Մասիս Մայիլյանի «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Արցախից» հատորը՝ ընթերցողի սեղանին

968

Այսօրվանից Երևանի ԱՐԹԲՐԻՋ սրճարան-գրախանութում վաճառքի է դրվել Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Արցախից» գիրքը։

Առաջիկա օրերին ռուսերենով լույս տեսած այս հատորը վաճառքի կհանվի Երևանի այլ գրախանութներում ևս:

Մայիլյանի գիրքը հրատարակել է «Դե ֆակտո» հրատարակչությունը: Այն իրենից ներկայացնում է գիտական հրատարակություն և տպագրության է երաշխավորվել Արցախի պետական համալսարանի Գիտական խորհրդի կողմից:

13162211_1015162031885795_1260801233_n

Գրքում ներկայացված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացման հարաշարժությունը և հիմնախնդրի փոխակերպումը դիմակայության ողջ ընթացքում։ Հրատարակության մեջ հանգամանորեն նկարագրվում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը 2008-2015 թվականներին, քննադատական վերլուծության են ենթարկվում հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների մոտեցումները, ներկայացվում են բանակցային փակուղուց դուրս գալուն և տարածաշրջանի կայուն ու անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկներ:

Գրքի նախաբանի հեղինակ, մոսկվաբնակ դիվանագետ և լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարովի կարծիքով՝ հրատարակության մեջ ժողովված հեղինակային նյութերը մի յուրատեսակ հանրագիտարան են բոլոր նրանց համար, ովքեր արհեստավարժորեն զբաղվում են բանակցային գործընթացով կամ էլ ուշիուշով հետևում են դրա ընթացքին:

Ժողովածուի մեջ ի թիվս այլոց ներկայացված են ղարաբաղյան կարգավորմ անառանցքային խնդրիրներ արծարծող հետազոտական հոդվածներ, ինչպես նաև՝ համեմատական վերլուծություն, որն անհրաժեշտ է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լավագույնս ընկալման համար:

Գրքի գրախոսականում քաղաքագիտության դոկտոր, «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ Մասիս Մայիլյանի աշխատությունը ունի ոչ միայն գիտական ու վերլուծական, այլև գործնական արժեք, քանի որ հեղինակն իր առջև դրել է խաղաղ գործընթացում հայկական կողմերի բանակցային դիրքերն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև միջազգային հանրությանը և առաջին հերթին բանակցային գործընթացի միջնորդներին ղարաբաղյան հակամարտության մոտեցումներն ու ընդհանուր համապատկերը իրատեսորեն ներկայացնելու ունակ առաջարկների ու լուծումների մշակման միանգամայն կոնկրետ նպատակներ:

Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի անդամ Գեղամ Բաղդասարյանը կարծում է, որ պաշտոնական բանակցային գործընթացում Մասիս Մայիլյանի բազմամյա մասնակցությունը և միջազգային հետազոտական ծրագրերում ներգրավվածությունը թույլ են տվել նրան գտնելու և հանրությանը, իշխանություններին ու միջազգային դերակատարներին առաջարկելու հակամարտության առանցքային խնդիրների լուծման նոր մոտեցումներ:

Ռուսերեն հրատարակված «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Ստեփանակերտից» գիրքը հասցեագրված է քաղաքական գործիչներին, դիվանագետներին, ռազմական փորձագետներին, պատմաբաններին, հակամարտաբաններին, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև՝ հարավկովկասյան տարածաշրջանի արդի պատմությամբ և հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց: