ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅՐԵՆԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ, ԼՐԱԳՐՈՂ ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆԻ ՀԵՏ
ԾԽ. Հայոց Ցեղասպանութեան 101 ամեակի ոգեկոչումներուն ծիրէն ներս yerepouni-news.com հարցազրոյցներու շարք մը ունեցաւ ծանօթ մտաւորականներու, պատմաբաններու, գրող եւ մտաւորականներու հետ, զորս հերթաբար կը ներկայացնենք մեր ընթերցողներուն:
Հարց – Հայաստանի Առաջին Հանրապետութեան ժամանակաշրջանին ինչպիսի՞ն եղած է հայ-թուրք յարաբերութիւններու ընթացքը: Այդ յարաբերութիւններուն հիմքը: Հայկական պատուիրակութիւններ յաճախ ներկայ գտնուած են Թուրքիոյ խորհրդարանի նիստերուն: Ինչպիս՞ի մակընթացութիւն եւ տեղատուութիւն ապրած են այդ յարաբերութիւնները:
Պատասխան – Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում՝ 1918-1920/21 թվականներին, հայ-թուրքական հարաբերությունները եղել են բարդ, հակասական՝ լի մակնընթացություններով ու տեղատվություններով: Առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանը, հենց Օսմանյան Կայսրությունն էր: Դա տեղի ունեցավ Բաթումի 1918թ. հունիս 4-ի դաշնագրով: Հովհաննես Քաջազնունու կառավարությունը, այդ թվում ներքգործնախարար Արամ Մանուկյանը կողմնակից էին բարիդրացիության և Բաթումի Հաշտության և Բարեկամության պայմանագրի տառի և ոգու պահպանման: Դա հասկանալի էր, քանի որ, Օսմանյան կայսրությունը, գտնվելով իր անկման մայրամուտին, այնուամենայնիվ, հզոր և ճակատագրական ուժ էր Հայաստանի համար, որն ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետր էր՝ լիքը գաղթականներով ու սովահար բնակչությամբ: Այսօր, տարիների հեռվից դյուրին է քննադատել Քաջազնունու կառավարությանը, սակայն պետք է գիտակցել, որ նոր հայ-թուրքական պատերազմը կարող էր և կործանել նորաստեղծ հայկական պետականությունը:
Երբ 1918-ի աշնանը Իթթիհատական վարչակազմը հեռացավ իշխանությունից, հայ-թուրքական հարաբերությունները փոխվեցին: Դրանք առավել բարդացան այն իմաստով, որ հայերը դժվարանում էին կողմնորոշվել, թե ում հետ պետք է գործ ունենան՝ Պոլսում նստած և իշխանությունը կորցնող սուլթանի՞, իշխանության եկող քեմալականների՞, թե՞ հույս դնել Անտանտի դաշնակիցների վրա: Ի վերջո, հաղթեց երրորդ ուժին փարվելու տեսակետը և հայկական պատվիրակությունը խանդավառված ստորագրեց Սևրի դաշնագիրը 1920-ի օգոստոսին: Ընդամենը մեկ-երկու ամիս անց քեմալականները՝ Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ հարձակվեցին Հայաստանի վրա, առանց մարտերի գրավեցին Կարսը, ապա Ալեքսանդրապոլը և շարժվեցին դեպի Երևան: Հայաստանի ղեկավարությունը ստիպված էր Ալեքսանդրապոլում կնքել նոր պայմանագիր թուրքերի հետ: Դրանք դժնդակ օրեր և շաբաթներ էին: Հայաստանը հարձակման էր ենթարկվել թուրքերի և բոլշևիկների կողմից: Ի վերջո, Հայաստանը կորցրեց անկախությունը՝ մասն կազմելով Խորհրդային Միությանը:
1918-1920/21 թվականների հայ-թուրքական հարաբերությունների մասին հակիրճ դժվար է խոսել: Ասեմ, որ ես իմ “Հայերը և թուրքերը” գրքում այդ երկուսուկես տարիների հարաբերություններին նվիրել եմ ավելի քան 50 էջ: Միայն հավելեմ, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն ուներ Պոլսում և նաև Կարսում, երբ քեմալականները գրավեցին քաղաքը, իսկ Թուրքիան դեսպանություն ուներ Երևանում և հյուպատոսություն Ալեքսանդրապոլում, այսօրվա Գյումրիում: Ու թեև Հայաստանը մաս կազմեց Խորհրդային Միության, թուրքական դեսպանությունը Երևանում աշխատեց մինչև 1923-ի հոկտեմբերի 22-ը, երբ հայերը հարձակվեցին և դեսպանության վրայից իջեցրին թուրքական դրոշը, որի պատճառ դարձավ, որ թուրք դեսպանը հեռանա Հայաստանից: Իսկ Գյումրիի հյուպատոսությունը գործում էր մինչև 1925 թվականը: Ի դեպ, այսօր այդ շենքում է տեղակայված ՀՅԴ Շիրակի մարզային կառույցը: Դա այն շենքն է, որտեղ Կարաբեքիրը ՀՅԴ ղեկավարությանը 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին պարտադրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Հարց – Այսօրուան դրութեամբ, որո՞նք կրնան ըլլալ հայ-թրքական փոխյարաբերութիւններուն հիմքերը:
Պատասխան – Այս հարցին պետք է կարճ պատասխան տամ՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Թուրքիան պետք է վերջ տա Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելու, Հայաստանը շրջափակման տակ պահելու թշնամական քաղաքականությանը: Որպես առաջին քայլ կարող է լինել Հայաստանի ապաշրջափակումը: Հայաստանը այս հարցում զիջումների և փոխզիջումների տեղ չունի: Հայաստանը չի շրջափակել սահմանը:
Հարց – Ձեր կարծիքով, Հայաստանի կողմէ առաջադրուող «առանց նախապայմաններու» փոխյարաբերութիւններ վարելու «տոքթորին»ը բաւարար է, հայ-թուրք յարաբերութիւններուն համար:
Պատասխան – Այո, բայց կա մի մեծ ԲԱՅՑ: Թուրքիան կարծում է, որ Հայաստանը, հաշվի առնելով շրջափակման իրողությունը և Արցախի չկարգավորված հակամարտությունը, ծնկի կգա: Հայաստանը ծնկի չեկավ՝ կրելով զրկանքներ: Հայաստանը պետք է դառնա նորմալ ժողովրդավարական, իրավական պետություն, ավելի զարգացած պետություն, քան Թուրքիան է: Հայաստանը պետք է դառնա գործոն տարածաշրջանում, որպեսզի Թուրքիան հաշվի նստի հայերի հետ:
Հարց. Իրան – Հայաստան գործընկերութիւնը որքանո՞վ յաջողած է շրջանցել Թուրքիոյ կողմէ Հայաստանի շրջափակումը: Անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականութեան վրայ Իրանի գործօնին:
Պատասխան – Իրանը չափազանց կարևոր պետություն է Հայաստանի համար: 1991-94 թթ. Հայաստանը արտաքին աշխարհի հետ ուներ հուսալի մեկ պատուհան և դա Իրանն էր: Հետագայում, երբ Վրաստանը դուրս եկավ ներքաղաքական պատերազմից, Հայաստանը ավելի հեշտ շունչ քաշեց: Այսօր Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 70 տոկոսը կատարվում է Վրաստանի տարածքով: Հենց Վրաստանով ենք մենք ցամաքային կապ հաստատում Ռուսաստանի հետ: Վրաստանի տարածքով է Հայաստանը ստանում բնական գազ: Կարող ենք ասել, որ Իրանը և Վրաստանը դարձել են թուրքական տրանզիտի այլընտրանք: Այսօր, երբ Իրանը շրջափակումից դուրս է եկել, Հայաստանի առաջ կարող են բացվել այլ հեռանկարներ: Բայց դրա համար պետք է աշխատել:
Հարց – Իրանը իբրեւ շրջանային եւ միջազգային պետութիւն ինչպիսի դերակատարութիւն կրնայ ունենալ Արցախի հակամարութեան լուծումին մէջ:
Պատասխան – Իրանը կարևոր հակակշիռ է թյուրքական երկու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի դիմաց, որոնք ձգտում են շրջափակման քաղաքականությամբ ծնկի բերել Հայաստանին և զիջումներ կորզել նրանից: Իրանը, հրապարակային հայտարարություններով աջակցել է Ադրբեջանին, ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը, սակայն ռեալ քաղաքականության մեջ հավասար հեռավորություն է պահել և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից: Կարող եմ ասել, որ Իրանը Արցախի հարցում դրսևորել է կառուցողական չեզոքություն, բայց դա չեզոքություն է, որից Հայաստանը օգտվել է ամենադժվար օրերին՝ 1991-94 թվականներին: Իրանի չեզոքությունը, ինչ-որ իմաստով եղել է հայանպաստ չեզոքություն: Հաշվի առնելով, որ այսօր Արցախյան կարգավորման մեջ ներգրավված են երեք համաշխարհային ուժային կենտրոններ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, դժվար է պատկերացնել, որ Իրանի համար միջնորդության տեղ կգտնվի: Բայց միանշանակ է, որ ամեն մի կարգավորում, որ կլինի ընդդեմ Իրանի, առաջ կբերի Թեհրանի հակազդեցությունը:
Հարց – Մօտաւորապէս 25 տարիներ անցած են Արցախի Հանրապետութեան յայտարարութեան: Ինչպիսի իրագործումներ եւ բացթողումներ կը տեսնէք Արցախի պետականութեան ամրապնդման ուղղութեամբ:
Պատասխան – Այսօր հայ զինվորները կանգնած են և պաշտպանում են 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստան և Արցախ: Սա ինքնին մեծագույն ձեռքբերում է հայոց պատմության համար և ոչ միայն վերջին տարիների կտրվածքով: Հայ ժոողովուրդը հաղթել է ռազմի դաշտում և այսօր պայքարը տեղափոխվել է տնտեսական և դիվանագիտական դաշտ: Բազմաթիվ սխալներ կարելի է նշել և՛ Հայստանում, և՛ Արցախում՝ կոռուպցիա, ժողովրդավարության պակաս, սոցիալական անարդարություն, անարդար ընտրություններ և այլն: Սրանք խնդիրներ են, որոնք կարոտ են լուծման:
Հարց – Հայաստանի եւ Սփիւռքի աջակցութիւնները բաւարար են արդեօք Արցախի մէջ հայկական ինքնութիւնը, լեզուն, պետականութիւնը պահպանելու եւ զօրացնելու ողղութեամբ:
Պատասխան – Մենք չպետք է ակնկալենք, որ Արցախը առաջիկայում միջազգային ճանաչում կստանա: Անշուշտ, լավ կլիներ, որ ճանաչվեր, սակայն մեր դժվարությունները չճանաչված լինելու մեջ չեն: Չճանավածության պատճառով չէ, որ Արցախում առկա են այն հոռի երևույթները, որոնք առավել ակնհայտ դրսևորվում են Հայաստանում: Այո, մե՛նք պետք է փորձենք լուծել մեր խնդիրները: Սփյուռքը կարող է կարևոր դերակատարություն ունենալ և նախորդ տարիներին ունեցել է: Բայց ժամանակն է, որ բարեգործությունից անցում կատարվի փոխադարձ շահի քաղաքականությանը: Սփյուռքը, սփյուռքյան կազմակերպությունները, անհատները պետք է մտածեն Արցախում ներդրումների և եկամուտ ստանալու մասին: Պետք է հասկանանք, որ Արցախից եկամուտ ստանալը ամոթ բան չէ: Այո, ավելի լավ է ներդրում անել Արցախի հողում, դրանից շահ ստանալ, քան շարունակել մարդասիրական օժանդակությունը:
Հարց – Այսօրուան դրութեամբ, ինչպիս կը տեսնէք Արցախի հակամարտութեան լուծումը:
Պատասխան – Նախ, պետք է հասկանանք, թե ինչ ասել է ԼՈՒԾՈՒՄ: Շատ հայեր, հատկապես վերջին տարիներին, համոզված են, որ լուծումը այսօրվա ստատուս-քվոն պահել-ամրագրելն է, այսինքն՝ Ադրբեջանին չպետք է զիջել անգամ մեկ թիզ հող: Եվ այս համոզմունքը տարեցտարի խորանում է, քանի որ նաև դրան նպաստում է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն ու հակամարտությունը նոր պատերազմով լուծելու ամենօրյա սպառնալիքը: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ կողմ են Մադրիդյան փաստաթղթի հենքով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Մադրիդյան սկզբունքները, ինչպես նաև նախորդ 25 տարիներին միջազգային միջնորդների ներկայացրած առաջարկները՝ 1997-ի փաթեթային և փուլային փաստաթղթերը, Ընդհանուր պետության կոնցեպտը, Քի Վեսթի բանակցությունները ենթադրում էին և ենթադրում են հողային զիջումներ: Կարող եմ ասել, որ այսօր հակամարտության մեջ ներքաշված կողմերը շատ ավելի են հեռու որևէ լուծումից, քան 5, 10 կամ 15 տարի առաջ: Այս պայմաններում, երբ ամեն շաբաթ Հայաստան-Ադրբեջան սահմանում կամ Արցախ-Ադրբեջան շփման գծում զինվորներ են սպանվում, դժվար է ակնկալել կառուցողական երկխոսություն կողմերի միջև: Մենք կարող ենք խոսել որևէ լուծման մասին միայն այն բանից հետո, երբ սահմաններում տիրի հանգիստ, կողմերը չօգտագործեն թշնամական քարոզչություն և դադարեցնեին սպառազինությունների մրցավազքը:
Ահարոն Շխըրտմեան
http://www.yerepouni-news.com/archives/243166#more-243166