Խաղաղապահներ և կացին. Բուդապեշտը Արցախյան գործընթացում

776

Հունգարիան ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, ո՛չ էլ Կովկասյան տարածաշրջանում ունի լուրջ շահեր ու հետաքրքրություններ, թեև Ռամիլ Սաֆարովը իր կացնով բավականին մերձեցրեց պաշտոնական Բուդապեշտին ու Բաքվին, ինչպես նաև պատճառ դարձավ, որ Հայաստանը խզի դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Բուդապեշտը Արցախյան կարգավորման խորապատկերում ասոցացվում է հիմնականում Սաֆարովի ոճրագործության հետ:

Այդ ոճրագործությունից տասը տարի առաջ՝ 1994-ին, դեկտեմբերի առաջին օրերին, Բուդապեշտում կայացավ ԵԱՀԿ գագաթաժողովը, որը Արցախի հարցում ընդունեց երկու կարևոր որոշում:

Առաջին. փաստացի Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց հակամարտության կողմ:

Երկրորդ. մերժվեց ռուսական նախաձեռնությունը՝ հակամարտության գոտի ԱՊՀ մանդատի ներքո ռուս խաղաղապահներ ուղարկելու ջանքը, մի բան, որ նույն տարվա աշնանը հաջողվել էր Կրեմլին Աբխազիայի, ինչպես նաև 1992-ին՝ հարավ-օսական հակամարտության դեպքում: Բուդապեշտում, երբ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ նաև օրակարգից հանվեց ԱՊՀ խաղաղապահ ուժեր տեղակայելու ռուսական առաջարկը, այսօր հայ ժողովրդի բարեկամ ընկալվող ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը մատ էր թափ տալիս:

Այս օրերին լրատվամիջոցների, փորձագիտական, քաղաքական ու քաղաքագիտական հանրության ուշադրության կենտրոնում է Արցախ-Ադրբեջան շփման գծում խաղաղապահներ տեղակայելու հնարավորության մասին տարաբնույթ և հակասական տեղեկատվությունը:

Անկախ նրանից՝ ընդունելի է՞ խաղաղապահներ տեղեկայելու առաջարկը, թե՝ մերժելի, փաստն այն է, որ ինչպես Բուդապեշտի գագաթաժողովում ընդունված, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներկայացրած կարգավորման բոլոր առաջարկություններում խաղաղապահներ տեղակայելու մասին առանձին հոդված կա:

Բուդապեշտի գագաթաժողովում ընդունված փաստաթղթերից մեկը (ՙՏարածաշրջանային հարցեր՚. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ ԵԱՀԿ գործողությունների ակտիվացում) նախատեսում էր հակամարտության գոտում ԵԱՀԿ բազմազգ ուժեր ծավալել: Վիեննայում պետք է ստեղծվեր Բարձր մակարդակի ծրագրավորման խումբ (ԲՄԾԽ), որի վրա էին դրվելու խաղաղապահ ուժերի կազմավորման և ղեկավարման պարտականությունները: Նախատեսվում էր ստեղծել ԵԱՀԽ հավաքական միջազգային ուժեր, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումից և հակամարտող կողմերի համաձայնությունից հետո պետք է տեղակայվեին հակամարտության գոտում:

ԲՄԾԽ-ն խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը քննարկվում էր լրջորեն, որոշվում էր դրանց քանակը, ո՞ր տարածքներով է նրանց ռազմական տեխնիկան տեղափոխվելու Լեռնային Ղարաբաղ, ո՞ր պետություններն են զինվորներ տրամադրելու և որքա՞ն ժամանակով:

Կես տարի անց՝ 1995թ. հուլիսին ԲՄԾԽ-ն ԵԱՀԿ-ին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու չորս տարբերակ:

Առաջին. առաջարկվում էր ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկել 240 դիտորդ և 3560 հոգանոց խաղաղապահ զինուժ, որոնք բաժանվում էին երեք գումարտակի և երեք վաշտի:

Երկրորդ տարբերակով նախատեսվում էր 200 դիտորդի և հինգ գումարտակից կազմված 4200 հոգանոց խաղաղապահ զինուժի տեղակայում:

Երրորդ տարբերակը ենթադրում էր 240 դիտորդ և 1260 թվով զինուժ:

Չորրորդ տարբերակը ամենից էժանն էր. 400 հոգանոց զինված դիտորդական խումբ և նրանց աջակցող 375 հոգանոց անձնակազմ: Առավել հավանական էր համարվում երկրորդ տարբերակը:

Խաղաղապահների 30-50 տոկոսը պատրաստվում էր տրամադրել Ռուսաստանը: Միացյալ Նահանգները հակված էին տրամադրելու ֆինանսական, նյութական և  թիկունքային օժանդակություն:

Կազիմիրովը տողերիս հեղինակի հետ ունեցած զրույցներում բազմիցս ասել է, որ իրականում միայն երկու երկիր էր պատրաստ խաղաղապահ զորքեր ուղարկել Կովկաս՝ Ռուսաստանը և Թուրքիան: Հայաստանի և Արցախի համար անընդունելի էր թուրքերի, իսկ Ադրբեջանի համար` ռուսների ներկայությունը:

Ի վերջո, ոչ մի խաղաղապահ էլ չուղարկվեց, իսկ Արցախ-Ադրբեջան զորքերի շփման գծում հարաբերական անդորրը 1994-ի մայիսից ի վեր պահպանվում է կողմերի ռազմական հավասարակշռության հաշվին:

Օրերս գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել դրան, սակայն այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։

Ի դեպ, ինչպես նշեցինք, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներկայացրած կարգավորման բոլոր առաջարկություններում խաղաղապահներ տեղակայելու մասին առանձին հոդված կա:

Այսպես, ներկայացված վերջին՝ Մադրիդյան փաստաթղթում ասվում է. «Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ գործողություն է իրականացվելու մինչև խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Խաղաղապահ միավորները կազմված են լինելու զորքերից: Խաղաղապահ գործունեության համար զորքերի տրամադրումը իրագործվելու է կամավոր հիմքերի վրա: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա»:
Թաթուլ Հակոբյան