Հայաստան Եւ Ռուսաստան. 2015-ի Գլխաւոր Փաստերը

2962

Ապրիլեան 4-օրեայ պատերազմի ընթացքում եւ այժմ Հայաստանում եւ հայկական աշխարհում առաջացել են հակառուսական տրամադրութիւններ` կապուած Ռուսաստանի կեցուածքի հետ: Մոսկուան շարունակում է բացայայտ կերպով եւ ի ցոյց հայ ժողովրդի յայտարարել, որ ապագայում էլ զէնք է վաճառելու Ազրպէյճանին: Այս պայմաններում Հայաստանը պէտք է զարկ տայ երկկողմ եւ բազմակողմ դիւանագիտութեանը մի քանի ուղղութիւններով: Առաջին` խորացնել Եւրոպական Միութեան, ՕԹԱՆ-ի եւ Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնները: Երկրորդ` անմիջական երկու հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ պահել եւ նոր մակարդակի բարձրացնել գործընկերութիւնը: Երրորդ` քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցութիւն սկսելու ուղղութեամբ: Չորրորդ` վերականգնել 1990-ականների կէսերին գործող Հայաստան-Իրան-Յունաստան եւ Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ ձեւաչափով հանդիպումները: Այս ամէնը պէտք է անել ոչ ի հակակշիռ Ռուսաստանի, այլ` յանուն Հայաստանի ինքնիշխանութեան ամրապնդման:

Իսկ հիմա ներկայացնենք, թէ ինչպիսին էին հայ-ռուսական յարաբերութիւնները 2015-ին:

Երեւան-Մոսկուա յարաբերութիւնները 2015-ին մտան որակական նոր փուլ` պայմանաւորուած Հայաստանի` Եւրասիական տնտեսական միութեան` ԵՏՄ (Ռուսաստան, Պիելոռուս, Ղազախստան) կազմ մտնելու իրողութիւնով: Մայիսին միութեանը միացաւ նաեւ Խըրխըզիստանը: Հայաստանի նախկին վարչապետ, Միացեալ Նահանգներում դեսպան Տիգրան Սարգսեանը նշանակուեց Եւրասիական տնտեսական յանձնաժողովի նախագահի պաշտօնում:

Իշխանութիւնները ԵՏՄ-ին անդամակցութիւնը արդարացնում էին երկու հիմնական գործօններով. առաջին` Հայաստանը կը ստանայ անվտանգութեան յաւելեալ երաշխիքներ, երկրորդ` երկրի առաջ բացւում է գրեթէ 200 միլիոնանոց ռուսական, պիելոռուսական ու ղազախական շուկան: Բացի այդ, սպասւում էր, որ Ռուսաստան եղանակային աշխատանքի մեկնող հայ միջին եւ ցածր դասակարգը աւելի դիւրին մուտք կը գործի այդ երկիր:

ԵՏՄ-ին անդամակցութեան քննադատները հակադարձում էին. հանրապետութեան տնտեսական, քաղաքական կախումը էլ աւելի կը խորանայ Ռուսաստանից, Հայաստանի համար յաւելեալ դժուարութիւններ առաջ կը գան Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան առեւտրատնտեսական, ինչպէս նաեւ Երեւան-Պրիւքսէլ ու Երեւան-Ուաշինկթըն  յարաբերութիւններում:

Թուային ցուցանիշները ցոյց են տալիս, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցութիւնից Հայաստան-Իրան ապրանքաշրջանառութիւնը չի տուժել, իսկ Հայաստան-Վրաստան ապրանքաշրջանառութիւնը փոքր-ինչ աւելացել է: Միւս կողմից, չարդարացան նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան կողմնակիցների սպասելիքները: 2015 թուականին Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառութիւնը նախորդ տարուայ համեմատ անկում ապրեց:

Այդուհանդերձ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագոյն առանձին արտաքին առեւտրային գործընկերը, որին բաժին է ընկնում Հայաստանի ողջ ապրանքաշրջանառութեան ուղիղ մէկ քառորդը: 2015-ին կտրուկ անկում ապրեցին դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, ինչը նոյնպէս պայմանաւորուած էր Ռուսաստանում առկայ տնտեսական ճգնաժամով եւ մասամբ նաեւ գաղթի այն քաղաքականութեամբ, որ որդեգրել էր Մոսկուան` խստացնելով օտարերկրացիների մուտքը իր երկիր: Տարբեր պատճառաբանութիւններով, հիմնականում

