ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԻՐԻԱԿԱՆ “AL WATAN” ԹԵՐԹԻՆ
22 մարտի, 2010 թվական, http://www.president.am/hy/interviews-and-press-conferences/item/2010/03/22/news-46/
Հարց – Դուք բազմիցս նշել եք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղ բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումների վրա: Ո՞րոնք են այդ զիջումները Հայաստանի պարագայում:
Սերժ Սարգսյան – Ես միշտ նշել եմ, որ որևէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների եւ ոչ թե հետևանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսևորումները:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով` ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում: Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տևած, ծրագրված ռազմական գործողություն Արցախի դեմ. օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում Ստեփանակերտի վրա:
Դրան ի պատասխան` Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր:
Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները: