Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)

39142

Ծանոթ. – Այս տարվա ապրիլի 13-ին ամբողջապես, առաջին անգամ գաղտնազերծելով Մադրիդյան փաստաթուղթը (https://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/), ԱՆԻ կենտրոնը գրել էր, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակի նաև այդ փաստաթղթից ածանցյալ Կազանի առաջարկությունը՝ աշխատանքային տարբերակը, որը 2011-ի հունիսին մերժել էր Իլհամ Ալիևը: ԱՆԻ կենտրոնը առաջին անգամ հրապարակում է ղարաբաղյան կարգավորման Կազանի փաստաթղթի առանցքային դրույթները՝ տարածքներ, կարգավիճակ, անվտանգություն, փախստականներ: Այսօր ճիշտ ժամանակն է հայ հանրությանը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տեղեկացնել Կազանի փաստաթղթի առանցքային մանրամասներին, քանի որ պաշտոնական Երևանը Բաքվի հետ միջնորդների, առաջին հերթին՝ Ռուսաստանի միջնորդությամբ, բանակցում է մեկ բան, իսկ հրապարակավ հայտարարություններում ասում բոլորովին այլ բան: Բացի այդ, այսօր ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ակնկալվում է ճեղքում և ճիշտ ժամանակն է, որպեսզի հայ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են բանակցում երկրի իշխանությունները:

Առաջիկայում ԱՆԻ-ն ներկայացնելու է այն առարկությունները, որ ունեցել է Ադրբեջանը Կազանում 2011-ի հունիսին՝ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ընթացքում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

 

ԿԱԶԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (աշխատանքային տարբերակ)

Տարածքներ

Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում  են Խաղաղության համաձայնագրով:

Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:

Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:

Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը:

Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային  հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:

Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Անվտանգության երաշխիքներ

Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից  դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ:

Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:

Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ

Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝

Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր և գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում  են Խաղաղության համաձայնագրով:

Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:

Ազատ կամարտահայտություն

Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում:

Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Լաչինի միջանցք

Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ:

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը:

Փախստականներ

Բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը կհայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունն ապահովված է:

Իրենց բնակավայրեր վերադարձած անձինք օգտվում են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց որևէ խտրականության:

Ապաշրջափակումներ

Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվում են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։

Դոնորների խորհրդաժողով

Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորների խորհրդաժողովը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծում են հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար։

Հանձնաժողովներ

Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ձևավորում են առանձին հանձնաժողովներ։ Այդ հանձնաժողովները գործում են կոնսենսուսի հիմունքներով և զբաղվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամկետների հստակեցմամբ, Լաչինի միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների և Քելբաջարի շրջանը ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակումով:

 

Լուսանկարում՝ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ձեռք են սեղմում, 20 հունիսի, 2016թ, Սանկտ Պետերբուրգ