գաղթի օրէնքը խախտած լինելու համար, աւելի քան 50 հազար հայաստանցիներ, որոնք եղանակային աշխատանքի էին մեկնում Ռուսաստան, 2015-ին ստիպուած եղան տանը նստել կամ այլ երկիր մեկնել: Եւս տասնեակ հազարաւոր հայաստանցիներ ստիպուած եղան չվերադառնալ տուն, քանի որ Ռուսաստանի տարածքը լքելուց եւ տուն վերադառնալուց յետոյ դժուարութիւն կ՛ունենային կրկին մեկնել Ռուսաստան: Չնայած դժուարութիւններին` Հայաստան դրամական փոխանցումների առիւծի բաժինը շարունակում էր գալ Ռուսաստանից:

2015-ի յունուարին հայ-ռուսական յարաբերութիւնները լուրջ փորձութեան ենթարկուեցին: Յունուարի 12-ին Գիւմրիում կատարուեց նախադէպը չունեցող ոճրագործութիւն, որն ուղղակիօրէն կապուած չէր հայ-ռուսական յարաբերութիւնների հետ, սակայն իր ազդեցութիւնը թողեց երկկողմ կապերի վրայ, յատկապէս` հոգեբանական, ընկալման եւ վստահութեան իմաստով: Գիւմրիում տեղակայցուած 102-րդ ռուսական ռազմակայանի ռուս զինծառայողներից Վալերի Փերմեաքովը գիշերը թողել էր ծառայութիւնը, մտել Աւետիսեանների միյարկանի սեփական տուն եւ սպաննել ընտանիքի բոլոր եօթ անդամներին, այդ թւում` երկու մանկահասակ երեխաների:

Այս ոճրագործութիւնը բողոքի ալիք բարձրացրեց Գիւմրիում: Ոճրագործին հայկական արդարադատութեանը յանձնելու պահանջով շուրջ երկու հազար գիւմրեցիներ շարժուեցին դէպի 102-րդ ռազմակայան, իսկ երեկոյեան բողոքի ցոյց տեղի ունեցաւ Գիւմրիում ռուսական հիւպատոսութեան մօտ: Միայն յատուկ ստորաբաժանումների եւ օդ կրակելու շնորհիւ հնարաւոր եղաւ կանգնեցնել դէպի հիւպատոսարան շարժուող, հիմնականում երիտասարդներից կազմուած ամբոխին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը ցաւ յայտնեց տեղի ունեցածի առիթով, սակայն միեւնոյն ժամանակ անթոյլատրելի որակեց այդ ողբերգութեան քաղաքականացման փորձերը: Նրա հայ գործընկեր Նալբանդեանը յայտարարեց, որ` «սոսկալի յանցագործութիւնը Հայաստանի հանրային կարծիքում շատ բնական մարդկային վրդովմունք եւ զայրոյթ էր առաջացրել», սակայն հայ-ռուսական յարաբերութիւններէ ամուր են, դաշնակցային ու ռազմավարական, եւ Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով դրանք առաւել ընդլայնել եւ ամրապնդել:

Հայ-ռուսական յարաբերութիւնները ստուերող գործօններից է Ռուսաստանի եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) կեցուածքը հայ-ազրպէյճանական սահմաններում եւ ղարաբաղա-ազրպէյճանական շփման գօտում տիրող իրավիճակի նկատմամբ: Հայկական կողմն ակնկալում է, որ Մոսկուան, առնուազն դիւանագիտական մակարդակում, կատարի ստանձնած պարտաւորութիւնները, երբ Ազրպէյճանը ոտնձգութիւն է կատարում Հայաստանի նկատմամբ:

2015-ի աշնանը Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան «Բաղրամեան» զօրավարժարանում կայացան ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրութիւն-2015» զօրավարժութիւնները: Հէնց այդ օրերին ՊՆ Գլխաւոր շտաբի պետ Եուրի Խաչատուրովը, ով սակաւախօս զօրավարի համբաւ ունի, յայտարարեց, որ ցանկալի կը լինէր, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ազրպէյճանի կողմից Հայաստանի տարածքի ականակոծութիւններին դէպքում արձագանգեն: Ի պատասխան, ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը Երեւանում ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը համարժէք է արձագանգում հայ-ազրպէյճանական սահմանային սրացումներին: Նիքոլայ Պորտեուժան անթոյլատրելի որակեց ծանր զինատեսակով Հայաստանի տարածքի գնդակոծումը: Նա յստակ յայտարարեց, որ բացառւում է կազմակերպութեան միջամտութիւնը ղարաբաղեան հակամարտութեանը:

