ԱՆԻ կենտրոնը դատապարտում է Արցախում Հայկ Խանումյանի հանդեպ իրականացված անմարդկային հաշվեհարդարը

1235

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, որպես Արցախյան հարցով մասնագիտացված հաստատություն, դատապարտում է Ստեփանակերտում Հայկ Խանումյանի հանդեպ իրականացված անմարդկային, ոչնչով չարդարացված հաշվեհարդարը:

Խանումյանի նկատմամբ իրականացված քստմնելի, ստոր հանցագործությունը չի կարող չունենալ քաղաքական ենթատեքստ, քանի որ նա Արցախի Ազգային ժողովի պատգամավոր է, Արցախում գրանցված և օրինական գործող քաղաքական կուսակցության համահիմնադիր ու ղեկավար:

Փաստացի, Խանումյանը միակ ընդդիմադիր պատգամավորն է, ով հետևողականորեն քննադատել է իշխանությունների քաղաքականությունը տարբեր հարցերում, բայց նաև կառուցողական դիրքորոշում ունեցել նույն այդ իշխանությունների կողմից որդեգրված այլ նախաձեռնությունների նկատմամբ:

Խանումյանը և նրա երիտասարդ կուսակիցները, ստեղծելով Ազգային վերածնունդ կուսակցությունը և հաղթահարելով խորհրդարան անցնելու հինգ տոկոսի շեմը առաջին իսկ իրենց ընտրություններում՝ նոր ոճ, նոր մշակույթ, նոր շունչ և նոր երանգ էին բերել Արցախի ներքաղաքական դաշտ:

Խանումյանի հանդեպ այս ոճրագործ արարքը առաջին հերթին վնասում է Արցախի ժողովրդավարական իմիջին և հարվածում հայկական երկրորդ, չճանաչված հանրապետության հեղինակությանը՝ նրան դնելով նույն նժարի վրա բռնատիրական Ադրբեջանի հետ, որտեղ այլակարծությունը խեղդվում է ծեծ ու ջարդի, բանտարկության միջոցով և կյանքի հանդեպ սպառնալիքներով:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Արցախի իշխանություններին, առաջին հերթին՝ իրավապահ մարմիններին, հորդորում է չկոծկել օրը ցերեկով կատարված հանցագործությունը, շուտափույթ կերպով ձերբակալել հանցագործներին և նրանց պատժել օրենքի ողջ խստությամբ:

Հայկ Խանումյանի նկատմամբ ստորագույն հանցագործության պատասխանատուն Արցախի բարձրագույն իշխանություններն են, եթե ժամ առաջ հանցագործները չկանգնեն դատարանի առաջ:

Հակառակ դեպքում, ոչ միայն  կասկածի տակ է դրվելու Արցախի իշխանությունների՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը նվիրված լինելու հայտարարությունները, այլև սեպ է խրվելու Հայաստան-Արցախ արհեստական տարանջատման մեջ, ինչպես դա եղավ Ժիրայր Սեֆիլյանի և նրա համախոհների հանդեպ Բերձորում իրականացված բռնությունների օրերին:

Դատապարտելի են նաև Արցախի իշխանական և իշխանամերձ շրջանակների ակնարկները Հայկ Խանումյանի՝ բնիկ արցախցի չլինելու իրողության շեշտադրելը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

7 հունիս, 2016թ., Երևան

D7F3D4BA-1668-4D1C-A7F3-B8566DF49C03_w640_r1_s

Իր հանդեպ իրականացված հանցագործությունից հետո Հայկ Խանումյանը Ֆեյսբուքյան էջում գրել էր.

Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է: Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ: Ես Արցախից որևէ տեղ չեմ գնալու, իմ գլխավոր նպատակը այն է, որ Արցախը դառնա գործոն , պաշտպանված լինի և ոչ ոք Արցախի ճակատագիրը բազարի առարկա չդարձնի: Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են, տվյալները կփոխանցվեն մեկ այլ ընկերների:

Հայկ Խանումյանին դաժանաբար ծեծել են զինվորական հագուստով անձինք

Հայկ Խանումյանը հիվանդասենյակում «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ հունիսի 6-ին, երբ դուրս է եկել Ազգային ժողովի շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել: