Կոտայքի շրջանի գյուղերը 1831 թվականին

20227

Ծանոթ. – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Կոտայքի շրջանը 1831 թվականի տվյալներով: Հետագայում ներկայացնելու ենք նաև Կոտայքի շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: 

Հիշեցնենք, որ Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին՝ մինչև 1930-ը, հանրապետությունը բաժանված էր 29 շրջանների, որոնցից 2-ը՝

քաղաքային. Երևան և Լենինական, այսօր՝ Գյումրի,

27-ը՝ գյուղական. Աբարան (Ապարան), Ալլահվերդի (Ալավերդի), Ախտա (Հրազդան), Աղբաբա (Ամասիա, Աշոցք), Աշտարակ, Արթիկ, Բասարգեչար (Վարդենիս), Գորիս, Դիլիջան, Թալին, Իջևան, Լենինական (գյուղեր), Կոտայք, Ղամարլու (Արտաշատ), Ղարաքիլիսա (Կիրովական, Վանաձոր), Ղափան (Կապան), Ղուրդուղուլի (Հոկտեմբերյան, Արմավիր), Մարտունի, Մեղրի, Նոր Բայազետ (Կամո, Գավառ), Շամշադին (Բերդ), Սիսիան, Ստեփանավան, Վաղարշապատ, Վեդի, Փաշալու (Վայք), Քեշիշքենդ (Եղեգնաձոր):

Կոտայքի շրջանի բնակավայրերի մեծամասնության անունները հայկական չեն: Երբ մեկ առ մեկ անդրադառնանք Կոտայքի գյուղերին, այդ ժամանակ կտանք բնակավայրի և՛ նոր, և՛ հին անունները:

Կոտայքի շրջանում 1831-ի տվյալներով բնակեցված է եղել 21 գյուղ, որոնցում բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է 2.636, որից 2.213-ը՝ հայ, 423-ը՝ իսլամ:        

Մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Արզնին, Բաշ Գառնին, Գեղարդը, Նռնուսը, եղել են ավերակ:

Կոտայքի շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Քանաքեռ ավանը 477 բնակչությամբ, որից 462-ը՝ հայ, 15-ը՝ իսլամ:

Ներկայացնում ենք Կոտայքի շրջանի բնակավայրերը այբբենական կարգով՝ նշելով, թե գյուղերում որքան է եղել բնակչությունը և որից որքանը՝ հայ, որքանը՝ իսլամ.

1. Աղաձոր                                        69 հոգի, որից 42-ը՝ հայ, 27-ը՝ իսլամ

2. Առինձ                                           243, բոլորը՝ հայ

3. Ավան                                            174, բոլորը՝ հայ

4. Արամուս                                        228, բոլորը՝ հայ

5. Բաշ գյուղ                                       9, բոլորը՝ հայ

6. Գյամրեզ                                         199, բոլորը՝ հայ

7. Գողթ ներքին                                 40, բոլորը՝ իսլամ

8. Էլլար                                               158, բոլորը՝ հայ

9. Զառ                                                 89, բոլորը՝ իսլամ

10. Թութիա                                        36, բոլորը՝ իսլամ

11. Ձագ                                               114, բոլորը՝ հայ

12. Ճաթղռան                                     69, որից 50-ը՝ հայ, 19-ը՝ իսլամ

13. Մանգյուզ                                      60, բոլորը՝ իսլամ

14. Մհուբ                                             50, բոլորը՝ հայ

15. Յելղովան                                       150, բոլորը՝ հայ

16. Շահաբ                                            134, բոլորը՝ հայ

17. Պտղնի                                            92, բոլորը՝ հայ

18. Ջրվեժ                                              108, բոլորը՝ հայ

19. Քանաքեռ                                          477, որից 462-ը՝ հայ, 15-ը՝ իսլամ

20. Քեթրան                                            27, բոլորը՝ իսլամ

21. Քյամալ                                              37, բոլորը՝ իսլամ

Գումար                                       2.636, որից 2.213-ը՝ հայ, 423-ը՝ իսլամ             

Հայաստանի իսլամ՝ մուսուլման բնակչությունը, ներկայացրել են հիմնականում երեք ազգություններ՝ քրդեր՝ սուննի և շիա, պարսիկներ և թյուրքալեզու ցեղեր, որոնց թվում հիմնականը՝ թաթարներ, այսօրվա ադրբեջանցիները:

Քանաքեռը, որ այսօր Երևանի մաս է կազմում, շուրջ երկու հարյուր տարի առաջ Երևանի խանության (Պարսկաստանի տիրապետության շրջանում վարչական միավոր) Քառասուն Աղբյուր (Քըրխ բուլաղ) մահալի կենտրոնն էր 477 բնակչությամբ: Այս 477-ից մահմեդական էր միայն 15 հոգին, իսկ մյուսները՝ 462 հոգին, հայեր էին, որոնցից 386-ը բնիկներ էին, իսկ 41 և 35 հոգին եկել էին համապատասխանաբար Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից 1826-28 թթ. ռուս-պարսկական և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմների տարիներին: Այսպիսի տվյալներ է թողել ռուս պատմաբան Իվան Շոպենն իր «Камеральное описание Армянской области» աշխատության մեջ, որը նա գրել է երեք տարի՝ 1829-1832 թթ., Երևանում և շրջակայքում անցկացնելուց և ուսումնասիրություններ կատարելուց հետո:

Քառասուն Աղբյուրը, որ Պարսից տիրապետության օրոք անվանվել է Քըրխ բուլաղ, եղել է Երևանի խանության 15 մահալներից՝ շրջաններից մեկը: Այս մահալը համապատասխանում է այսօրվա Երևանի և Կոտայքի մարզի մի մասին:

Ողջ մահալի տարածքում ընդհանուր բնակչության թիվը եղել է 3.053, որից մահմեդականների՝ պարսիկների, քրդերի, թուրքերի և թուրքալեզու ցեղերի թիվը կազմել է 383 հոգի, մինչդեռ հայերի թիվը՝ 2.670, որից 1.396-ը՝ տեղացիներ, 1.043-ը Պարսկաստանից, իսկ 231-ը Արևմտյան Հայաստանից եկածներ:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, 1832 թվականին Երևանի նախկին խանության ողջ տարածքում, որը արդեն կոչվում էր Հայկական մարզ (նրան էր կցվել նաև Նախիջևանի նախկին խանությունը և Գողթնից մի հատված), բնակչության ընդհանուր թիվը 115.106 էր, որից տեղացի հայերը`19.878, Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից` Օսմանյան կայսրությունից 1827-1829թթ. տեղափոխված հայերը` 45.207, մահմեդականները` 49.872:

Երբ խոսք է գնում Պարսկաստանից տեղափոխվածների մասին, ապա պետք է իմանալ, որ նրանց նախնիները բռնագաղթի հետևանքով Արարատյան աշխարհից Պարսկաստան էին քշվել հիմնականում Շահ Աբասի  տիրապետության տարիներին:

Լուսանկարում՝ Ծաղկաձորը

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