ԱՆԻ-ն կազմակերպել էր գրքերի բացօթյա ցուցահանդես-վաճառք Վանաձորում և Գյումրիում

1560

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մարտի 25-ին Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում կազմակերպել էր իր հրատարակած գրքերի ցուցահանդես-վաճառք բաց տարածքում: Առավոտյան Վանաձորի Արցախի պուրակում, իսկ օրվա երկրորդ կեսին Գյումրիի Ռիժկովի ճեմուղում (պատմական այն շենքի հարևանությամբ, որի ճարտարապետն է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին) լրագրող Թաթուլ Հակոբյանը ընթերցասերներին ներկայացրեց կենտրոնի վերջին վեց հատորները.

Հովհաննես Քաջազնունի – «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,

Սիմոն Վրացյան – «Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»,

Ռուբէն Դարբինեան – «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան- «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

և այս հինգ հատորները մեկ գրքում ՝

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:

12794367_1083175478379663_9007128399612509139_n

Գյումրիում Թաթուլ Հակոբյանը տեղի լրագրողներին ասել է, որ գրահրատարակչության ոլորտում ամենից կարևորը վերջին փուլն է՝ գիրքը ընթերցողին հասցնելը:

“Քանի դեռ գիրքը չի դրվել ընթերցողի սեղանին, այն գիրք չէ, այլ միայն արտադրանք, ապրանք: Շատ կարևոր է հեղինակ/հրատարակիչ-ընթերցող կապը: Այսօր օրվա առաջին կեսին Վանաձորում, իսկ հիմա Գյումրիում ես մի քանի ժամ ներկայացնում եմ ինչպես վերջին վեց գրքերը, այնպես էլ իմ հեղինակած և կամ հրատարակած հատորները: Ոչ միայն պետք է ընթերցողը գնա գրախանութ կամ գրադարան և փնտրի նոր գրքեր, այլ հեղինակները պետք է փնտրեն նոր ընթերցողներ”,- ասել է նա:

Հակոբյանը նշել է, որ նման միջոցառումների ժամանակ հանդիպում է շատ հետաքրքիր մարդկանց, այդ թվում՝ Ֆեյսբուքի ընկերներին, որոնց հետ նախկինում կենդանի շփում չէիր ունեցել:

“Հայաստանը սիրուն երկիր է նաև իր հետաքրքիր մարդկանցով: Այսօրվա միջոցառումները ինձ ոգևորեցին, քանի որ հանդիպեցի, ծանոթացա նոր մարդկանց: Ես մտադիր եմ այսպիսի բացօթյա շնորհանդեսներ կազմակերպել Հայաստանի մյուս մարզկենտրոններում և քաղաքներում ևս: Շնորհանդեսներին զուգահեռ ես հավանաբար նաև կես ժամանոց դասախոսություններ կկարդամ Հայաստանի պատմության, ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ”,- ասել է Հակոբյանը:

Նախքան Վանաձորը և Գյումրին ԱՆԻ կենտրոնը իր վերջին վեց հրատարակությունները ներկայացրել էր Ստեփանակերտում, Գորիսում և Երևանում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարը՝ Հայկ Ադամյանի