Լեռնային Ղարաբաղ. Հրադադարի նախորդ օրը

2184

Թաթուլ Հակոբյան, Ստեփանակերտ

08 ԱՊՐԻԼԻ 2016, http://www.jam-news.net/Publication/Get/hy-AM/1637

Տպավորություններ դեպքի վայրից

Ապրիլի 4. Կորուստներ

12-ամյա Վաղինակ Գրիգորյանի փոքրիկ դագաղը ծածկված էր գարնանային սպիտակ, կարմիր թարմ ծաղիկներով: Ապրիլի 1-ի առավոտյան նա իր երկու եղբայրների հետ դպրոցի ճանապարհին էր, երբ ադրբեջանական զինուժը Գրադ կայանքից ռմբահարեց տարածքը:

Լուսնկարը՝ Քնար Բաբայանի

Փոքրիկ տղան մահացավ դպրոցի, ուսման, մեծանալու, իր մոր գիրկը վերադառնալու ճանապարհին: Նրա եղբայրները ավելի բախտավոր էին: Մեկը վիրավորվեց ծանր՝ զրկվելով ոտքից, մյուսը՝ ավելի թեթև:

Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում հողին են հանձնում քաղաքացիական անձանց և զինվորականների, որոնք զոհվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ապրիլի 1-ից բռնկված լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանը լայնորեն օգտագործում է վերջին տարիներին ձեռք բերած իր ողջ ռազմական արսենալը, այդ թվում՝ ռուսական արտադրության Գրադ կայանքներն ու իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը: Մարտակերտի հատվածում ադրբեջանական անօդաչու թռչող սարքը քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուս պայթեցրեց ապրիլի 4-ին, որի հետևանքով զոհվեց 7 հոգի:

Չորս օրերի ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 20 զոհ զինվորականների և 11 զոհ քաղաքացիական անձանց շրջանում, ևս 26 զինվորականներ համարվում են անհետ կորած: Վիրավորների թիվը հասնում է 100-ի: Այս թվերը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանը մամուլի ասուլիսում ապրիլի 4-ի երեկոյան: Նրա խոսքերով, Ադրբեջանը կորցրել է շուրջ 300 հոգի:

Ապրիլի 1-ի ադրբեջանական գրոհը աննախադեպ է եղել 1994-ի մայիսիյան զինադադարից հետո: Ադրբեջանական զինուժին հաջողվել է կարճ ժամանակով տիրանալ մարտավարական մի քանի կարևոր բարձունքների շփման գծի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան հատվածներում, սակայն ծանր մարտերի արդյունքում ղարաբաղյան բանակը վերատիրել է դրանց մեծ մասին:

Ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես ընդունեցին, որ հայկական բանակը դեռևս չի կարողացել հակառակորդից վերագրավել 8 մարտական հենակետ, որից 3-ը հյուսիս-արևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ, 5-ը՝ հարավ-արևելյան՝ Հորադիսի: Այդ հենակետերի համար ընթանում էին թեժ մարտեր:

Ղարաբաղյան բանակը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ էր դրել վերատիրել կորցրած բոլոր ռազմական հենակետերը և քանի դեռ դա ամբողջապես չէր հաջողվել, անիմաստ էր խոսել ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Ինչ է կատարվում

Ո՞վ առաջինը կրակեց այս անգամ, ո՞վ է մեղավոր և նմանօրինակ հարցերը կարող են հետաքրքիր լինել հակամարտությամբ զբաղվող տեսաբաններին, քաղաքագետներին ու Կովկասյան տարածաշրջանում շահեր հետապնդող ուժերին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղին ու նրա 150 հազար բնակչությանը, երբ կրկին սպանվում են խաղաղ բնակիչներ. այդ թվում՝ դպրոց շտապող երեխաներ:

Ռազմական գործողությունները ուղեկցվում են քարոզչական պատերազմով: Ադրբեջանական կողմի պնդումները, թե Լեռնային Ղարաբաղում հայերը կրում են ռազմական և տարածքային լուրջ կորուստներ չեն համապատասխանում իրականությանը: Թեև շարունակում են տարհանված մնալ Մարտակերտի շրջանի երկու գյուղերի՝ Թալիշի և Մատաղիսի քաղաքացիական բնակչությունը, սակայն Բաքվի պնդումները, թե իրենց հաջողվել է գրավել այդ բնակավայրերը ճիշտ չեն:

Ամբողջ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժին հաջողվել է ընդամենը մի քանի հատվածներում առաջ շարժվել 100-250 մետր: Ադրբեջանի զինուժին, չնայած սաստիկ հրետակոծությանը, չի հաջողվել գրավել և ոչ մի քաղաքացիական բնակավայր: Լոկալ դիրքային մարտերը ընթանում են մինչև 250 մետր տարածքի համար:

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն չորս օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային լրատվամիջոցների հետաքրքրությունը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը ներկայացնում է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին տեղեկատվություն:

Լուսանկարը՝ Յանա Շախրամանյանի

Ղարաբաղյան բանակի տվյալներով՝ ռազմական գործողությունների չորս օրերի ընթացքում ադրբեջանական զինուժը շփման գծի երկայնքով կորցրել է 18 տանկ, 3 զրահամեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք և 1 Գրադ կայան: Նույն ժամանակահատվածում ղարաբաղյան կողմը կորցրել է 7 տանկ:

Տպավորություններ դեպքի վայրից

Ես այստեղ եմ գտնվում սկսած ապրիլի 1-ից, այս օրերին այցելում ենք շփման գծին մոտ գտնվող տասնյակ բնակավայրեր և կարող եմ ասել, որ քաղաքացիական բնակչության շրջանում որևէ խուճապ չկա: Կյանքը Ստեփանակերտում ընթանում է բնականոն հունով: Դժվար կացություն է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի մեծությամբ երկրորդ բնակավայրի՝ Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակչության համար: Քանի որ այն գտնվում է շփման գծին շատ մոտ, ադրբեջանական կողմից ենթարկվում է սաստիկ ռմբակոծության, այդ թվում՝ Գրադ կայանքից:

Ապրիլի 3-ին ես երեք-չորս ժամ անցկացրի Մարտակերտում, և այդ ընթացքում քաղաքի վրա ընկավ առնվազն 30 արկ: Մարտակերտի բնակչությունը չի տարհանվել, խաղաղ բնակչությունը ռմբակոծության ընթացքում օգտվում է ռմբաապաստաններից:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ապրիլի 4-ի երեկոյան հայտարարեց, որ եթե Ադրբեջանը հարվածներ հասցնի Ստեփանակերտին և Լեռնային Ղարաբաղի այլ խոշոր բնակավայրերի, ապա ռազմական գործողությունները կտեղափովեն «Ադրբեջանի խորքը»: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է զինված ուժերի բոլոր տեսակներին, այդ թվում՝ հրթիռահրետանային զորքերին, պատրաստ լինել կործանիչ հարված հասցնելու Ստեփանակերտին և «օկուպացված մյուս բնակավայրերին»՝ կիրառելով Ադրբեջանի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող ծանր սպառազինությունը:

Եթե չլինի միջազգային, այդ թվում՝ դիվանագիտական լուրջ ներգրավվածություն, շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցման մասին չարժե խոսել: Ղարաբաղյան բանակը, ինչպես նշում են Ստեփանակերտի ռազմական և քաղաքական իշխանությունները, հաջողությամբ հետ է մղում ադրբեջանական գրոհները և երկարաժամկետ կտրվածքով պատրաստ է դիմակայել հակառակորդի նոր գրոհներին:

Ռազմական գործողությունների դադարեցման համար, նշում են Ստեփանակերտում, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը իր առաջնապահ ստորաբաժանումները վերադարձնի նախնական՝ մինչև ապրիլի 1-ի հարձակումը եղած դիրքեր: Հակառակ դեպքում, ղարաբաղյան բանակը դա կստիպի ուժային եղանակով:

Ինչո՞ւ այսօր

Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ստեղծված պատերազմական իրավիճակը կարող էր անակնկալ լինել միջազգային հանրության, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի համար:
Ադրբեջանը պարտվել է 1991-1994 թվականների պատերազմում, վերջին տարիներին սպառազինությունների մրցավազքի մեջ էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ, և, բնականաբար, մի օր այդ զենքը պետք է օգտագորվեր:

Սակայն ինչո՞ւ հենց այօր:

Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ղեկավարները նշում են աննախադեպ լարվածության մի քանի պատճառներ:

  • Առաջին, Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակը: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է երկրի ներսում ստեղծված տնտեսական իրավիճակից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել և իր շուրջ մոբիլիզացնել հասարակական կարծիքը:
  • Երկրորդ, Ստեփանակերտում հակված են կարծելու, որ ռազմական գործողությունների աննախադեպ սրացման մեջ իր դերն ու շահագրգռվածությունը ունի Թուրքիան՝ Ադրբեջանի թիվ մեկ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը:
  • Հակառակը, այստեղ հակված չեն արևմտյան լրատվամիջոցներում շրջանառվող այն տեսակետին, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին, որը, նպատակ ունի իրականացնել իր 1990-ական թվականների պլանները՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղաբաշխել ռուսական խաղաղապահ ուժեր, ինչը դա նրան հաջողվեց 1994-ին Աբխազիայում:
  • Նշվում է ևս մեկ հնարավոր պատճառ. շփման գծի ողջ երկայնքով աննախադեպ լարում հրահրելով Ադրբեջանը փորձում է ձախողել սահմանային միջադեպերը քննության ենթարկելու հարցով մեխանիզմ ստեղծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ վերջին առաջարկությունը: Ադրբեջանը նախորդ տարիներին հետևողականորեն անտեսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական հորդորդները՝ դիպուկահարներին հետ քաշել առաջնապահ գծից:

Նոր պատերազմով ո՞վ է շահագրգռված

Լեռնային Ղարաբաղում համոզված են, որ շփման գծում սրացման և նոր պատերազմի մեջ Ադրբեջանն է շահագրգռված, քանի որ նա է պարտված և ռևանշի ձգտող կողմը: Նախորդ երկու տասնամյակներում Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսել բազմաթիվ պատճառներով, որոնց շարքում կարևոր է եղել բանակցությունների առկայության իրողությունը: Որքան Ադրբեջանը համոզվում է, որ բանակցությունների ճանապարհով հնարավոր չէ հասնել կարգավորման մի տարբերակի, որը իր համար կլինի ամենացանկալին, այնքան մեծանալու է նոր պատերազմի վտանգն ու հավանականությունը:

Զինադադարը խախտել առաջին հերթին և մեծապես շահագրգռված է Ադրբեջանը, քանի որ ներկա ստատուս-քվոն տանելի և առավել ընդունելի է հայկական կողմի համար: Քանի որ այսօր բանակցություններում խոր փակուղի է, Բաքուն փորձում է զենքի կիրառումով միջազգային ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան հակամարտության վրա:

Բացի այդ, զինադադարի հաճախակի խախտումներով Բաքուն ձգտում է հայկական կողմին ստիպել գնալու զիջումների բանակցությունների սեղանի շուրջ: Ահա սա ևս կարելի է համարել այսօրվա թեժացման պատճառներից:

Շապիկի լուսանկարը՝ Ֆոտոլուր գարծակալության

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է՝ 07.04.2016