Այլախոհության պատմությունը ԽՍՀՄ-ում. հատված Վարդան Հարությունյանի գրքից

2781

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն: Ներկայացնում ենք մի հատված խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից:

 

download

 

Համառոտ անդրադարձ

ԽՍՀՄ-ում այլախոհության պատմությունն ընդունված է սկսել 1960-ականների սկզբներից: Սա չի նշանակում, թե մինչ այդ խորհրդային երկրում այլախոհություն չի եղել: Բռնատիրական ուղիով ընթացող ցանկացած երկրում այլախոհությունն ինքնաբերաբար ծնվում ու այդ բռնատիրության ողջ ընթացքում ուղեկցում է նրան: Սա շատ բնական է: Այլախոհությունը ծնվում է որպես բռնատիրության պատասխան, որպես դրա արդյունք, եւ քանի դեռ հասարակությունը չի ժողովրդավարացրել, քանի դեռ իշխանական կարծիքին չհամապատասխանող կարծիք արտահայտելու համար չեն դադարել մարդուն հետապնդել, չնայած տարատեսակ, անգամ դաժանագույն հետապնդումներին՝ գոյություն է ունենալու: Այսպես եղել է միշտ եւ ամենուր, խորհրդային երկիրը բացառություն լինել չէր կարող: Ընդդիմադիր հայացքների տեր անհատներ եղել են այս երկրի պատմության ողջ 70 տարիների ընթացքում:

Ստալինյան բռնատիրության տարիներին այլախոհները տարրալուծվում էին բռնադատվածների հոծ բանակի մեջ, եւ նրանց մասին կարող են հիշատակումներ անել միայն այդ տարիների անցուդարձը լրջորեն ուսումնասիրողները: Ստալինի մահից հետո  խորհրդային երկրում նոր իրավիճակ ստեղծվեց: Երկիրը շարունակում էր մնալ բռնատիրական, շարունակվում էին քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, այլակոծությունն ու այլախոհությունը դատապարտելի էին համարվում, բայց բռնություններն այլեւս համատարած բնույթ չէին կրում, իսկ բռնադատվածներն ազատ էին արձակվում: Ավելի ուշ նաեւ սկսվեց այս կարգի մարդկանց  գործերի վերանայման ու արդարացման գործընթաց: Ահա այս շրջանում է՛լ ավելի ցայտուն արտահայտվեց հալածվող ու դատապարտվող այլախոհությունը: Կալանավայրերը լցված չէին քրեական հանցագործներով ու միլիոնավոր բռնադատվածներով: Դրանք արդեն լցված էին միլիոնավոր քրեական հանցագործներով եւ սակավաթիվ  այլախոհներով:

Ավելի ուշ (1948թ.-ից)՝ խորհրդային իշխանությունները վճռել էին, իրենց լեզվով ասած, «հատուկ վտանգավոր պետական հանցագործներին», որոնց թվին էին դասվում նաեւ այլախոհները, առանձնացնել քրեական հանցագործներից եւ պահել հատուկ այդ նպատակով կազմակերպված խիստ ռեժիմի կալանավայրերում: Այս շրջանից սկսած՝ ավելի հեշտ ու ավելի հստակ կարելի է խոսել այլախոհության մասին: 1950-ականներին քաղաքական ենթատեքստով դատապարտված մարդկանց, որոնք ազատազրկվել են այս կամ այն կերպ, այս կամ այն չափով տիրող համակարգի նկատմամբ իրենց անհամաձայնությունն արտահայտելու պատճառով, արդեն առանց երկմտելու կարող ենք «այլախոհ» անվանել:

1960-1988 թթ. Խորհրդային Միության 15 հանրապետություններից ծանրակշիռ այլախոհական շարժում կար Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում, Ուկրանիայում, Վրաստանում եւ Հայաստանում: Առանձին այլախոհական միավոր էին կազմում Ղրիմի թաթարները, որոնց պայքարի գլխավոր նպատակն իրենց ազգային իրավունքի իրացումն էր, ինչն առաջին հերթին պետք է արտահայտվեր Ղրիմ վերադառնալու իրավունքի նվաճմամբ: Ռուսաստանում այլախոհությունն առկա էր մեծ քաղաքներում, հիմնականում՝ Մոսկվայում եւ Պետերբուրգում:

Այլախոհության առումով ԽՍՀՄ-ում Հայաստանը 1960-1988թթ. առանձնահատուկ տեղ էր գրավել: Այստեղ, ի տարբերություն այլ հանրապետությունների, ոչ թե տարերային կամ դիպվածային, այլ կազմակերպված այլախոհական շարժում էր գործում: 1962-ին սկսել եւ մինչեւ 1966-ը գործել է Հայաստանի երիտասարդների միությունը: Ճիշտ է, այս կազմակերպությունը չի ունեցել հստակ մշակված ծրագիր ու կանոնադրություն, տարբեր փուլերում դրանք մշակելու զանազան փորձեր են արվել եւ այդպես էլ վերջնական տեսքի չեն բերվել, բայց չորս տարի շարունակ՝ ամենադժվարին պայմաններում գործել է: Կազմակերպությունն անդամակցող մարդկանցից շատերը դատապարտվել են, շատերն էլ տարատեսակ հետապնդումների են ենթարկվել: Նկատենք նաեւ, որ սա չի եղել այնպիսի կառույց, որը կհայտարարեր Խորհրդային Միությունում պաշտոնական համարվող կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարի իր պատրաստակամության մասին: Սա ավելի շատ ազգային-հայրենասիրական կազմակերպություն էր, որի անդամներն իրենց առջեւ դրել էին՝ Եղեռնի օրը (ապրիլ 24-ը) նշելը, Եղեռնի զոհերի հուշարձան ունենալը, Հայաստանի կորցրած տարածքների՝ մասնավորապես Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերադարձը, հայոց լեզվի մաքրությունը եւ պահպանումը: 1965թ. հզոր ցույցը կարելի է նաեւ այս կազմակերպության գրանցած հաջողություններից մեկը համարել: 1966թ. սկսած՝ Հայաստանը դարձավ ԽՍՀՄ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդիմադիր կուսակցություն, որն ուներ պաշտոնաթերթ, եւ այդ թերթի ու տարածած թռուցիկների միջոցով հայտարարեց գործող ռեժիմի դեմ իր գաղափարական պայքարի մասին: Դա Ազգային միացյալ կուսակցությունն (ԱՄԿ) էր: ԱՄԿ անդամները շարունակաբար կալանավորվում ու երկարատեւ ազատազրկման էին դատապարտվում, բայց կուսակցությունը շարունակում էր գործել: Եվ գործեց մինչեւ 1988 թվականը, երբ արդեն ընդհատակյա պայքարի անհրաժեշտություն չկար: Լյուդմիլա Ալեքսեեւան իր 1992 թ. հրապարակած «Այլախոհության պատմությունը ԽՍՀՄ-ում» գրքի Հայաստանին նվիրված բաժնում գրում է. «Հայաստանը ԽՍՀՄ միակ հանրապետությունն է, որտեղ գործում է կուսակցություն, որն իր առջեւ ԽՍՀՄ-ից դուրս գալու նպատակ է դրել, եւ այդ գաղափարն ընկալվում է ժողովրդի կողմից: 15 տարիների ընթացքում ՊԱԿ-ը հնարավորություն է ունեցել համոզվելու, որ անհնար է ոչնչացնել ԱՄԿ-ն, յուրաքանչյուր ձերբակալությունների շղթայից հետո ի հայտ էին գալիս նոր հետեւորդներ»:

Մի ուշագրավ եւ ընդգծման անհրաժեշտություն ունեցող հանգամանք եւս (բացի ձեւավորված ու ընդհատակում անընդհատ գործող կուսակցության առկայությունից) առանձնացնում է հայաստանյան այլախոհությունը մյուս հանրապետություններում առկա նմանատիպ դրսեւորումներից: ԽՍՀՄ սահմաններից դուրս՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում առկա սփյուռքը՝ ռուսական լինի, ուկրաինական կամ մերձբալթյան, հսկայական աջակցություն էր ցուցաբերում խորհրդային երկրում պայքարող իրենց հայրենակից այլախոհներին: Այդ աջակցությունը հիմնականում արտահայտվում էր նրանց ձայնը դրսում լսելի դարձնելով: Սփյուռքում կազմակերպվում էին աջակցության կենտրոններ, մայրենի լեզվով հրատարակվող մամուլի միջոցներն անդրադառնում էին այլախոհներին, թարգմանաբար օտարներին էին ներկայացնում նրանց գործերը, նրանց անձը եւ նրանց պայքարն ընդհանրապես: Հայաստանյան այլախոհները նման աջակցությունից զուրկ են եղել: Հայկական սփյուռքը միայն դեպքից  դեպք է անրադարձել հայ քաղբանտարկյալներին ու այլախոհներին: Հայ այլախոհները, նրանց նկատմամբ կայացված դատավճիռները, նրանց հետագա ճակատագրերը, որպես կանոն, ԽՍՀՄ սահմաններից դուրս հայտնի էին դառնում ոչ թե հայերի, այլ օտարների աջակցության շնորհիվ: 1968թ. մոսկովյան այլախոհների կողմից հրատարակվող «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկա»-ն մշտապես, ի թիվս այլոց, անդրադարձել է նաեւ հայ այլախոհներին: Ավելի ուշ՝ «Դեպքերը Հայաստանում» խորագրով առանձին բաժին է բացվում «Խրոնիկա»-ում, որտեղ հեղինակները մանրամասն անդրադառնում էին հայաստանյան իրադարձություններին՝ հետապնդումներին, իրավունքների խախտումներին եւ քաղաքական դատավարություններին:

Քաղաքական կալանավայրերում հայտնված հայ քաղբանտարկյալները, չնչին բացառությամբ, չափազանց ակտիվ են եղել կալանավայրերում: Ցանկացած միջոցառում՝ հացադուլ լիներ, գործադուլ, թե քաղաքական կարգավիճակի պահանջ, ինչը նախատեսում էր լրջագույն ու ամենախիստ պատիժներ՝ ընդհուպ մինչեւ ռեժիմի խստացում եւ բանտային ռեժիմի փոխադրում, առանց հայ քաղբանտարկյալների չի ընթացել: Նրանք միշտ եղել են առաջին շարքում, եւ որպես ամենաակտիվ կալանավորներ՝ մշտապես եւ «Խրոնիկա»-ի էջերում, եւ արեւմտյան լրատվամիջոցներում շեշտվել է նրանց անունները: Սրանում համոզվելու համար բավական է համացանցում մտնել «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկա»-ի կայքը, որտեղ տեղադրված են 1968 թվականից սկսած՝ «Խրոնիկա»-ի բոլոր թողարկումները, եւ ուսումնասիրել էջ առ էջ: Քիչ կհանդիպեն համարներ, որտեղ հայերի կամ Հայաստանի մասին հիշատակումներ չեն լինի, իսկ կալանավայրերից եկած տեղեկատվական հոսքում հայկական ազգանվան բացակայություն չի նկատվի:

Չնայած այն հանգամանքին, որ, ինչպես նշեցինք վերեւում՝ միայն ստալինյան համատարած բռնություններից հետո է հնարավոր եղել խոսել ԽՍՀՄ-ում սակավաթիւ այլախոհների մասին, եւ դասական այլախոհության ի հայտ գալը ԽՍՀՄ-ում ընդունված է ետստալինյան երեւույթ համարել, Հայաստանի Հանրապետության 1994թ. հունիսի 14-ին ընդունված Բռնադատվածների մասին օրենքն այլախոհներին արհեստականորեն ներառեց Ստալինյան շրջանի բռնադատվածների բանակի մեջ: Ճիշտ այնպես ինչպես ստալինյան շրջանում էին իրական այլախոհները տարրալուծվումբռնադատվածների հոծ բազմության մեջ ու չէին առանձնացվում, այնպես էլ՝ անկախ Հայաստանում բոլորը բռնադատված են համարվում:

Ավելորդ է ասել, որ բռնադատվածը եւ այլախոհության համար դատապարտվածը լիովին տարբեր հասկացություններ են: Մի դեպքում համատարած բռնությունների զոհ են դառնում բացարձակապես անմեղ երկրի դրվածքին և կարգերին չընդդիմացող, նույնիսկ այդ կարգերին հավատարիմ մարդիկ, որոնց մտքով անգամ չէր անցնի, որ կդատապարտվեն, իսկ մյուս դեպքում՝ դատապարտվում է իր երկրի անկախության համար պայքարողը կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկողը, որը գիտի՝ իր գործողությունները չեն ներվելու երկրի իշխանությունների կողմից, գիտի, որ դատապարտվելու է եւ գիտակցված անում է քայլեր, որոնք նրա ազատազրկման պատճառ են դառնալու: Ժամանակին այս երկու բացարձակապես տարբեր երեւույթները մեկ օրենքի մեջ ներառելով նույնականացնելը ե՛ւ սխալ էր, ե՛ւ վիրավորական այլախոհների համար: