Նավուր գյուղը գտնվում է Տավուշի մարզի Բերդի, նախկինում՝ Շամշադինի շրջանում՝ Տավուշ և Հախում գետերի միջև: Գյուղը հավանաբար հիմնադրվել է 1831-ից հետո: Ինչպես հայտնի է, Հայաստանի տարածքում առաջին մարդահամարը կամ բնակչության հաշվառումը անց է կացվել այն բանից հետո, երբ այն Իրանից անցել է Ռուսաստանին: Նավուրում առաջին մարդահամարը կամ բնակչության հաշվառումը անց է կացվել 1873-ին:
Գյուղը հանդիպում է նաև Նորուր և Նովչալի անուններով: Հարևան Իծաքար գյուղը համարվել է Նավուրի թաղամաս և առանձնացել է որպես առանձին համայնք 1991-ին:
Նավուր (Իծաքարի հետ) գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1873 թվական – 249 հոգի
1886 թվական – 383 հոգի
1897 թվական – 573 (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1908 թվական – 911 հոգի
1916 թվական – 848 (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)
1922 թվական – 1.138 հոգի
1926 թվական – 1.076 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1.457-ը՝ հայ, 3-ը՝ ռուս
1931 թվական – 1.418 հոգի
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Բերդ/Շամշադինի շրջանի գյուղերում 1831-ի տվյալներով ոչ մի մուսուլման չի բնակվել, թեև գյուղերը սահմանակից են Ադրբեջանի Աղստաֆայի, Թովուզի և Գետաբեկի շրջաններին, խորհրդային և նախախորհրդային շրջանում հայերն ու մուսուլմանները միմյանց հետ բարեկամություն և առևտուր են արել:
Իծաքար գյուղը սկզբում որպես անասնապահական ամառանոց հիմնվել է 1888 թվականին։ Խորհրդային տարիներին Իծաքարը որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս։ 1991 թվականին Իծաքարն առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ:
1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամար տվյալներով՝ Իծաքարում բնակչության թիվը եղել է 125 հոգի, 1939-ին՝ 344:
Պատմությունը
Մածնաբերդի և Տավուշի Բագրատունի Կյուրիկյանները
Կյուրիկյանները Բագրատունյանց արքայական տոհմի կրտսեր ճյուղն է: Նրա հիմնադիրը Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենն էր՝ Կյուրիկեն: 10-րդ դարի կեսերից նրա կառավարմանն էին հանձնվել Գուգարքի հարավային մարզերը՝ Տաշիր-Ձորագետը: 1045 թվականին Բյուզանդիան գրավեց Անին, իսկ 1065-ին՝ Կարսի թագավորությունը: Դրանից հետո Հայաստանում Բագրատունյաց միակ կազմավորումը Կյուրիկյան թագավորությունն էր: 1081 թ. Հաղբատի վանքում Կյուրիկե Ա-ի աջակցությամբ Շիրակի եպիսկոպոս Բարսեղը օծվեց որպես Հայոց կաթողիկոս, ինչպես նաև նրա ժամանակ դրամ հատվեց, որ առայժմ միակն է Բագրատունյաց շրջանից:
11-րդ դարի վերջերին սելջուկները, որ մինչ այդ գրավել էին Հայաստանի մեծ մասը, աստիճանաբար զավթեցին նաև Տաշիր-Ձորագետը: Կյուրիկյաններին մնաց միայն կենտրոնական հատվածը՝ Լոռին Սանահին մայրաքաղաքով:
Անվերջ հարձակումների պատճառով Կյուրիկե Ա-ի որդիները՝ Դավիթն ու Աբասը 1113 թվականին ստիպված եղան հեռանալ և անցնել Տավուշ: Այստեղ նրանց հաջողվեց պահպանել իշխանությունը Տավուշ-Գարդման գավառների մի մասում՝ առաջացան երկու փոքր իշխանություններ՝ Մածնաբերդի և Տավուշի: Մածնաբերդի իշխանությունը գոյատևեց մինչև 13-րդ դարի կեսերը:
Մածնաբերդի տեր Կյուրիկե Բ-ի որդի Վասակը Գարդման գավառում հիմնեց Կյուրիկյան նոր, ոչ մեծ իշխանություն՝ Նոր բերդ կենտրոնով, որը կարճատև կյանք ունեցավ:
Պարսկական և ցարական տիրապետության շրջան
16-րդ դարում՝ թուրք-պարսկական պատերազմների սկզբնական շրջանում Իրանի կառավարիչեր Շահ Իսմայիլն ու նրա որդի Թահմասը իրենց թիկունքն ամրապնդելու նպատակով Հյուսիսային Հայաստանում (Լոռի, Աղստև, Տավուշ, Գարդման և այլն) բնակեցրին թյուրքական և մուսուլմանական ցեղերով՝ բորչալու, ղազախ և շամշադիլ։
Շամշադինի շրջանը 16-րդ դարում ներառել է այսօրվա Բերդի և Ճամբարակի, ինչպես նաև Ադրբեջանի մաս կազմող Ղազախի, Թովուզի և Գետաբեկի շրջանները:
Երբ Արևելյան Հայաստանը Իրանից անցավ Ռոմանովների Ռուսաստանին, Շամշադինը մաս կազմեց Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Ղազախի գավառին՝ դառնալով 3-րդ և 4-րդ պրիստավությունները: 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացվելուց հետո, Հայհեղկոմը կատարեց վարչատարածքային նոր բաժանում: Հայկական ԽՍՀ բաժանվեց 8 գավառների և 33 գավառամասի։ 1921-ի օգոստոսին կազմվեց ևս մեկ գավառ՝ Զանգեզուրը 6 գավառակներով: Այս բաժանումը որոշ փոփոխություններով պահպանվեց մինչև 1929 թվականը, երբ հանրապետությունում կար 9 գավառ և 38 գավառակ: Շամշադինն այդ ժամանակ համարվել է Դիլիջանի գավառի Շամշադինի գավառակը:
1930 թվականի սեպտեմբերին Շամշադինը դարձավ առանձին շրջան Շամշադին, հետագայում՝ Բերդ, շրջկենտրոնով:
Խորհրդային վերջին շրջանում Շամշադինն ուներ 15 գյուղական խորհուրդ. Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Վարագավան, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ, Նավուր (Իծաքարի հետ), Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Պառավաքար, Տավուշ, Ծաղկավան, Չինարի, Չինչին, Չորաթան:
Լուսանկարում՝ Իծաքար գյուղը