Հայ-ռուսական յարաբերութիւնները ստուերւում են նաեւ այն իրողութեամբ, որ Ռուսաստանը շարունակում է զէնք մատակարարել Ազրպէյճանին` յղում անելով իր առեւտրային շահերին: Ռուսական կողմի բացատրութիւնները ռուսական շահերի տեսանկիւնից գուցէ տրամաբանական են, սակայն անհասկանալի է, երբ դա անուղղակի կերպով արդարացնում են հայ պաշտօնեաները:

Արտաքին գործերի նախարար Նալբանդեանը մի հարցազրոյցում ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցում է ռազմական ոլորտում, այդ երկրից գնում է սպառազինութիւններ: Իսկ այն, շարունակել է թիւ մէկ դիւանագէտը, որ Ռուսաստանը զէնք է վաճառում Ազրպէյճանին կամ այլ երկրների, դա թերեւս նոյնպէս բնական է, քանի որ Ռուսաստանը զէնք արտադրող երկիր է, աշխուժ ներկայութիւն ունի սպառազինութիւնների շուկայում: Չի կարելի ասել, թէ հայկական կողմին շատ է դուր գալիս, որ Ազրպէյճանը զէնք է ձեռք բերում Ռուսաստանից, ասել է Նալբանդեանը, սակայն դրանք երեւի «առեւտրի, պիզնեսի հետ կապուած հարցեր են»:

Չնայած առկայ խնդիրներին` Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերութիւնը Հայաստանի անվտանգութեան ապահովման կարեւոր բաղադրիչներից է: Գիւմրիում տեղակայուած է 102-րդ ռուսական ռազմակայանը, Հայաստան-Թուրքիա սահմանը հայ գործընկերների հետ պաշտպանում են Ռուսաստանի Անվտանգութեան դաշնային ծառայութեան ստորաբաժանումների մաս կազմող ռուս սահմանապահները: Հայաստանի անվտանգութեան ապահովման կարեւոր մեքանիզմ է համարւում նաեւ ՀԱՊԿ-ը, որի ողնաշարը Ռուսաստանն է:

Նախագահ Փութինի կարգադրութեամբ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրուեց հաւաքական անվտանգութեան կովկասեան տարածաշրջանում հակաօդային պաշտպանութեան միացեալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիր:

Երեւանում կայացած հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրուեց Հայաստանին 200 մլն Միացեալ Նահանգների տոլարի չափով ռուսական արտօնեալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր, որն ուղղուելու է  Հայաստանի զինուած ուժերի զինանոցը ժամանակակից սպառազինման տեսականիով համալրելուն:

2015-ից ռուսական «Կազփրոմ» ընկերութիւնը Հայաստան մատակարարուող կազի գինը 189 տոլարից իջեցրեց 165-ի 1000 խորանարդ մեթրի համար: Գնի իջեցումը եւս պայմանաւորուած էր Հայաստանի ԵՏՄ անդամակցութեան իրողութեամբ:

Տարուայ ընթացքում տեղի ունեցան բարձր մակարդակի մի քանի այցեր: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ժամանեց Փութինը: Արտաքին գործերի նախարար Լաւրովի այցը աւելի շատ նուիրուած էր ղարաբաղեան հակամարտութեան քննարկմանը:

Ռուսաստան-արեւմուտք լարուածութեան աճի պատճառով, երբ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովն օրակարգ բերեց Ռուսաստանին ձայնից զրկելու բանաձեւ, Հայաստանի պատուիրակութիւնը միաձայն ձեռնպահ քուէարկեց, Ազրպէյճանը դէմ, իսկ Վրաստանը` կողմ:

Վերջին տարիներին զգալի աւելացել է ռուս զբօսաշրջիկների քանակը Հայաստանում: Սպասւում է, որ նրանց թիւը աւելանայ նաեւ առաջիկայում, քանի որ Եգիպտոս եւ Թուրքիա զբօսաշրջութեան վրայ, փաստացի, Ռուսաստանը արգելք է դրել:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 18 Ապրիլի, 2016թ.