Կազանի փաստաթուղթը՝ Սանկտ Պետերբուրգում. Պուտին-Սարգսյան-Ալիև բանակություններին ընդառաջ

1181

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև մայիսի կեսերին Վիեննայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորումը ենթադրում է «փաթեթային կարգավորում՝ փուլային իրականացմամբ»:

Ավելի պարզ՝ Հայաստանը դեմ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակին:

«Փուլային տարբերակ» կամ «փուլային իրականացում» նշանակում է հակամարտության կարգավորման մեթոդաբանություն և ոչ՝ բովանդակություն, այսինքն՝ ամենավիճելի հարցերի լուծում փուլային եղանակով՝ փուլ առ փուլ՝ որոշակի հաջորդականությամբ, ինչպես օրինակ 1997-ի աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկությունը:

Ղարաբաղյան կարգավորման Կազանյան փաստաթղթում, որն անվանվում է նաև Լավրովի առաջարկություն և որն այսօր փաստացի սեղանի վրա է, ամենավիճելի հարցերը երկուսն են. տարածքների վերադարձ և կամարտահայտություն, ավելի ճիշտ՝ ինչպե՞ս ներդաշնակեցնել տարածքների վերադարձը Լեռնային Ղարաբաղում ապագայում կայանալիք կամարտահայտության հետ:

Կազանի փաստաթղթում առանցքային կետերն են.

առաջին՝ հայկական ուժերը դուրս են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին հարակից բոլոր շրջաններից, բացառությամբ Քարվաճառի և Լաչինի,

երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղակայվում են խաղաղապահ ուժեր,

երրորդ՝ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, այն է՝ դե-յուրե ամրագրվում է այսօրվա դե-ֆակտո իրավիճակը,

չորրորդ՝ Լեռնային Ղարաբաղը որոշակի պահի ստանում է կամարտահայտության, այն է՝ հանրաքվե անցկացնելու իրավունք, որի արդյունքներն Ադրբեջանն ընդունում է:

«Փաթեթային կարգավորում՝ փուլային իրականացմամբ» ձևակերպումը, որի հեղինակը ռուսական կողմն է և Էդվարդ Նալբանդյանը, նշանակում է, որ առաջին փուլում հայկական կողմը կատարում է հողային զիջումներ Ադրբեջանին:

Հինգ տարի առաջ՝ 2011-ի հունիսին, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Կազանում կայացած բանակցություններում Ադրբեջանը քննարկվող փաստաթուղթը փոփոխելու 10 առաջարկ ներկայացրեց, որի պատճառով բանակցությունները մտան խորը փակուղի:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև երկրորդ հանդիպումն է և առաջինը՝ Պուտինի նախաձեռնությամբ և մասնակցությամբ: Մայիսի 16-ին Վիեննայում Սարգսյանը և Ալիևը հանդիպել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ:

Անցնող աշնանը Բաքու, ապա Երևան այցելեց Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովի այցից հետո Կրեմլին մոտ կանգնած ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, ըստ որի՝ հայկական կողմը պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, բացառությամբ Լաչինի և գուցե՝ մեկ այլ շրջանի, որից հետո կտեղակայվեն ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ:

Բնական է, որ Ռուսաստանը ձգտում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում խփել վերջին մեխը՝ առաջարկել կամ պարտադրել լուծում, մի լուծում, որը կլինի ռուսական, և որից հետո Մոսկվայի դիրքերը Կովկասի տարածաշրջանում առնվազն չեն թուլանա:

1994-1997 թթ. Ռուսաստանը առաջարկել է կարգավորման մի քանի սևագրեր, որոնցում հստակ են հետևյալ հիմնական կետերը՝ Լեռնային Ղարաբաղին հարակից մի քանի շրջաններ վերադարձվում են Ադրբեջանին, տարածաշրջան են մտնում ռուս խաղաղապահներ՝ ԱՊՀ մանդատով (ինչպես եղավ Աբխազիայում 1994-ին), իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի հստակեցվում:

Այսօր ղարաբաղյան բանակցություններում Ռուսաստանի ակտիվությունը ուղեկցվում է Երևան-Մոսկվա նահանջ և Մոսկվա-Բաքու վերելք ապրող հարաբերություններով: Ռուսաստանը փորձում է Եվրասիական տնտեսկան միություն բերել նաև Ադրբեջանին և դրա համար Բաքվին հրապուրում է Լեռնային Ղարաբաղին հարակից մի քանի շրջանների վերադարձի խոստումով:

Ընդհանրապես, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ամենից վտանգավորը Մոսկվա-Բաքու մերձեցումն է, ինչի ականատեսն ենք վերջին շրջանում:

Այսօր Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների մեծ մասը: Մոսկվա-Բաքու մերձեցումին և Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու խոստումներին զուգահեռ Ռուսաստանը կարող է Հայաստանին համոզել, ապա ճնշել և ինչու ոչ՝ պարտադրել:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ողջ պատմության ընթացքում, որպես չորս (կարգավիճակ, տարածքներ, փախստականներ, անվտանգության երաշխիքներ) հիմնական կետերից մեկը միշտ էլ քննարկվել է տարածքների վերադարձի տարբերակը: Երևանն ու Ստեփանակերտը այդ զիջմանը պատրաստ են եղել գնալու կամ հրապարակավ հայտարարել են այդ մասին՝ պայմանով, որ նախ ամրագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այն է՝ նվազագույնը նրա վերադարձի անհնարինությունը Ադրբեջանի կազմ:

Եթե կարգավորման ռուսական ծրագիրը ենթադրում է տարածքների վերադարձ՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամրագրման, ապա դա կարելի է որակել ղարաբաղյան կարգավորման ռուսական վտանգ: Բանակցային գործընթացում առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այն է՝ ինքնորոշման իրավունքի ամրագրման, անթույլատրելի է խոսել Ադրբեջանին անգամ մեկ գյուղ զիջելու մասին:

Թաթուլ Հակոբյան