների ընթացքում, երբ մեր ողջ ժողովուրդը վկայակոչում է իր երախտավոր նախնիների հավատն ու կատարած մեծ գործերը: «Արդի աշխարհում, երբ մարդկությունը վկան է դառնում ատելության հրեշավոր դրսեւորումների, առավել քան թանկ են մեզ համար բարու, գեղեցիկի, եղբայրական սիրո համամարդկային արժեքները», ավելացրեց ՀՀ նախագահը:

Հայաստանում Հռոմի պապի այցելությանը սպասում էին տարիներ առաջ, երբ Հայ առաքելական եկեղեցու հովվապետ Գարեգին Ա-ն կաթոլիկ եկեղեցու քահանայապետին հրավիրել էր Հայաստան: Հայ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ բարեկամություն էր հաստատվել դեռ երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ հայրապետի օրոք: Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն իր ողջույնի խոսքում ասաց. «Ձերդ Սրբություն, Ձեր այցը Նոյ նահապետի երկիր նախախնամաբար իրականացավ ազգիս համար նշանակալի այս տարում, երբ համայն հայությունը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում խնդությամբ տոնախմբում է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700 եւ Հայաստանի ու Արցախի անկախ պետականության 10-ամյա հոբելյանները»:

Շնորհակալություն հայտնելով Հովհաննես Պողոս Երկրորդ պապին Սպիտակի երկրաշարժի աղետալի օրերին հայ ժողովրդին նեցուկ լինելու համար, Գարեգին Բ-ն ասաց. «Աղոթենք միասնաբար, սիրեցյալ եղբայր, ի Քրիստոս, որ Ձեր այցելությունն առավել սերտացնի մեր եկեղեցիների հարաբերությունները եւ սիրո շաղախով արդյունավորի մեր համագործակցությունը: Եվ թող Աստված հաճությամբ ընդունի եւ օրհնի Հայ եւ Կաթոլիկ եկեղեցիների եղբայրությունըՙ ի շահ Քրիստոսի եկեղեցու զորության, ի փառս Աստծո»:

Ապա խոսեց Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, որը հայերենով մի քանի նախադասությամբ օրհնեց հայ ժողովրդին եւ Հայաստանը: 1999 թ. մարտի 25-ին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում բացված «Հայաստան-Հռոմ. 2 հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հովհաննես Պողոս Երկրորդ պապին հրավիրել էր այցելելու Հայաստան: Հրավերն ընդունվել էր սիրով: Ու ահա, անցած մեկուկես տարվա ընթացքում Վատիկանի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը նախապատրաստվում էր այցին. նաեւ հայերեն սովորելով: Ուստի եւ «Զվարթնոց» օդանավակայանում, ապա նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նա մեկ-երկու նախադասություն ասում էր հայերենով. «Խորապես հուզվում եմ՝ մտածելով այս երկրում քրիստոնեության փառավոր պատմության մասին, որը, ավանդության համաձայն, իր սկզբնաղբյուրը գտնում է Թադեոս եւ Բարթուղիմեոս առաքյալների քարոզչության մեջ, ասաց Հովհաննես Պողոս Երկրորդ պապը: Հետագայում, Սուրբ Գրիգոր Լուսավորչի վկայության եւ գործունեության շնորհիվ, առաջին անգամ լինելովՙ քրիստոնեությունը դարձավ մի ամբողջ ազգի հավատք: Տիեզերական եկեղեցու տարեգրություններն ընդմիշտ հաստատելու են, թե ինչպես Հայաստանի բնակիչները եղան առաջինները՝ որպես ժողովուրդ, որոնք ընդունեցին մեր տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի շնորհը եւ ճշմարտությունը: Այդ հերոսական ժամանակներից սկսած, ձեր եկեղեցին երբեք չի դադարել Հայր Աստծո գովքը ներբողել»:

Պապը շեշտեց, որ հիմա դժվար ժամանակներ են, որ մարտահրավեր են կարդում ազգին եւ նրան ներշնչում քաջություն: «Յուրաքանչյուր ոք պետք է հաստատակամորեն որոշի սիրել իր երկիրը եւ զոհաբերել իր անձը նրա իրական բարգավաճմանը, ինչպես նաեւ նրա ժողովրդի հոգեւոր եւ նյութական բարօրությանը», ասաց Հովհաննես Պողոս Երկրորդը եւ իր խոսքն ավարտեց հայերենով. «Աստված թող օրհնի հայ ժողովուրդն ազատությամբ, բարեկեցությամբ եւ խաղաղությամբ»:

Այնուհետեւ պապը մեկնեց Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստ Մայր աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ հնչեց «Հրաշափառը»:

Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կրկին անգամ ողջունեց Հովհաննես Պողոս Երկրորդ պապին, այս անգամ Սբ. Էջմիածնում. «Գոհություն եւ փառք ենք մատուցում Բարձրյալին, որ բացվող նոր հազարամյակում, երկրորդ անգամ մենք ձեզ հետ միասնաբար աղոթք ենք առաքում առ Աստված՝ հանուն աշխարհում խաղաղության, ժողովուրդների մեծ սիրո եւ արգասավորման, ասաց Վեհափառ հայրապետը: Այսօր Տերը մեզ ունկնդիր է 1700-ամյա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Իջման Սուրբ սեղանի առջեւ, որ Աստծո հետ մեր ժողովրդի համահավաք հանդիպման խորին խորհուրդ, սրբություն սրբոցն է»:

«Թող բոլորի վրա իջնի Աստծո օրհնությունը, օրհնեց Հովհաննես Պողոս Երկրորդ պապը: Ուխտավորի իմ քայլերն առաջնորդեցին ինձ Հայաստան՝ գովերգելու Աստծուն Ավետարանի լույսի համար, որ 17 դարեր առաջ սփռվեց այս երկրում, այս վայրում, ուր Սրբ. Գրիգոր Լուսավորիչը ստացավ Աստծո Որդու երկնային տեսիլքը լույսի կերպարանքով»:

Անչափ հետաքրքիր էր, որ, ինչպես ասացինք, Հովհաննես Պողոս Երկրորդ պապն իր խոսքը համեմում էր հայերենով:

Եռօրյա այցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կհյուրընկալվի ՀՀ նախագահի նստավայրում, կայցելի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապում գտնվող մատուռ, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող Կաթողիկե եկեղեցի: Նորին սրբության եւ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի մասնակցությամբ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում այսօր տեղի կունենա էկումենիկ արարողություն, իսկ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի բաց խորանում կմատուցվի Սուրբ պատարագ՝ հռոմեական ծեսով: Պապը Երեւանից կմեկնի Վատիկան «Հայկական ավիաուղիների» ինքնաթիռով:

81-ամյա Հովհաննես Պողոս Երկրորդ պապն իր այս այցի ժամանակ բացառություն է արել, եւ պատվիրակության կազմում չի ընդգրկվել Վատիկանի արտաքին գործոց նախարարը՝ հաշվի առնելով միջազգային լարված իրավիճակը: Պապի Հայաստան այցի ժամանակ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկված կաթոլիկ քահանայապետի առողջության պահպանման համար: Հայաստանի առողջապահության նախարարությունը ուղեկցության համար հատկացրել է «շտապօգնության» երեք մեքենա եւ սրտաբանական բրիգադ: Հովհաննես Պողոս Երկրորդին ուղեկցում են նաեւ անձնական երկու բժիշկ:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

ԱԶԳ, թիվ 173, 26 սեպտեմբեր, 2001 թ.