Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ՝ անճշտություններ

10595

Վերջերս (21 մարտ, 2016թ., «Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ անճշտություններ կան»https://www.aniarc.am/2016/03/21/serzh-sargsyan-my-article-tatul-hakobyan/) մենք անդրադարձել էինք նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ (http://www.president.am/hy/serzh-sargsyan/) առկա մի շարք անճշտություններին:

Մասնավորապես գրել էինք, որ «1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն» նախադասությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ, նախ՝ Արցախում «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» կառույց չի եղել երբեք, և երկրորդ, եթե խոսքը ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի մասին է, ապա նրա առաջին հրամանատարը եղել է Արկադի Կարապետյանը, ժողովրդի շրջանում ավելի հայտնի «Դաշնակ Ագո» անունով:

Իսկ եթե խոսքը վերաբերում է Արցախի առաջին վարչապետ Օլեգ Եսայանի կառավարության մաս կազմող Պաշտպանության կոմիտեի ղեկավարի պաշտոնին, որն իրավամբ զբաղեցրել է Սերժ Սարգսյանը, ապա դա եղել է 1992-ի հունվարից:

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նա «1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական»:

Թե ինչու է հատուկ նշվել Պողոսյանի անունը, բացատրելի է: Երկար ժամանակ, անգամ մինչև այժմ, գրվում է, որ Սերժ Սարգսյանը եղել է մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի օգնականը: Որպեսզի այդ շփոթը տեղ չգտնի, Սարգսյանի կենսագրականում հատուկ տեղ է գտել Պողոսյանի անունը: Հատկապես պետք է հաշվի առնել, որ Հայաստանում և Արցախում Կևորկովի մասին գերազանցապես բացասական հետք է մնացել:

Հայաստանի որևէ նախագահ, անկախ նրանից՝ ընտրվել է ժողովրդի քվեով կամ ոչ, իրավունք չունի սրբագրումներ մտցնել իր կենսագրության մեջ: Կլինի դա Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Պետք է նաև հասկանալ, որ ԽՍՀՄ տարիների համար բոլորովին էլ ամոթ չէր կամ անպատվաբեր չէր ոչ Աղդամի քաղկոմում աշխատելը, և ոչ էլ՝ Բաքվում գտնվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտելը: Կոմկուսի աստիճաններ բարձրացող ո՞ր հայ կոմունիստը չէ սովորել Բաքվի կուսակցական դպրոցում: Ավելին, Աղդամը, որը տարիներ առաջ ստացել է հայաշունչ Ակնա անունը, այսօր Արցախի մաս է կազմում:

Առնվազն մինչև 1988-ը Սերժ Սարգսյանը եղել է կոմունիստ: Թե երբ է հրաժարվել այդ կուսակցությունից և ինչպես է հեռացել ԽՍՀՄ-ում օրինական գործող միակ կուսակցությունից, հայտնի չէ: Պաշտոնական կենսագրության մեջ որևէ խոսք չկա նաև այն մասին, որ Սարգսյանը եղել է նաև Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ: 1989-ի նոյեմբերին, երբ կայացավ ՀՀՇ առաջին համագումարը, Սերժ Սարգսյանը պատվիրակ էր Արցախից:

Ըստ պաշտոնական կենսագրության՝ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ»:

Երկու տարի անց Սերժ Սարգսյանը կավարտի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետը: Եթե նրա մասին գիրք կամ գրքեր գրվեն, ապա անհրաժեշտ է, որ նրա կենսագրությունը ներկայացվի ամբողջական և ոչ խեղաթյուրված, քանի որ նա ոչ միայն Հայաստանի նախագահն է, այլ 1988-ից ի վեր Հայաստանի վերջին 30 տարիների պատմության մեջ կարևոր և առանցքային դերակատարություն ունեցող անձնավորություն:

Թաթուլ Հակոբյան