Ապրիլի 24-ի նախօրեին Հանրապետականը զարկ է տալիս թուրքական ապրանքների սպառմանը

2623

Ապրիլի 18-ին Yerevan CITY սուպերմարկետների ցանցը 50 տոկոս զեղջ էր հայտարարել իր ՀԱՎԱՏԱՐԻՄ հաճախորդներին՝ առաջարկելով 700 դրամանոց թուրքական Selpak ֆիրմայի անձեռոցիկները գնել կես գնով՝ 350 դրամով:

Yerevan CITY սուպերմարկետների ցանցը կապված է Ազգային ժողովի պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ և նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորագույն Սամվել Ալեքսանյանի հետ:

Անկասկած, որևէ հայ վաճառական, այդ թվում Սամվել Ալեքսանյանը, իրավունք ունի թուրքական ապրանքներ վաճառել: Եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ Հայաստան մտնող և Հայաստանում ու Արցախում սպառվող թուրքական ապրանքների մեծ մասը ներկրում և վաճառում են հենց իշխող ՀՀԿ-ականները կամ նրանք վերահսկողության տակ գտնվողները:

MHM924021

Մյուս կողմից, ամեն տարի Հայաստանի պետական բյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվում ՀՀԿ-ական պատգամավոր, Սերժ Սարգսյանի մերձավորագույն Կարեն Ավագյանի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Այդ գումարների մի մասը ուղղվում է հակաթուրքական քարոզչությանը:

Ի՞նչ իմաստ ունի բյուջեի միջոցներով, այսինքն՝ հարկատուների հաշվին իրականացնել էժանագին հակաթուրքական քարոզչություն՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի հիմնադրամին տրամադրել գումարներ, երբ մեկ այլ ՀՀԿ-ական ագրեսիվ կերպով իրականացնում է թուրքական ապրանքների վաճառք:

Գուցե այդ գումարները ուղղե՞լ սահմանը պահող հայ զինվորի կարիքներին: