Պուտինն ու Էրդողանը բնավորությամբ, ժողովրդավարության յուրօրինակ ընկալումներով և Արևմուտքի նկատմամբ կոշտ մոտեցումներում բազմաթիվ նմանություններ ունեն:
Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի 18-ին իր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում գովեստներ շռայլեց Թուրքիայի առաջնորդի հասցեին, նրան անվանելով պինդ տղամարդ (крепкий мужик): Այս տարվա դեկտեմբերի առաջին օրերին, երբ Ռուսաստանի նախագահը պետական այցով մեկնեց Անկարա, մի շարք լրատվամիջոցներ դա կոչեցին ռուսական ցարի այց օսմանյան սուլթանին: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բնավորությամբ, ժողովրդավարության յուրօրինակ ընկալումներով և Արևմուտքի նկատմամբ իրենց կոշտ մոտեցումներում բազմաթիվ նմանություններ ունեն: Պուտինը հայտարարում է, որ Խորհրդային Միության փլուզումը մեծագույն ողբերգություն էր և ձգտում է Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ ստեղծել Եվրասիական տնտեսական միություն: Էրդողանը չի ձգտում (համենայն դեպս՝ չի հայտարարում) ինչ-որ ձևով վերականգնել Օսմանյան կայսրությունը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում դրել է նեո-օսմանականության (new-ottomanism) հայեցակարգը:
Ոչ վաղ անցյալի պատմությունը պետք է դաս լինի Հայաստանի համար: Առնվազն մեկ անգամ (Լենին-Աթաթուրք պայմանավորվածությունը 1920-1921 թվականներին) հայկական շահը զոհաբերվել է հանուն ռուս-թուրքական բարեկամության: Երբ Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարում է, որ Թուրքիան տարածաշրջանային խնդիրների լուծումներում պետք է իր խոսքն ու դերակատարությունը ունենա, ապա կամ թե ակամա մտածում ես Արցախի հարցի մասին: Հայաստանը բազմաթիվ շղթաներով կապված է Մոսկվային: Եթե որևէ հայի համար այս նախադասությունը վիրավորական է կամ նվաստացուցիչ, ապա եկեք շղթաները դնենք մի կողմ և դա համարենք հայ-ռուսական գործընկերություն կամ բարեկամություն: Բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում: Ռուս-թուրքական մերձեցումը վտանգավոր է Հայաստանի և հայկական շահերի տեսանկյունից:
Լենին-Աթաթուրք դաշինքից և 1925 թվականի խորհրդա-թուրքական պայմանագրից ի վեր Մոսկվա-Անկարա կապերը այնքան ամուր չեն եղել, ինչպես այսօր: Թուրքիան չմիացավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, հակառակը՝ խոստացավ դեպի Ռուսաստան ավելացնել այն ապրանքների մատակարարումները, որոնք նախկինում առաքվում էին Եվրոպայից: Ռուսաստանը դադարեցրեց Բուլղարիայով դեպի Եվրոպա նոր գազատարի կառուցումը և հայտարարեց, որ այն կանցնի Թուրքիայի տարածքով: Այսօր Թուրքիայի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը հենց Ռուսաստանն է: Ավելին, Ռուսաստանը Թուրքիայում պետք է ատոմակայան կառուցի:
Այն պայմաններում, երբ Հայաստանի կախումը Ռուսաստանից չափազանց խորն է, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան հասել են ռազմավարական գործընկերության, վտանգ կա, որ ռուսներն ու թուրքերը կարող են հայկական հարցում կայացնել որոշումներ՝ անտեսելով Հայաստանի և Արցախի շահը: Ճիշտ է, Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով հայ սահմանապահների հետ կանգնած են նաև ռուս սահմանապահները, իսկ Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, սակայն ռուսները Հայաստանում առաջին հերթին ոչ թե հայկական, այլ ռուսական շահն են պաշտպանում:
Ուշագրավ էր, որ իր ասուլիսում, խոսելով արտասահմանում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին, Պուտինը ընդգծեց, թե աշխարհում նման երկու ռազմակայան կա միայն՝ Տաջիկստանում և Ղրղզստանում: Պուտինը չհիշատակեց Գյումրիի 102-րդ ռազմակայանը: Հավանաբար այդ ձևով նա ցանկացավ ուղերձ հղել Էրդողանին, որ Հայաստանում տեղակայված ռազմակայանը ուղղված չէ Թուրքիայի դեմ: Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական ռազմակայանը ձևավորվել է 1992թ.՝ Խորհրդային Հայաստանում տեղակայված նախկին խորհրդային 7-րդ բանակի հենքով: Այդ բանակը Խորհրդային Հայաստանում ուներ ԽՍՀՄ-ը Թուրքիայից պաշտպանելու առաջադրանք: Ինչպես ռուս, այնպես էլ հայ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ռուսական զորքերը և սահմանապահները Հայաստանում են, որպեսզի պաշտպանեն մեր երկիրը Թուրքիայի հնարավոր սպառնալիքներից:
Ռուսաստանը աննախադեպ խորացրել է նաև հարաբերությունները Հայաստանի մեկ այլ հակառակորդ պետության՝ Ադրբեջանի հետ: Վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք: Այս իրողությունը, անկասկած, մտահոգում է Հայաստանի ղեկավարությանը և ժողովրդին, քանի որ Իլհամ Ալիևը պատերազմով է սպառնում Արցախին ու Հայաստանին: Սակայն Հայաստանի համար ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորացման վտանգը վաճառվող զենքը չէ միայն: Ի վերջո, Ադրբեջանը ֆինանսական հնարավորություններ ունի այլ երկրներից ևս զենքեր գնելու, ինչը անում է:
Վտանգը այլ տեղում է: Եթե Իլհամ Ալիևը ավելի թեքվի դեպի Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միություն, հասկացնել տա, որ կարող է անգամ անդամակցել այդ կառույցին, պայմանով, որ Վլադիմիր Պուտինը օգտագործի իր հեղինակությունը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեջ, ապա նման զարգացումը կարող է իրական սպառնալիք լինել Հայաստանի և Արցախի համար: Այստեղ էլ պետք է մեզ համար դաս լինի ոչ վաղ անցյալի պատմությունը: 1921թ. ամռանը հենց Ռուսաստանն էր, որ Արցախը դրեց Ադրբեջանի կազմում:
Դժվար է միանշանակ համաձայնել այն տեսակետի հետ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցեց անվտանգության նկատառումներով: Ավելի պարզ՝ Հայաստանը չէր կարող ընդդիմանալ և ոչ ասել այդ կառույցին անդամակցությանը, քանի որ Պուտինը Արցախի հարցում կպաշտպաներ Ադրբեջանին: Ի՞նչ երաշխիք, որ Հայաստանի անդամակցությունից հետո Արցախի հարցում ճնշումներ չեն լինի: Բացի այդ, չի երևում, որ Ռուսաստանը և հատկապես Բելառուսն ու Ղազախստանը Արցախի հարցում բարեկամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ:
Բոլոր երեք պետությունների խորհրդարանները վավերացրել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, սակայն հստակ և հրապարակավ հայտարարել, որ Հայաստանը այդ կառույցին անդամակցում է առանց Լեռնային Ղարաբաղի: Ավելին, ռուս պաշտոնյաները ակնարկում են, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու հարցը դեռևս որոշված չէ: Այսպիսով, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ևս մեկ անգամ ընդգծում են, այս դեպքում՝ հատուկ Ադրբեջանի համար, որ ճանաչում են վերջինիս տարածքային ամբողջականությունը:
Մի կողմից ռուս-թուրքական, մյուս կողմից՝ ռուս-ադրբեջանական գործընկերության խորացման պայմաններում Հայաստանը պետք է զարկ տա երկկողմ և բազմակողմ դիվանագիտությանը մի քանի ուղղություններով: Առաջին, խորացնել Եվրոպական Միության, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները: Երկրորդ, անմիջական երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ պահել և նոր մակարդակի բարձրացնել գործընկերությունը: Երրորդ, քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցություն սկսելու ուղղությամբ: Չորրորդ, վերականգնել 1990-ականների կեսերին գործող Հայաստան-Իրան-Հունաստան և Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակող ձևաչափով հանդիպումները: Այս ամենը պետք է անել ոչ ի հակակշիռ Ռուսաստանի, այլ հանուն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման:
Թաթուլ Հակոբյան
Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթի կայքում՝ 2014թ դեկտեմբերի 23-ին