Հայաստանի երրորդ նախագահ (2008-2018 թթ) Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է. «Ինձ համար Արցախի էջը փակված չէ, շանս տեսնում եմ… Այդ հնարավորությունն իրականություն չի դարձել, որովհետև Արցախի Հանրապետության ինքնորոշումը իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանի իշխանությունները և Ղարաբաղի՝ Արցախի նախկին իշխանությունը։ Խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ, ոչ թե նախկին իշխանությունները, այլ նախկին իշխանությունը»։
Սերժ Սարգսյանը, առանց անուններ տալու, մեղադրել է Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, ով, Արցախի նախկին երկու նախագահների հետ, Բաքվի բանտում է: Երրորդ նախագահը նաև ասել է, որ նրանք, ովքեր Արցախի լուծարման մեջ մեղադրում են Սամվել Շահրամանյանին ու Արցախի խորհրդարանին, որ իշխանության բերեց վերջինիս, «ղալաթ են անում»:
«Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես են արել, ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ։ Սա մեկ հանգամանք։ Երկրորդ հանգամանքը՝ վերջին խորհրդարանով ընտրված նախագահը ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես մնացած փոքր բանակով, փոքր զինված ուժերով արդյոք ի վիճակի էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե, ի վիճակի չէր, այսինքն՝ իրենց ցանկությունը ո՞րն էր, որ այդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեի՞ն, զոհվեի՞ն, իսկ կանայք ու երեխաներն էլ դառնայի՞ն թուրքի փայ»,- Սերժ Սարգսյանի խոսքերը մեջբերում է Ազատությունը։
Սերժ Սարգսյանը, ինչպես և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հրապարակավ շնորհավորեցին Սամվել Շահրամանյանի ընտրությունը: Սեպտեմբերի 11-ին նա շնորհավորական ուղերձ էր հղել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: Ուղերձում ասվում էր.
«Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:
Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից:
Համոզված եմ, որ դա հնարավոր է:
Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»:
Մոտ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց և գրավեց Արցախի նոր տարածքներ, գյուղեր, ճանապարհային հանգույցներ:
Սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանն ստորագրեց հրամանագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։
Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների, նրանց տրանսպորտային միջոցների և ունեցվածքի ազատ, ինքնակամ և անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունվել․
1) մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթական կազմակերպությունները և Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։
2) Լեռնային Ղարաբաղի բնակչությանն, այդ թվում՝ հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորությունը ինքնուրույն և անհատապես որոշելու նպատակով։
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես հրապարակվելու պահից։