Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Սարգսյանի և Ալիևի հետ

1686

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի կայքը: Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ ձեռնամուխ լինել ռազմական գործողությունների դադարեցմանը:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Այսօր երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով:

Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: Ռուսաստանի նախագահը կողմերին կոչ է արել պահպանել զինադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է անհրաժեշտ միջնորդական քայլեր՝ միտված նպաստելու իրավիճակի կարգավորմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով»:

Լուանկարում՝ Դմիտրի Մեդվեդև, Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին, Սերժ Սարգսյան