Նժդեհի կոչը Բարգուշատի, Զանգելանի, Զաբուղի և Հաջի-Սամլուի մուսուլմաններին. 1 հունիսի, 1921թ

5269

Բարգուշատի, Զանգելանի, Զաբուղի եւ Հաջի-Սամլուի շրջանների մուսուլմանական բնակչությանը

1 հունիսի 1921

Արդեն մեկ տարուց ավելի Ադրբեջանը գտնվում է բռնակալների իշխանության տակ: Այդքան ժամանակ Ադրբեջանի ամբողջ աշխատավորական ժողովուրդը կրում է ռուսական բոլշեւիզմի ծանր լուծը: Բոլշեւիզմն իրեն համարում է աշխատավոր ժողովրդի միակ եւ իսկական ներկայացուցիչը: Մինչդեռ իրականում ոտնահարում է այդ ժողովրդի բնական ու օրինական իրավունքները, զրկում նրան ազատ ինքնորոշման իրավունքից, ոչնչացնելով Ռուսաստանի Մեծ հեղափոխության բոլոր նվաճումները: Այժմ, ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ մեզ մոտ՝ Կովկասում, չկա անգամ ստվերը այդ մեծ շարժման եւ նվաճման: Գրեթե ամբողջ Կովկասը հեծում է ռուսական բոլշեւիզմի բեռի տակ. սկզբում Ադրբեջանը, հետո Հայաստանը, այնուհետեւ Վրաստանը: Կովկասի բոլոր ժողովուրդները հերթով կրել ու կրում են բոլշեւիկյան կառավարության ամբողջ դառնությունը: Միայն հպարտ Սյունիքն է, որ դեն նետելով օտար լուծը, ջարդելով 11-րդ բանակի զորամասերին, դրանով իսկ ազատագրել է ազատասեր երկրամասը բոլշեւիկների ճնշումից ու կամայականությունից:

Սյունիքի բնակչությունը, տոգորված բոլոր եւ հատկապես փոքր ժողովուրդների համար թանկ ազատությունը պաշտպանելու անհրաժեշտության գիտակցությամբ, ազատություն, որ արժեցել է աշխատավոր մարդկանց անհաշիվ կյանքեր, կտրուկ թոթափել է ռուսական բոլշեւիզմի լուծը եւ նորից պարզել Սյունիքի ազատության դրոշը: Ջարդելով կարմիր ավազակների խղճուկ գնդերին, անհաղթ Սյունիքը կարող էր օգտագործել իր հաղթանակը՝ «փառապանծ» 11-րդ բանակի խուճապահար փախչող մնացորդներին հետապնդել մուսուլմանական շրջաններով, մահացու հարվածներ հասցնել կարմիրներին: Սակայն իմանալով, որ ռազմական գործողությունները կարող են խիստ անդրադառնալ այդ տարածքների բնակչության բարեկեցության վրա, որ Սյունիքի արծիվների առաջխաղացումը մուսուլմանական տարածքներից ներս՝ թաթարներին կբերեր քայքայում ու աղքատություն, ես հրամայեցի դադարեցնել հակառակորդի հետագա հետապնդումը:

Այժմ ամբողջ Կովկասում թագավորում են բոլշեւիկնեի կամայականությունն ու խրախճանքը, եւ միայն անհաղթ Սյունիքի անմատչելի բարձունքներում է ծածանվում անկախության ու ազատության դրոշը: Բոլշեւիկները, լավ գիտակցելով, որ զենքի ուժով անկարելի է տիրել Սյունիքը, դիմել են խորամանկության, ձեռնարկել աշխարհի բոլոր սադրիչների կողմից փորձված սադրանքը եւ մի ազգը մյուսի դեմ հրահրելու միջոցը: Ռուսական բոլշեւիզմը, բաժանելով Կովկասի ժողովուրդներին ու սերմանելով ազգամիջյան թշնամություն, ցանկանում է ամրապնդել իր տիրապետությունը Կովկասում: Բայց չենթարկվեք այդ սադրանքին, քանզի ուժեղացնելով հակառակորդին, դրանով իսկ երկարացնում եք Կովկասում նրա մնալը եւ տիրապետությունը: Երբ բոլշեւիկները թողնեն Կովկասը, ինչպես դա տեղի ունեցավ 1918-ին, այդ դեպքում այստեղ կողք կողքի կմնանք մենք՝ բնիկ ժողովուրդներս: Ըստ այդմ, հրամայական անհրաժեշտություն է դառնում անկեղծ բարեկամությունը եւ գործողությունների միասնությունն ընդդեմ ընդհանուր հակառակորդի: Բայց դժբախտաբար ոչ բոլորն են գիտակցում ընդհանուր գործի համար այդ անհրաժեշտությունը: Կան շրջաններ, որոնք իրենց գործողություններով միայն մեծացնում եւ ամրապնդում են բոլշեւիզմի ուժը: Դրա համար ստեղծվում է բոլշեւիզմի համար միանգամայն ցանկալի ազգային թշնամանքի եւ երկպառակության մթնոլորտ: Ես առաջարկում եմ հանուն ժողովուրդների համերաշխության եւ մեր երկրի օտար լծից մաքրելու ընդհանուր գործի, ստանձնել նախաձեռնություն՝ հասկացնելու, համոզելու մինքենդցիներին՝ դադարեցնել ասպատակությունները, որոնք ուժեղ կերպով նյարդայնացնում են Սյունիքին եւ հող ստեղծում անցանկալի տրամադրություների եւ գործողությունների համար: Հույս ունեմ, որ խելամտությունը եւ անհաշիվ զոհեր տված մարդկանց ու Կովկասի բոլոր ժողովուրդների գալիք լուսավոր կյանքի առաջ պատասխանատվության զգացումը բարձր կկանգնեն բոլշեւիկների նկատմամբ, եւ մինքենդցիները կգիտակցեն իրենց սխալները ու կդադարեցնեն Մոսկվայի լծից ժողովուրդների ազատագրության դեմ ուղղված կործանարար գործողություները:

Թող կորչեն բոլշեւիկները եւ եկվորների լուծը:

Կեցցե՛ Կովկասի ժողովուրդների եղբայրությունն ու համերաշխությունը:

Գեներալ Նժդեհ:

Հրապարակվում է ըստ Գարեգին Նժդեհ, Երկեր, հ. 2, Երեւան 2002

http://hambardzum.am/hy/xosq/nizhdeh-koch-turker.html