Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

744

Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ձայների ճնշող մեծամասնությամբ՝ մեկ դեմ և ձեռնպահ քվեներով:

Իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեա-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունների ներկայացրած համատեղ բանաձևը վերնագրված է՝ «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»:

Բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Բունդեսթագի շենքի՝ Ռայխսթագի առաջ և ծափողջյուններով, երգով ու պարով ընդունեցին բանաձևի ընդունման մասին լուրը, հաղորդում է Ազատությունը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բանաձևի ընդունումից րոպեներ անց հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի քայլը:

Քվեարկության նախօրեին պաշտոնական Անկարան ամենաբարձր՝ նախագահի ու վարչապետի մակարդակով նախազգուշացրել էր, որ փաստաթուղթի ընդունման դեպքում Թուրքիան կվերանայի Գերմանիայի հետ քաղաքական, ռազմական ու տնտեսական կապերը:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում», – ասված է նախարարի հայտարարությունում:

Նալբանդյանն ընդգծել է, որ «մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը»։

Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը, ասված է հայտարարությունում, որը հրապարակված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում: