Ալիա Հաքվերդի, Բաքու
06 ԱՊՐԻԼԻ 2016 – 04:10, http://jam-news.net/Publication/Get/hy-AM/1631
Իսկ ինչպե՞ս են ձեր խոհանոցում քննարկում ղարաբաղյան հակամարտությունը
Երբ հայտնվեց ռազմական գործողությունների հեռանկար, պարզվեց, որ Ադրբեջանում բոլորը պատերազմ են ուզում: Գրասենյակային աշխատողները, գյուղացիները, բանկի աշխատակիցները, տնային տնտեսուհիները և ուսանողները՝ բոլորը կարծես քնից զարթնեցին և սկսեցին ռևանշ պահանջել:
«Աստծո կամոք, հաջորդ Նովրուզը Շուշիում ենք նշելու» արտահայտության նման աբստրակտ ցանկությունները հանկարծ թունելի վերջում լույսի վերածվեցին այն բաքվեցիների համար, ովքեր Շուշին երբեք չեն էլ տեսել:
Նման արձագանքն անհասկանալի է արտասահմանցիների համար, հատկապես նրանց, ովքեր վերջերս են այցելել հյուրընկալ Ղարաբաղ և չեն ուզում փլատակներ տեսնել այնտեղ, որտեղ իրենց լավ են դիմավորել: Սակայն, եթե ժամանակը հետ տանք և հայտնվենք 88 թվականում, երբ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էր, իսկ Երևանում ղարաբաղցի հայրենակիցներին միավորվելու վաղուցվա գաղափարը վերածվեց հզոր ալիքի, համախմբեց մարդկանց և դուրս բերեց փողոց:
Ես դիտմամբ ոչ մի հստակ տարեթիվ, անուն և մանրամասներ չեմ նշում: Բավական է իմանալ առանցքային պահերը, տեսնել պատկերները: Առաջինը՝ Ղարաբաղը, որտեղ ապրում են ադրբեջանցիներ ու ավելի շատ հայեր, երկրորդը՝ Երևանում մարդկանց ոգևվորված դեմքերը, երրորդը՝ պատերազմը, արյունն և ավերածությունները:
Բնականաբար, ամեն ինչ այդքան հեշտ չէ այս աշխարհում. եղել են միջէթնիկական բախումներ, երկկողմ հավակնություններ և բռնության ալիքներ, ԽՍՀՄ և հազարավոր այլ գործոններ, որոնք ազդել են հակամարտության ծագման և ընթացքի վրա: Սակայն այս երեք նկարագրությունների վերաբերյալ մեկ հարց ունեմ. արդյո՞ք երևանյան ինտելիգենցիան ինչ-որ մեկի արյունն էր ցանկանում: Որպեսզի մահանան երեխաներ, ծերեր ու կանա՞յք: Իհարկե, ո՛չ: Հակամարտության կարևոր շարժիչ ուժ էր հասարակական շարժումը, որի յուրաքանչյուր մասնակից մեկ բան էր ուզում միայն՝ պատմական արդարություն: Իսկ նրանց շարժառիթը ոչ այլ ինչ էր, քան հայերնասիրությունը: Եվ ոչ միայն նրանց:
Այժմ պատմությունը նոր փուլ է թևակոխել: Մենք՝ բաքվեցիներս, արդեն վախեցած և սոված խորհրդային քաղաքացիներ չենք, ովքեր 90-ականների սկզբին հազիվ էին ծայրը ծայրին հասցնում: Մենք նավթային մայրաքաղաքի կուշտ ու ապահովված բնակիչներ ենք, իսկ մեր պետությունը Կրեմլի վասալը չէ, որքան էլ խոսեն տենդենցների մասին: Մեր գիտակցությունը կարծես տեղը եկած լինի, մենք նայում ենք ու տեսնում, որ հարևան փոքր երկիրը մեզնից հող է խլել, որը նույնիսկ սահման չունի նրա հետ: Եվ դրան հարակից ևս 7 շրջան: Ինչպե՞ս է այդպես ստացվել:
Այս հաշվով մենք շատ վարկածներ ունենք: Վերադառնանք խոհանոց և լսենք, թե ինչ են խոսում: Օրինակ, որ Ռուսաստանն է ամեն ինչի մեղավորը: Թե՞ մենք ենք այդքան բարի, որ խորամանկ ու անսահման նենգ հայերը կարողացել են մեզ խաբել: Մենք, իհարկե, մեղավոր չենք, որ կորցրել ենք Ղարաբաղը: Սակայն ինչ-որ անորոշ անհանգստություն այդ առթիվ այնուամենայնիվ զգում ենք:
Մենք այժմ ուժեղ պետություն ենք և կարող ենք ռևանշի գնալ, լսվում է խոհանոցներում: Բազմոցներին նստածները նույնպես այդպես են կարծում, եթե հավատանք սոցցանցերին: Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք հայրենասեր ենք, մենք պատմական արդարության ենք տենչում:
Ինչ-որ տեղ ես սա արդեն լսել եմ:
Փաստարկներ միշտ կան: Փաստարկներ ունեն նույնիսկ նրանք, ովքեր կոչ են անում հարևան ազգին ոչնչացնել, աքսորել, մասնատել, խեղդել արյան ծովում: Երբեմն դա պարզապես «իսկ այս հարցով ինչ կասեք»-ներ են, երբ որպես փաստարկ է բերվում հետևյալը. «Նրանք մեր երեխաներին չեն խղճացել»: Երբեմն դա Հիտլերի տեսության պես խրթին մի բան է այն մասին, որ հարևան ժողովուրդը արժանի չէ այս մոլորակի վրա քայլել: Երբեմն էլ միջանկայլ տարբերակ է. «Թող ռադները քաշեն, որից հետո մենք նրանց կգթանք»:
Փաստարկները շատ են հատկապես նրանց համար, ովքեր հակամարտության ռազմական լուծման կողմնակից են: Փաստարկները միշտ և բոլոր մակարդակներում «փաթեթավորված են» էժանագին պաթետիկայով: «Ոչնչացնել հակառակորդին», «ազատել հողերը»՝ «սպանել հարյուր մարդ» և «տներ այրել» արտահայտությունների փոխարեն: Այս բառապաշարն օգտագործում են սահմանի երկու կողմերում էլ: Այսպիսի փաստարկները հիմնականում մեկ հասարակ պոստուլատի է հանգում. մարդկանց որոշակի հատված պետք է գնդակահարվի, այրվի, գլխատվի կամ պայթեցվի ա) ի հիշատակ այլ անմեղ սպանվածների, բ) պատմական արդարության համար, գ) քանի որ մենք սիրում ենք մեր հայրենիքը:
Այստեղ ինձ կարող են հակաճառել մեր փախստականներն, ովքեր ուզում են տուն վերադառնալ: Ուզում են, բայց խոհանոցներում և բազմոցներին հողի պրակտիկ արժեքը, որպես կանոն, շարժառիթների ցուցակում տասներորդ փաստարկն է:
Կարևորը աբստրակտ գաղափարներն են: Հիշողություն, արդարություն և հայրենասիրություն:
Հիշողությունը, կարծես, ինչ-որ ռուդիմենտ լինի, պապենական վրեժի մնացորդ: Ստացվում է, որ եթե երկու ժողովուրդներ թշնամություն են անում, նրանք պետք է միմյանց սպանեն մինչև ամբողջական ոչնչացում «ակն ընդ ական» սկզբունքով: Հակամարտության ընթացքում դիակները շատ են երկու կողմերից էլ, ինչպիսի՜ հնարավորություններ: Դժգո՞հ եք սոցիալական վիճակից, իշխանությունների քաղաքականությունից, խոսքի ազատության ճնշումներից, գործազրկությունից, սակայն չե՞ք կարող բացահայտ դժգոհություն հայտնել: Ոչինչ, ագրեսիան կկուտակվի ձեր մեջ և հետո կուղղվի այդ «տականքների և մարդասպանների» ուղղությամբ: Դուք երբեք չե՞ք տեսել զրուցակցին: Ոչինչ: Նրանք այնտեղ բոլորը նույնն են:
Պատմական արդարությունն ընդհանրապես զվարճալի օքսյումորոն է: Հազարավոր տարիներով պետությունների սահմաններն ու անվանումները փոփոխվել են, կրկին են ձևվել, կայսրությունները ստեղծվել ու անկում են ապրել, բայց, չգիտես ինչու, որոշ մարդիկ կարծում են, որ իրենց երկրի սահմանները պիտի ավելի լայն լինեն պատմական նախադեպի պատճառով: Ինչպե՞ս է դա հնարավոր կիրառել պրակտիկայում: Արդյո՞ք կա մի օրենք, համաձայն որի հայ գիտնականը կարող է ցույց տալ Պլինիոսի ձեռագիրն, ու նրան անմիջապես «ծովից ծով» հողակտորի փոստաթուղթ կհատկացնեն: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
Ինչ վերաբերում է հայրենիքի հանդեպ սիրուն, ապա սա ամենավերջին, բայց ամենահուզիչ և ամենակեղծ պոստուլատն է: Եվ ամենատարածվածը: Մենք բոլորս էլ սիրում ենք հայրենիքը: Դա մեր լռելյայն կարգավորումներն են: Մենք դպրոցում կարդացել ենք այդ բանաստեղծություններն ու երգել այդ երգերը: Մենք ողջ կյանքի ընթացքում վիճում ենք, թե ինչպես է դա ճիշտ անել և ով ավելի մեծ հաջողություն ունի այդ հարցում: Սակայն ի՞նչ է երկրի հանդեպ սերը: Պատերազմ գնալու, սպանելու և սպանվելու պատրաստակամությո՞ւն: Հիմնի հնչյուններից արտասվե՞լ: Երկրում կատարվող ամեն ինչի հետ լուռ համաձայնությո՞ւն: Թե՞ այլ բան:
Պատկերացրեք ևս երկու պատկեր. դուք նստած եք բազմոցին, սիրում եք հայրենիքը, ինչպես միշտ: Հետո՝ արյուն, թափված աղիքներ, դիեր: Այն մարդկանց, ովքեր նույնպես սիրում էին հայրենիքը և նրանց ասել էին, որ նրանք պետք է սիրեն հայրենիքը: Չէ՞ որ դուք միշտ ասել և գրել եք, որ հայրենիքի հանդեպ սերը զոհեր է պահանջում և դուք պատրաստ եք դրան: Մի՞թե ձեր այդ սերը որպես զոհ միայն մահացածներին է ընդունում: Այլ կերպ հնարավոր չէ՞ նրան հանդարտեցնել:
Այժմ շփման գծում դադար է, խոհանոցներում և բազմոցներին՝ հիասթափություն: Վերջին 4 օրերի ընթացքում բոլոր ընկերներս իմացան, որ ես չոր ու անզգա մարդ եմ, որը ոչ մի սրբություն չունի: Ամբողջությամբ համաձայն եմ: Երևի այդ պատճառով եմ ես ուրախ, որ այսօր գիշերը Ղարաբաղում ոչ մեկին չեն սպանի:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ: