Չորաթան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

8920

Չորաթանը գտնվում է Տավուշի մարզի Բերդի, նախկինում՝ Շամշադինի շրջանում: Գյուղը հիմնադրվել է ավելի քան 250 տարի առաջ:

Հիմնադրման օրվանից գյուղը այլ անուն, բացի Չորաթան, չի ունեցել:

Չորաթան գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 413 հոգի

1873 թվական – 150 հոգի

1886 թվական – 296 հոգի

1897 թվական – 395 (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1916 թվական – 381 (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1922 թվական – 776 հոգի

1926 թվական – 458 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 930 հոգի

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Բերդ/Շամշադինի շրջանի գյուղերում 1831-ի տվյալներով ոչ մի մուսուլման չի բնակվել, թեև գյուղերը սահմանակից են Ադրբեջանի Աղստաֆայի, Թովուզի և Գետաբեկի շրջաններին, խորհրդային և նախախորհրդային շրջանում հայերն ու մուսուլմանները միմյանց հետ բարեկամություն և առևտուր են արել:

Չորաթան3

Պատմությունը

Մածնաբերդի և Տավուշի Բագրատունի Կյուրիկյանները

Կյուրիկյանները Բագրատունյանց արքայական տոհմի կրտսեր ճյուղն է: Նրա հիմնադիրը Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենն էր՝ Կյուրիկեն: 10-րդ դարի կեսերից նրա կառավարմանն էին հանձնվել Գուգարքի հարավային մարզերը՝ Տաշիր-Ձորագետը: 1045 թվականին Բյուզանդիան գրավեց Անին, իսկ 1065-ին՝ Կարսի թագավորությունը: Դրանից հետո Հայաստանում Բագրատունյաց միակ կազմավորումը Կյուրիկյան թագավորությունն էր: 1081 թ. Հաղբատի վանքում Կյուրիկե Ա-ի աջակցությամբ Շիրակի եպիսկոպոս Բարսեղը օծվեց որպես Հայոց կաթողիկոս, ինչպես նաև նրա ժամանակ դրամ հատվեց, որ առայժմ միակն է Բագրատունյաց շրջանից:

11-րդ դարի վերջերին սելջուկները, որ մինչ այդ գրավել էին Հայաստանի մեծ մասը, աստիճանաբար զավթեցին նաև Տաշիր-Ձորագետը: Կյուրիկյաններին մնաց միայն կենտրոնական հատվածը՝ Լոռին Սանահին մայրաքաղաքով:

Անվերջ հարձակումների պատճառով Կյուրիկե Ա-ի որդիները՝ Դավիթն ու Աբասը 1113 թվականին ստիպված եղան հեռանալ և անցնել Տավուշ: Այստեղ նրանց հաջողվեց պահպանել իշխանությունը Տավուշ-Գարդման գավառների մի մասում՝ առաջացան երկու փոքր իշխանություններ՝ Մածնաբերդի և Տավուշի: Մածնաբերդի իշխանությունը գոյատևեց մինչև 13-րդ դարի կեսերը:

Մածնաբերդի տեր Կյուրիկե Բ-ի որդի Վասակը Գարդման գավառում հիմնեց Կյուրիկյան նոր, ոչ մեծ իշխանություն՝ Նոր բերդ կենտրոնով, որը կարճատև կյանք ունեցավ:

Պարսկական և ցարական տիրապետության շրջան

16-րդ դարում՝ թուրք-պարսկական պատերազմների սկզբնական շրջանում Իրանի կառավարիչեր Շահ Իսմայիլն ու նրա որդի Թահմասը իրենց թիկունքն ամրապնդելու նպատակով Հյուսիսային Հայաստանում (Լոռի, Աղստև, Տավուշ, Գարդման և այլն) բնակեցրին թյուրքական և մուսուլմանական ցեղերով՝ բորչալու, ղազախ և շամշադիլ։

Շամշադինի շրջանը 16-րդ դարում ներառել է այսօրվա Բերդի և Ճամբարակի, ինչպես նաև Ադրբեջանի մաս կազմող Ղազախի, Թովուզի և Գետաբեկի շրջանները:

Երբ Արևելյան Հայաստանը Իրանից անցավ Ռոմանովների Ռուսաստանին, Շամշադինը մաս կազմեց Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Ղազախի գավառին՝ դառնալով 3-րդ և 4-րդ պրիստավությունները: 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացվելուց հետո, Հայհեղկոմը կատարեց վարչատարածքային նոր բաժանում: Հայկական ԽՍՀ բաժանվեց 8 գավառների և 33 գավառամասի։ 1921-ի օգոստոսին կազմվեց ևս մեկ գավառ՝ Զանգեզուրը 6 գավառակներով: Այս բաժանումը որոշ փոփոխություններով պահպանվեց մինչև 1929 թվականը, երբ հանրապետությունում կար 9 գավառ և 38 գավառակ: Շամշադինն այդ ժամանակ համարվել է Դիլիջանի գավառի Շամշադինի գավառակը:

1930 թվականի սեպտեմբերին Շամշադինը դարձավ առանձին շրջան Շամշադին, հետագայում՝ Բերդ, շրջկենտրոնով:

Խորհրդային վերջին շրջանում Շամշադինն ուներ 15 գյուղական խորհուրդ. Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Վարագավան, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ, Նավուր (Իծաքարի հետ), Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Պառավաքար, Տավուշ, Ծաղկավան, Չինարի, Չինչին, Չորաթան: