Կազանի փաստաթուղթը 1997-ի փուլայինն է՝ հանրաքվեի հեռանկարով

2322

2011 թվականի հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա առաջնորդ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը, իր փիլիսոփայությամբ հիշեցնում է 1997-ի փուլային առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի հեռանկարով:

Այսօր էլ Հայաստանի ղեկավարությունը համաձայն է ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների մասին  այդ փաստաթղթի հետ որպես բանակցությունների հիմք (գոնե հրապարակավ հայտարարում է), որը ենթադրում է հետևյալ քայլերը ըստ հերթականության:

Առաջին. հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններից (մոտ 4 հազար քառակուսի կիլոմետր):

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպես նաև Քարվաճառն (Քելբաջար) ու Լաչինը ստանում են ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև քվեարկությամբ իրավական վերջնական կարգավիճակի հստակեցումը, կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, կարող են ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությունը:

Երրորդ. Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանված անձինք: Ստեղծված նոր ստատուս քվոյի պայմաններում Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Քարվաճառի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անց է կացվում քվեարկություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը:

Չորրորդ. Լեռնային Ղարաբաղում անց է կացվում վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն:

Ահա սրանք են Կազանյան փաստաթղթի առանցքային կետերը: Սրանից բացի՝ կան մի շարք այլ կետեր և մանրամասներ, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ, մասնավորապես՝

ինչպե՞ս են շաղկապվելու Քարվաճառի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի՝ քվեարկության ժամկետները,

միջանկյալ կարգավիճակից հետո Քարվաճառը ե՞րբ է անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ,

ե՞րբ են վերադարձվելու Լաչինի շրջանի ոչ միջանցքային մասերը,

ինչպիսի՞ կարգավիճակ է ունենալու Լաչինի միջանցքը,

Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի քվեարկությանը ովքե՞ր իրավունք ունեն մասնակցելու և ի՞նչ համամասնությամբ:

Կազանի փաստաթուղթը մերժել է Ադրբեջանը՝ ներկայացնելով մոտ մեկ տասնյակ փոփոխություններ:

Կազանի փաստաթուղթը իր փիլիսոփայությամբ շատ մոտ է 1997-ի փուլային տարբերակին, որին, բազմաթիվ վերապահումներով, Հայաստանի առաջին նախագահը իր համաձայնությունն էր տվել, սակայն իշխանության ուժային թևը՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ստիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ:

Սերժ Սարգսյանը ևս դեմ էր փուլային լուծմանը, որին վերադառնում է 20 տարի անց:

Այնուամենայնիվ, Կազանի փաստաթուղթը փուլայինից ունի մեկ առավելություն՝ խոստացված հանրաքվեն կամ քվերակությունը: Ադրբեջանը դեմ չէ որևէ քվեարկության, սակայն մերժում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել անկախ:

Կազանի փաստաթղթին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկա օրերին:

Թաթուլ Հակոբյան

Առաջարկվում է կարդալ նաև.

1997թ. փաթեթային առաջարկը՝ https://www.aniarc.am/2016/04/21/nk-package-1997-july/

1997թ. փուլային առաջարկը՝ https://www.aniarc.am/2016/04/21/step-by-step-1997-december-nk/

1998թ. ընդհանուր պետությունը՝ https://www.aniarc.am/2016/04/22/common-state-1998-nk/

2007թ. Մադրիդյան առաջարկը՝  https://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/