Գրիգոր Զոհրապ, Հովհաննես Վարդգես Սերենգյուլյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան, Պետրոս Հալաջյան…

2588

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը մեր հիշողության մեջ կմնա Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի ելույթով ու ավելի քան 100 տարի առաջ սպանված ու աքսորված հայ պատգամավորների վեր պարզած լուսանկարներով:

2016-ի Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ թուրքական խորհրդարանի ամբիոնից Փայլանը Թուրքիայի ազգային մեծ ժողովին առաջարկեց հետաքննություն սկսել և պարզել օսմանյան խորհրդարանի ազգությամբ հայ յոթ պատգամավորների սպանության պատճառները:

Մոտ 10 րոպե տևած իր զգայացունց ելույթում Փայլանը հնչեցրեց երիտթուրք ոճրագործների անունները՝ Թալեաթ փաշա, Էնվեր փաշա, Ջեմալ փաշա, ընդգծելով, որ Թուրքիայում նրանց անուններով բազմաթիվ փողոցներ կան:

Անընդունելի համարելով այդ իրողությունը, Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Փայլանը իր և իր թուրք գործընկերների համար «պատվի խնդիր» համարեց օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների աճյունների հայտնաբերումն ու հավուր պատշաճի հուղարկավորումը:

Իր ելույթից առաջ Փայլանը խորհրդարանի դահլիճում, որտեղ նստում են պատգամավորները, դրել էր սպանված և աքսորված հայ պատգամավորների մեծադիր նկարները: Փայլանը խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել, աքսորվել և սպանվել են հարյուրավոր հայ մտավորականներ, այդ թվում՝ 7 պատգամավորներ:

Փայլանը խորհրդարանի ամբիոնից հեռացավ՝ մեկ առ մեկ հնչեցնելով և ցուցադրելով 1915 թվականին աքսորված ու սպանված հայ պատգամավորների նկարները՝ Գրիգոր Զոհրապ, Հովհաննես Վարդգես Սերենգյուլյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան, Պետրոս Հալաջյան…

«Բարև ձեզ»-ով սկսած իր ելույթը Փայլանը ավարտեց նույնպես հայերենով՝ «Աստված իրենց հոգին լուսավորե»: