1918-ի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանը՝ առանց “անկախություն և հանրապետություն” բառերի։
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»,- ասվում էր հռչակագրում։
Այն օրերին, երբ հայ ժողովուրդը թուրքական հարձակման դեմն առնելու համար կենաց ու մահու պայքար էր մղում Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում, հայ քաղաքական գործիչները Թիֆլիսում կանգնել էին անելանելի ընտրության առաջ։ Օրվա քաղաքական գլխավոր ուժը՝ ՀՅԴ-ն, բացի իր մի քանի առանցային անդամների՝ Ավետիս Ահարոնյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի ու Արտաշես Բաբալյանի, հակված էր Հայաստանի անկախության գաղափարին։
Անկախության հարցում տարակույսներ ունեին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անկուսակցական և էսեռ՝ սոցիալիստ հեղափոխական անդամները։ Այդ մարդիկ ոչ թե դեմ էին Հայաստանի անկախությանը ընդհանրապես, այլ, հաշվի առնելով թուրքական մահաբեր սպառնալիքն ու դեպի Երևան արշավանքը, մտածում էին, որ թուրքերի դեմ մնում են միայնակ։
ՀՅԴ-ն, սակայն, իր մեծամասնությամբ, կողմ արտահայտվեց անկախությանը և դա կուսակցության ճակատագրական և արդարացված որոշումներից է։
Ճիշտ է նաև, որ ՀՅԴ Բաքվի կոմիտեն, որ համագործակցում էր բոլշևիկ Ստեփան Շահումյանի հետ, դեմ արտահայտվեց Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի որոշմանը և այն որակեց հայ ժողովրդի կամքի ոտնահարում։
Հայաստանի անկախությանը անվերապահորեն դեմ էին արտահայտվում ՍԴՀԿ-ն և հայ բոլշևիկները։ Վերջիններիս դիրքորոշումը պարզ էր՝ հայ ժողովուրդը չի կարող ապրել առանց Ռուսաստանի և ռուս բոլշևիկների։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդրկովկասյան կենտրոնական վարչությունը բողոքեց Հայաստանի անկախության հռչակագրի կապակցությամբ, այն որակելով անօրինական, իսկ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը` ինքնակոչ մարմին, որն ուզուրպացնում է հայ ժողովրդի ազատ իրավունքները: