Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ Արք. Մարտիրոսյանի հովանավորությամբ եւ ներկայությամբ, Համազգայինի Շրջանային վարչության եւ Ասպարեզ օրաթերթի կազմակերպությամբ` Լոս Անջելեսում, մայիսի 26-ի երեկոյան, լրագրող Թաթուլ Հակոբյանը Արցախյան 4-օրյա պատերազմի, ներկա իրավիճակի եւ բանակցությունների մասին հրապարակային զեկույց է ունեցել շուրջ 150 հոգանոց լսարանի առաջ։
Հանդիպումը, որ տեղի է ունեցել Ազգային Առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր Ղազարեան» սրահում, բացել եւ վարել է Ասպարեզ օրաթերթի գլխավոր խմբագիր Աբո Պողիկյանը։Ներկա էին հոգեւորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, ամերիկահայ ազգային կառույցների ներկայացուցիչներ, Թաթուլ Հակոբյանի ընթերցողներ։
Շուրջ երկու ժամ տեւած ելույթից եւ հարց ու պատասխանից հետո տեղի է ունեցել Թաթուլ Հակոբյանի եւ ԱՆԻ կենտրոնի հրատարակությունների շնորհանդես-վաճառք։ Ներկաներին ներկայացվել են Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախեան օրագիր», «Karabakh Diary: Green and Black», «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը», «Armenians and Turks», Եղիշէ Քաջունու «Զօրավար Անդրանիկ» գրքերը եւ ԱՆԻ կենտրոնի վերջերս հրատարակած «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով հաստափոր հատորը (Հովհաննես Քաջազնունի- «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Սիմոն Վրացյան- «Խարխափումներ», Արշակ Ջամալյան- «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբէն Դարբինեան- «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյան- «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»):
Ձեռնարկի ավարտին Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ Արք. Մարտիրոսյանը Թաթուլ Հակոբյանին նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող հուշանվեր, ապա տեղի է ունեցել հյուրասիրություն։
Թաթուլ Հակոբյանի Միացյալ Նահանգներ այցը ֆինանսավորել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:
Թաթուլ Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):
Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ։
Լրագրող Թաթուլ Հակոբյանին մի քանի շաբաթ առաջ շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:
Լուսանկարները՝ Արսեն Հովհաննիսյանի