ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն
հուլիս, 1997թ.
Նախաբան
Կողմերը, լիովին ըմբռնելով խաղաղության և համագործակցության առավելությունը հանուն իրենց ժողովուրդների բարգավաճման և բարեկեցության, լի են Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնելու վճռականությամբ: Ստորեւ շարադրված կարգավորումը հիմք կստեղծի Կովկասի միասնական տնտեսական զարգացման համար` հնարավորություն տալով այս տարածաշրջանի ժողովուրդներին ապրել բնականոն և արդյունավետ` ունենալով ժողովրդավարական հաստատություններ, աճող բարեկեցություն, խոստումնալից ապագա: Այս համաձայնագրին համապատասխան համագործակցությունը կհանգեցնի բնականոն հարաբերությունների ողջ տարածաշրջանում` առևտրի, տրանսպորտի և կապի ոլորտներում` հնարավորություն տալով մարդկանց միջազգային կազմակերպությունների միջոցով վերականգնել իրենց քաղաքներն ու բնակավայրերը, հաստատել կայունություն, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում արտաքին կապիտալ ներդրումների ծավալի էական մեծացման համար, և ճանապարհ բացել փոխշահավետ առևտրի համար, ինչը կհանգեցնի բոլոր մարդկանց բնական բարգավաճմանը, ինչի նախադրյալները դրված են կովկասյան տարածաշրջանում: Հաշտությունն ու համագործակցությունը մարդկանց միջև նրանց ահռելի ներուժը կծառայեցնեն ի շահ իրենց հարևանների և աշխարհի ժողովուրդների:
Համապատասխանաբար, կողմերը, լինելով հավատարիմ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու որոշումներին և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և վճռականություն ցուցաբերելով նպաստել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874, 884 որոշումների ամբողջական իրականացմանը, սույնով համաձայն են ձեռնարկել զինված հակամարտության դադարեցման և բնականոն հարաբերությունների վերականգնման մասին թիվ 1 համաձայնագրում արձանագրված միջոցները և համաձայնության հասնել ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ, ինչպես շարադրված է թիվ 2 համաձայնագրում:
Համաձայնագիր թիվ 1. զինված հակամարտության դադարեցումը
Կողմերը համաձայնում են`
- ձեռնպահ մնալ միմյանց միջև վեճերի կարգավորման նպատակով զինված ուժի օգտագործումից, այդ թվում` սույն համաձայնագրի իրականացման ընթացքում:
- դուրս բերել զինված ուժերը երկու փուլով:
Առաջին փուլում ԼՂ-ից դեպի արևելք և հարավ ընկած ներկայի շփման գծերի վրա տեղակայված ուժերը կհեռացվեն մի քանի կիլոմետր դեպի թիվ 1 հավելվածում համաձայնեցված գծերը` պատշաճ կերպով հաշվի առնելով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի (ԲՄԾԽ) հանձնարարականները` ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման համար հնարավորություն ստեղծելու նպատակով, բաժանել կողմերին այդ գծով և անվտանգություն ապահովել երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում:
Երկրորդ փուլում ուժերը դուրս կբերվեն թիվ 1 հավելվածում համաձայնեցված գրաֆիկի համաձայն` հետեւյալ կերպ.
Ա. Հայաստանի ուժերը դուրս են բերվում և տեղակայվում Հայաստանի տարածքում:
Բ. ԼՂ ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի 1988թ. սահմանագծից ներս (ստորեւ` VIII և IX կետերում նշված բացառություններով):
Գ. Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում համաձայնեցված գծեր` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա:
Դ. Ծանր զրահատեխնիկան դուրս կբերվի ավելի հեռու` թիվ 1 հավելվածում համաձայնեցված վայրեր` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, թափանցիկության և հաշվետու լինելու պահանջների պահպանմամբ:
Ե. Ուժերի դուրսբերման ավարտին բուֆերային գոտին տեղակայված կլինի ինչպես նշված է թիվ 1 հավելվածի քարտեզում` 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի և հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային մասի երկայնքով:
III. Ուժերի դուրսբերման արդյունքում ազատված տարածքները վերածվում են բաժանարար գոտու, որտեղ անվտանգության պահպանմանը պետք է հետևեն ԵԱՀԿ խաղաղության ապահովման ուժերը` մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ: Կողմերից ոչ մեկին չի թույլատրվի ներս բերել իր ուժերն այդ գոտի, եթե ոչ ԵԱՀԿ խաղաղության ապահովման ուժերի և մշտական խառը հանձնաժողովի թույլտվությամբ` թիվ 2 հավելվածի իրականացման շրջանակներում, ուր նախատեսված կլինեն սահմանապահ ծառայության, ականազերծման և քաղաքացիական ոստիկանական գործառույթների համար համաձայնեցված ստորաբաժանումներ: Կողմերը համաձայնում են բացառել բոլոր ռազմական թռիչքները բաժանարար և բուֆերային գոտիներում:
- Նպաստել ԵԱՀԿ խաղաղության ապահովման բազմազգ ուժերի ծավալմանը բուֆերային գոտում` անվտանգության երաշխավորման համար` մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ: ԵԱՀԿ խաղաղության ապահովման բազմազգ ուժերը կազմված կլինեն ԵԱՀԿ-ի կողմից նշանակված ուժերից, և նրանց մանդատը կսահմանվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, ընդ որում մանդատը կթարմացվի ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով:
- Իրականացնել տեղահանված անձանց վերադարձը նրանց նախկին մշտական բնակության վայրեր` բաժանարար գոտում: ԵԱՀԿ խաղաղության ապահովման բազմազգ ուժերը մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ կհետևեն վերադարձող բնակչության անվտանգությանը և կապահովեն բոլոր կողմերի վստահությունն այդ գոտու ապառազմականացման ռեժիմին հետեւելու առումով:
- Ուժերի դուրսբերման հետ միաժամանակ միջոցներ կկիրառվեն ճանապարհների, երկաթուղիների, էլեկտրահաղորդակցման և կապի գծերի, առեւտրային և այլ հարաբերությունների բացման համար` ներառելով անհրաժեշտ բոլոր միջոցները: Կողմերը երաշխավորում են այդ կապերի օգտագործումը բոլորի կողմից, ներառյալ` էթնիկ փոքրամասնությունները` երաշխավորելով նրանց հասանելիությունը իրենց էթնիկ խմբերին տարածաշրջանի այլ վայրերում: Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է վերացնել բոլոր շրջափակումները և ապահովել մյուս բոլոր կողմերի համար բեռների ու մարդկանց փոխադրումն առանց խոչընդոտների: Հայաստանը և Ադրբեջանը երաշխավորում են իրար միջևազատ և անվտանգ երկաթուղային հաղորդակցություն, մասնավորապես` Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Նախիջևան -Երևան գծով:
VII. Համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի և այլ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ` հակամարտության հետևանքով կալանավորվածներին վերադարձնելու, անհետ կորածների ճակատագրերը հետաքննելու և աճյունները հայրենադարձելու նպատակով:
VIII. Հիշյալ միջոցառումների շուրջ` կապված Լաչինի միջանցքի հետ.
Ա. Ադրբեջանը միջանցքը վարձակալությամբ տրամադրում է ԵԱՀԿ-ին, որը պայմանագիր կկնքի միջանցքը բացառապես ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու մասին (տարանցման համար նախատեսված բացառություններով` բերված ստորեւ` Ե կետում):
Բ. ԵԱՀԿ-ն հետևում է ԼՂ իշխանությունների հետ համագործակցության անվտանգությանը:
Գ. Լաչինի միջանցքի սահմանագծերը համաձայնեցված են թիվ 2 հավելվածում` պատշաճ կերպով հաշվի առնելով ԲՄԾԽ հանձնարարականները:
Դ. ԵԱՀԿ-ն հետևում է Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի շինարարությանը, որի ավարտից հետո Լաչին քաղաքը հանվում է Լաչինի միջանցքից: Դա վերադարձվում է ադրբեջանական վարչարարության ներքո (որպես բաժանարար գոտու մաս), և նրա նախկին բնակիչները կկարողանան վերադառնալ:
Ե. Միջանցքում չեն թույլատրվում մշտական բնակավայրերը և զինված ուժերը` բացառությամբ անվտանգության ուժերի թույլատրված քանակի: Պաշտոնական անձինք, դիտորդները և ԵԱՀԿ խաղաղության ապահովման ուժերի ներկայացուցիչները նախապես զգուշացնելու դեպքում ունեն տարանցման իրավունք որևէ ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանի ադրբեջանցի բնակիչները, որոնք տարանցում են կատարում Լաչինի շրջանից Ղուբաթլուի շրջան կամ հակառակը: Լաչինի շրջանի տարածքը միջանցքի շրջանակներից դուրս համարվում է բաժանարար գոտու մաս:
- Հետևյալ միջոցառումների շուրջ` կապված Շուշի քաղաքի և Շահումյանի շրջանի հետ:
ա) Կողմերը երկու հատվածներից դուրս են բերում իրենց զինված ստորաբաժանումները` բացառությամբ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների` սահմանափակ սպասարկող անձնակազմով:
բ) Տեղական իշխանությունները կօժանդակեն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների տեղաբաշխման հարցում:
գ) Տեղահանված անձինք կարող են վերադառնալ իրենց նախկին մշտական բնակության վայրերը: Նրանց անվտանգությունը կերաշխավորեն համապատասխան տեղական իշխանությունները:
դ) Վերադարձած բնակիչները օգտվում են բոլոր քաղաքացիական իրավունքներից, այդ թվում` կուսակցություններ ստեղծելու: Նրանք համապատասխանաբար ներկայացված կլինեն Բաքվի և Ստեփանակերտի խորհրդարաններում և ընտրական խորհուրդներում, այդ վայրերի ոստիկանությունում և անվտանգության ուժերում` այդ վայրերի ողջ բնակչության տոկոսային հարաբերակցությանը համապատասխան:
ե) Մշտական խառը հանձնաժողովը համակարգում է միջազգային օգնության բաշխումը այդ վայրերում արդարության հիմքերով և երկու խմբերի ազգաբնակչությանն ի օգուտ:
զ) Շուշի քաղաքի և Շահումյանի շրջանի բնակիչները կունենան երաշխավորված հասանելիություն ճանապարհների, կապի և այլ հարաբերությունների համար մնացյալ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետ:
- Հիմնել մշտական խառը հանձնաժողով տվյալ համաձայնագրի` Ադրբեջանին և Ղարաբաղին առնչվող խնդիրների հետ կապված դրույթների իրականացմանը հետևելու նպատակով: Մշտական խառը հանձնաժողովն ունի երեք համանախագահ` մեկը` ադրբեջանցի, մեկը` ԼՂ-ից և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը: Ադրբեջանի և ԼՂ-ի համանախագահների հիմնական պարտականությունը համաձայնագրի իրականացումն է, ԵԱՀԿ-ից համանախագահի հիմնական պարտականությունը միջնորդությունն ու տարաձայնությունների դեպքերում արբիտրաժն է: Մշտական խառը հանձնաժողովն ունի հետևյալ ենթահանձնաժողովները` ռազմական, տնտեսական, մարդասիրական և մշակութային: Մշտական խառը հանձնաժողովը և նրա ենթահանձնաժողովների գործառույթները շարադրված են թիվ 2 հավելվածում:
- Հիմնել ամբողջական դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ:
XII. Ստեղծել հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողով` Հայաստանի և Ադրբեջանի կողմից մեկական համանախագահներով: ԵԱՀԿ գործող նախագահը ներկայացված է այդ հանձնաժողովում: Հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողովը նպաստում է սահմանային միջադեպերի կանխարգելմանը, իրականացնում է կապ երկու երկրների սահմանապահ զորքերի և անվտանգության այլ համապատասխան ուժերի միջև և հետեւում է ճանապարհների, երկաթուղիների, կապի, խողովակաշարերի, առևտրային և այլ հարաբերությունների բացման միջոցառումներին:
XIII. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սույն համաձայնագրի երաշխավորն է:
XIV. Սույն համաձայնագիրը կգործի մինչևԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի ժամանակ համապարփակ կարգավորման համաձայնագրի կնքումը, որը մասնավորապես կհիմնի անվտանգության և խաղաղության պահպանման մշտական մեխանիզմների փոխարինումը նրանց, որոնք սահմանված են սույն համաձայնագրում:
Հավելված թիվ 1.
Զորքերի դուրսբերման իրականացում և տեղահանված անձանց վերադարձ. աշխարհագրական չափորոշիչներ, գրաֆիկներ և անվտանգության ասպեկտներ:
Հավելված թիվ 2.
Անվտանգության միջանկյալ միջոցառումներ. հանձնաժողովների մանդատները, հսկողության և անվտանգության ռեժիմի չափորոշիչները:
Համաձայնագիր թիվ 2. կարգավիճակը
Նախաբան
ԼՂ կարգավիճակը և նրա հիմնական էթնիկ և մշակութային բնութագրի պահպանումը հետաքրքրություն են ներկայացնում միջազգային հանրության համար, ներառյալ` Հայաստանը: Դա չի կարող ճշգրտվել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ԼՂ իշխանությունների միակողմանի գործողության արդյունքում: Կարգավիճակը ճշգրտվում է հետևյալ չափորոշիչներով:
- Հակամարտության բոլոր կողմերը ճանաչում են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը:
- ԼՂ-ն պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում, և նրա ինքնորոշումը կներառի ստորև թվարկված իրավունքներն ու առավելությունները, երբ նրանք կձևակերպվեն Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կնքված համաձայնագրում, հավանության կարժանանան Մինսկի խորհրդաժողովի կողմից և կներառվեն Ադրբեջանի ու ԼՂ սահմանադրություններում:
III. ԼՂ-ն և Նախիջևանը կունենան Ադրբեջանի և Հայաստանի հետ ազատ և առանց խոչընդոտների տրանսպորտային հաղորդակցության և կապի իրավունք:
- ԼՂ վարչական սահմանները անցնում են նախկին ԼՂԻՄ սահմաններով:
- ԼՂ-ն կունենա իր Սահմանադրությունը` ընդունված ԼՂ ժողովրդի կողմից` հանրաքվեով: Այդ Սահմանադրությունը կներառի ԼՂ իշխանությունների և Ադրբեջանի համաձայնագիրը ինքնորոշման ձևի մասին` սույն փաստաթղթի հիման վրա: Ադրբեջանը համապատասխանաբար փոփոխություններ կմտցնի իր Սահմանադրությունում` այս համաձայնագրերի ներառման համար: ԼՂ-ն կունենա իր սեփական դրոշը, զինանշանը, օրհներգը:
- ԼՂ տարածքում գործում են ԼՂ Սահմանադրությունն ու օրենքները: Ադրբեջանի օրենքները, կանոնները և կատարողական որոշումները գործում են ԼՂ տարածքում, եթե նրանք չեն հակասում վերջինի Սահմանադրությանն ու օրենքներին:
VII. ԼՂ-ն ինքնուրույն է կազմավորում իր օրենսդիր, գործադիր և դատական մարմինները:
VIII. ԼՂ բնակչությունն ընտրում է Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչներ և մասնակցում է Ադրբեջանի նախագահի ընտրություններին:
- ԼՂ-ն կունենա արտասահմանում համապատասխան ներկայացուցչության միջոցով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի և մարդասիրական հարցերի ոլորտներում անմիջական արտաքին կապեր իրականացնելու իրավունք: ԼՂ քաղաքական կուսակցությունները իրավունք կունենան կապեր հաստատել այլ երկրների քաղաքական կուսակցությունների հետ:
- ԼՂ քաղաքացիները կունենան Ադրբեջանի անձնագրեր` ՙԼեռնային Ղարաբաղ՚ հատուկ հավելագրումով: ԼՂ քաղաքացիները չեն համարվի օտարերկրացիներ Հայաստանի օրենքների համապատասխան (տե՛ս` Միացյալ Թագավորության իռլանդական ակտը (1949)), կարող են ցանկացած ժամանակ արտագաղթել Հայաստան եւ կարող են ստանալ հայաստանյան քաղաքացիություն` Հայաստան մշտական արտագաղթի դեպքում (տես` Իսրայելի ՙՎերադարձի մասին՚ օրենքը):
- ԼՂ-ն կլինի ազատ տնտեսական գոտի՝ տարադրամների ազատ շրջանառությամբ:
XII. ԼՂ-ն կունենա Ազգային գվարդիա և ոստիկանական ուժեր: ԼՂ քաղաքացիներն իրավունք կունենան ծառայել ԼՂ տարածքում:
XIII. Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չեն ունենա մուտք գործել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների թույլտվության:
XIV. ԼՂ բյուջեն կազմվում է սեփական ռեսուրսների հաշվին գոյացած մուտքերից: ԼՂ կառավարությունը կխրախուսի և կերաշխավորի ադրբեջանական և օտարերկրյա անձանց և ընկերությունների ներդրումները:
- ԼՂ-ն ունի բազմազգ բնույթ. յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օգտագործել իր ազգային լեզուն բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական դեպքերում:
XVI. Սույն համաձայնագրի երաշխավորը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է:
Ղարաբաղյան հակամարտության վստահության ամրապնդման միջոցառումներ
Որպես հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու մտադրության դրսեւորում` կողմերն առանց սպասելու որևէ այլ համաձայնության կարող էին իրականացնել վստահության ամրապնդմանն ու անվտանգությանն ուղղված հետեւյալ միջոցառումներից յուրաքանչյուրը կամ բոլորը:
* Ադրբեջանն ու Հայաստանը կարող են իրենց վրա պարտավորություն վերցնել անմիջապես վերականգնել հրադադարի ռեժիմը Իջեւան-Ղազախ հատվածի իրենց սահմանների երկայնքով: Այս ռեժիմը, որն իրագործվել է 1992թ., ներառում էր հրատապ կապի հեռախոսային գիծ և համատեղ սահմանային պարեկություն:
* Կողմերը կարող են համաձայնության գալ ԵԱՀԿ գործող նախագահի դիտորդական առաքելության ընդլայնման շուրջ՝ ԼՂ առնչությամբ հավելյալ հսկողություն իրականացնելու համար, օրինակ՝ Իջեւան-Ղազախ հատվածի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
* Իրականացնել երկխոսություն ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ մարդասիրական պահանջարկների գնահատման նպատակով (ինչպես ադրբեջանական տեղահանված անձանց համար, այնպես էլ ԼՂ ներսում): Դա կարող է իրականացվել կամ ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի, կամ էլ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնությամբ:
* Բացել ամենշաբաթյա կամ ամենօրյա շուկաներ ԼՂ տարածաշրջանում ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար: Սա կպահանջի սահմանների հատման կետերի ստեղծում, դեպի շուկայական հրապարակներ տանող ճանապարհների բացում և ականազերծում ու համաձայնագրեր` կապված տարանցիկության ռեժիմների եւ առևտրի կանոնների եղանակավորման հետ:
Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին
Հայաստանի դիրքորոշումը վերը բերված փաստաթղթի վերաբերյալ
Հայաստանը ողջունում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի համատեղ ջանքերը, որոնց նպատակն է նոր լիցք հաղորդել ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին: Այս տարվա մայիսի 31-ին ձեր` տարածաշրջան կատարած այցելության ընթացքում մեզ ներկայացված փաստաթուղթը՝ ՙԼՂ հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր՚, հանգամանորեն ուսումնասիրվել է և շարունակվում է քննարկվել: Մինչ այդ ցանկանում ենք ձեզ ներկայացնել Հայաստանի նկատառումները փաստաթղթում արտահայտված նպատակների, մոտեցումների, սկզբունքների և տարրերի նկատմամբ.
Հայաստանը ողջունում է համանախագահության նպատակները` ԼՂ հակամարտությանը տալ համապարփակ խաղաղ կարգավորում և դրանով իսկ հիմք ստեղծել Կովկասում համընդհանուր տնտեսական զարգացման և Կովկասի ժողովուրդների բարօրության համար: Այստեղ մենք ցանկանում ենք ավելացնել նաև հակամարտությունների արդար լուծման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների հարգման սկզբունքները: Այնուամենայնիվ, փաստաթղթում տեղ գտած որոշ ընդհանուր սկզբունքների նկատմամբ Հայաստանը լուրջ առարկություններ ունի:
Նախ` Հայաստանը, ինչպես հայտնի է, չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-ԼՂ հարաբերությունները, և չի հստակեցվել ԼՂ քաղաքական կարգավիճակը:
Երկրորդ. ԼՂ անվտանգության կոնցեպտը, որը, մեր կարծիքով, խաղաղ կարգավորման կարևոր գործոններից է գործընթացի զարգացման բոլոր փուլերում, պետք է զգալիորեն հստակեցվի և ուժեղացվի թե կոնցեպտուալ և թե կիրառական առումով: Այս սկզբունքը պետք է ներառի այնպիսի առանցքային տարրեր, ինչպիսիք են ԼՂ շրջագծով լայնատարած ապառազմականացումը, ԼՂ պաշտպանական պոտենցիալի պահպանումը, ԼՂ անկլավային գոյության բացառումը և անվտանգության ապահովման երաշխիքներ միջազգային հանրության և Հայաստանի կողմից:
Նախքան բուն փաստաթղթերի դրույթներին անցնելն ուզում ենք ուշադրություն հրավիրել մի սպրդման վրա, որը տեղ է գտել ներածական մասում եւ անսովոր հղում է պարունակում հակամարտության անվանմանը` այն կոչելով ՙԼեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն՚: Անդրադառնալով զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր 1-ին` պետք է նշել. թեև դրա հիմնական դրույթները կողմերի միջև բազմիցս քննարկվել և բանակցվել են Մինսկի խմբի շրջանակներում, այսուհանդերձ, ներկա նախագիծը լի է բովանդակային և սկզբունքային թերություններով:
Նախ. առաջարկում ենք հանել 2A կետը, որն անհարկի մեկնաբանությունների առիթ է դառնում:
Երկրորդ. 7-րդ հոդվածով նախատեսվող ապաշրջափակման միջոցառումները բավականին թույլ են արտահայտված: Դրանց կիրառման վերաբերյալ պարտավորությունները, որ ստանձնելու են կողմերն իրենց ուժգնությամբ, պետք է համապատասխանեն համաձայնագիր 1-ի մյուս միջոցառումների պարագայում նախատեսվող պարտավորություններին: Հարկավոր է ունենալ ապաշրջափակման հատուկ ժամանակացույց:
Երրորդ. 9-րդ հոդվածը ,որը վերաբերում է Լաչինին, անընդունելի է, որովհետև չի լուծում ԼՂ անկլավային գոյության մասին վերեւում արդեն իսկ արտահայտված սկզբունքային խնդիրը: Այս կապակցությամբ առաջարկում ենք մտածել հարցի ավելի ընդգրկուն մոտեցման մասին, որը կբացառեր ապագայում հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները:
Չորրորդ. համաձայնագիր 1-ի կիրառման հետ կապված խառը հանձնաժողովների գործողության մեխանիզմը, կարծում ենք, սկզբունքային հստակեցման կարիք ունի:
Ամփոփելով համաձայնագիր 1-ի վերաբերյալ մեր նկատառումները` ցանկանում ենք նշել, որ դրա մնացած կետերի ու դրույթների շուրջ մեր դիտողությունների բացակայությունը չպետք է մեկնաբանվի իբրևդրանց բացարձակ և անվերապահ ընդունում: Հայաստանը գտնում է, որ այդ կետերի վերջնական համաձայնեցումը պետք է լինի բանակցային գործընթացի արդյունք:
Համաձայնագիր 2-ի նկատմամբ հայտնում ենք հետևյալը.
Ինչպես նշել ենք վերեւում, Հայաստանը չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, հետևաբար, համաձայնագրի նախագծում տեղ գտած 1-ին եւ 2-րդ հոդվածները Հայաստանի համար քննարկման ենթակա չեն:
3-րդ հոդված. Հայաստանը որևէ ձևական կապ չի տեսնում ԼՂ-ի և Նախիջևան ի միջև և գտնում է, որ Ադրբեջան-Նախիջևան անխափան հաղորդակցության հարցը կարգավորվում է համաձայնագիր 1-ի` ապաշրջափակման մասին դրույթներով: Նախիջևանի հետ հաղորդակցությունն Ադրբեջանի համար միշտ էլ բաց և անարգել է եղել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է օգտվել դրանից:
4-րդ հոդված. առաջարկում ենք ՙվարչական սահմաններ՚ կամ ՙսահմաններ՚ բառերը փոխարինել ՙտարածք՚ բառով:
6-րդ հոդված. ապագայում տեւական տարակարծություններից ու թյուրիմացություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք, որ ԼՂ-ում կիրառվելիք օրենքները, նորմատիվ ակտերն ու գործադիր որոշումները բացառապես ընդունվեն կամ վավերացվեն ԼՂ օրենսդիր իշխանության կողմից:
9-րդ հոդված. անհրաժեշտ ենք համարում ամրագրել նաև ԼՂ իրավունքը` այլ երկրների հետ քաղաքական կապեր հաստատել և դրանց վարման համար ապահովել համապատասխան ներկայություն:
10-րդ հոդված. Հայաստանը միանշանակորեն գտնում է, որ ԼՂ բնակիչները պետք է ունենան երկքաղաքացիության իրավունք:
11-րդ հոդված. ԼՂ-ում վճարման օրինական միջոց կարող են համարվել մեկից ավելի արժույթներ, անհրաժեշտ ենք համարում նաև ամրագրել ԼՂ տարածքում գտնվող բնական պաշարների ու հարստությունների` ԼՂ ժողովրդին պատկանելու և նրա կողմից տնօրինվելու բացառիկ իրավունքը:
12-րդ հոդված. նպատակահարմար ենք գտնում ՙԱզգային գվարդիա՚ բառերը փոխարինել ՙպաշտպանության ուժեր՚ բառերով և ամրագրել ԼՂ քաղաքացիների` բացառապես ԼՂ-ի տարածքում զինծառայության հանգամանքը:
13-րդ հոդված. այստեղ հստակ ամրագրել, որ Ադրբեջանի բանակը և ոստիկանությունը ոչ մի պարագայում չեն կարող մուտք գործել ԼՂ տարածք:
14-րդ հոդված. անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել` ամրագրելով ԼՂ բյուջեի անկախ լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ԼՂ-ն պետք է վարի ազատական քաղաքականություն:
15-րդ հոդված. միանշանակորեն հանել ԼՂ-ի` բազմազգ գաղափարը և հստակորեն ամրագրել, որ ԼՂ պաշտոնական լեզուն հայերենն է:
Հայաստանը սկզբունքային առարկություն չունի փաստաթղթի վերջում տեղ գտած վստահության ամրապնդման միջոցառումների կապակցությամբ, սակայն գտնելով, որ դրանց գործնական կիրառումը կապված է լուրջ բարդությունների հետ` առաջարկում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկեր և կմշակեր վստահության ամրապնդման միջոցառումների ցանկը, կիրառման կարգն ու մեխանիզմները: