Սերժ Սարգսյանի առաջ Սպիտակ տան դուռը փակ է

4743

Նախագահի պաշտոնը ստանալուց՝ 2008-ի ապրիլից ի վեր, Սերժ Սարգսյանը յոթ անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, սակայն նրան չի հաջողվել ընդունելության արժանանալ Սպիտակ տանը: Սարգսյանին հաջողվել է երկու կարճ հանդիպում ունենալ Բարաք Օբամայի հետ: Միայն այդքանը, թեև Հայաստանի արտգործնախարարությունը և Վաշինգտոնում Հայաստանի դեսպանները ջանք ու եռանդ չեն խնայել՝ կազմակերպելու Սարգսյանի պաշտոնական այցը:

Ձեզ ենք ներկայացնում Սերժ Սարգսյանի՝ Միացյալ Նահանգներ այցելությունների ժամանակագրությունը:

2009թ. հոկտեմբերին Սարգսյանը համահայկական շրջագայություն կատարեց հայ-թուրքական արձանագրությունները Սփյուռքում «վաճառելու» նպատակով: Այն ընգդրկեց նաև Նյու Յորքն ու Լոս Անջելեսը: Ամերիկյան վարչակազմը ողջունեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Սարգսյանի «խիզախ» քայլը: Այցի ընթացքում Օբաման զանգահարեց Սերժ Սարգսյանին և իր աջակցությունը հայտնեց:

2010թ. ապրիլին Սարգսյանը առաջին հանդիպումը ունեցավ Օբամայի հետ: Այդ հանդիպումը կայացավ Վաշինգտոնի միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում:

2011թ. Սարգսյանը երկու անգամ այցելեց Միացյալ Նահանգներ՝ մայիսին և սեպտեմբերին: Սեպտեմբերյան այցի ընթացքում՝ Նյու Յորքում և Լոս Անջելեսում, նա հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ մայիսին Վաշինգտոնում նրան ընդունեց պետքարտուղարը:

2015թ. Սերժ Սարգսյանը երկու անգամ աշխատանքային այցով մեկնեց Միացյալ Նահանգներ, սակայն երկու դեպքում էլ դա առնչություն չուներ հայ-ամերիկյան հարաբերությունների հետ, թեև եղան նաև երկկողմ հանդիպումներ և առնվազն մեկ պատմական լուսանկար՝ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ հետ:

12019758_743857235744029_2346235058105315132_n
Սեպտեմբեր, 2015

Մայիսին Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում մասնակցեց Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին: Արարողությանը մասնակցեցին նաև փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը: Այցի ընթացքում Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգթոնի հետ:

Քոչարյան-Քլինթոն
Ապրիլ, 1999

Սարգսյանը Միացյալ Նահանգներ մեկնեց նաև սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալու նպատակով: Նյու Յորքում նա մասնակցեց նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում, ինչպես հաղորդեց Բաղրամյան 26-ը, նախագահներ Բարաք Օբաման և Սերժ Սարգսյանը «կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր»: (Ի դեպ, Օբամայի և նրա տիկնոջ ընդունելությանը արարողակարգով  լուսանկարվեց նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը Արևմուտքի մշտական քննադատության թիրախում է):

Քոչարյան-Բուշ
Ապրիլ, 2001

Այս օրերին Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցն է կատարում ԱՄՆ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մասաչուսեթս նահանգում նա այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, ապա Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» և Հայ հեղափոխական դաշնակցության «Հայրենիք» կենտրոններում: Սարգսյանը Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը եղել է նաև Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում:

ԱԳՆ-ն սրբագրո՞ւմ է պատմությունը

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում՝ «Երկկողմ հարաբերություններ» բաժնում, որտեղ ըստ երկրների մեկ առ մեկ նշված են հայ բարձրաստիճան ղեկավարների այցերը, բացակայում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝  նախագահի պաշտոնում 1991թ. առաջին այցը Միացյալ Նահանգներ: Դա տեղի ունեցավ նրա երդմնակալությունից երեք օր անց՝ նոյեմբերի 14-ին: Տեր-Պետրոսյանին Սպիտակ տանը ընդունեց Ջորջ Բուշ Ավագը:

George-Bush-LTP-Raffi
Նոյեմբեր, 1991

Ես հակված եմ կարծելու, որ Հայաստանի արտգործնախարարությունը ոչ կանխակալ կերպով է բաց թողել այդ այցի մասին հիշատակությունը: Տեր-Պետրոսյանի՝ Միացյալ Նահանգներ երկրորդ պաշտոնական այցը տեղի ունեցավ 1994թ. օգոստոսին: Սպիտակ տան օվալաձև դահլիճում նրան ընդունեց Բիլ Քլինթոնը:

1994, Levon in US
Օգոստոս, 1994

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես երկու անգամ ընդունելության է արժանացել Սպիտակ տանը. առաջինը 1999թ. ապրիլին, երկրորդը՝ 2001թ. ապրիլին՝ Քի Վեսթից Հայաստան վերադարձի ճանապարհին:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման 2010թ. ապրիլին Վաշինգտոնի միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովում