Նորաշենը Տավուշի մարզի Բերդի, նախկինում՝ Շամշադինի շրջանի գյուղերից է, սահմանակից է Չորաթան, Արծվաբերդ, Վերին Կարմիր Աղբյուր և Մովսես գյուղերին:
Նորաշենը հանդիպում է նաև Թազաքենդ անունով:
Նորաշեն գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 147 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 349 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 484 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 615 (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1916 թվական – 839 (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)
1922 թվական – 981 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 903 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1.302 հոգի, բոլորը՝ հայ,
Բերդ/Շամշադինի շրջանի գյուղերում 1831-ի տվյալներով ոչ մի մուսուլման չի բնակվել, թեև գյուղերը սահմանակից են Ադրբեջանի Աղստաֆայի, Թովուզի և Գետաբեկի շրջաններին, խորհրդային և նախախորհրդային շրջանում հայերն ու մուսուլմանները միմյանց հետ բարեկամություն և առևտուր են արել:
Պատմությունը
Մածնաբերդի և Տավուշի Բագրատունի Կյուրիկյանները
Կյուրիկյանները Բագրատունյանց արքայական տոհմի կրտսեր ճյուղն է: Նրա հիմնադիրը Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենն էր՝ Կյուրիկեն: 10-րդ դարի կեսերից նրա կառավարմանն էին հանձնվել Գուգարքի հարավային մարզերը՝ Տաշիր-Ձորագետը: 1045 թվականին Բյուզանդիան գրավեց Անին, իսկ 1065-ին՝ Կարսի թագավորությունը: Դրանից հետո Հայաստանում Բագրատունյաց միակ կազմավորումը Կյուրիկյան թագավորությունն էր: 1081 թ. Հաղբատի վանքում Կյուրիկե Ա-ի աջակցությամբ Շիրակի եպիսկոպոս Բարսեղը օծվեց որպես Հայոց կաթողիկոս, ինչպես նաև նրա ժամանակ դրամ հատվեց, որ առայժմ միակն է Բագրատունյաց շրջանից:
11-րդ դարի վերջերին սելջուկները, որ մինչ այդ գրավել էին Հայաստանի մեծ մասը, աստիճանաբար զավթեցին նաև Տաշիր-Ձորագետը: Կյուրիկյաններին մնաց միայն կենտրոնական հատվածը՝ Լոռին Սանահին մայրաքաղաքով:
Անվերջ հարձակումների պատճառով Կյուրիկե Ա-ի որդիները՝ Դավիթն ու Աբասը 1113 թվականին ստիպված եղան հեռանալ և անցնել Տավուշ: Այստեղ նրանց հաջողվեց պահպանել իշխանությունը Տավուշ-Գարդման գավառների մի մասում՝ առաջացան երկու փոքր իշխանություններ՝ Մածնաբերդի և Տավուշի: Մածնաբերդի իշխանությունը գոյատևեց մինչև 13-րդ դարի կեսերը:
Մածնաբերդի տեր Կյուրիկե Բ-ի որդի Վասակը Գարդման գավառում հիմնեց Կյուրիկյան նոր, ոչ մեծ իշխանություն՝ Նոր բերդ կենտրոնով, որը կարճատև կյանք ունեցավ:
Պարսկական և ցարական տիրապետության շրջան
16-րդ դարում՝ թուրք-պարսկական պատերազմների սկզբնական շրջանում Իրանի կառավարիչեր Շահ Իսմայիլն ու նրա որդի Թահմասը իրենց թիկունքն ամրապնդելու նպատակով Հյուսիսային Հայաստանում (Լոռի, Աղստև, Տավուշ, Գարդման և այլն) բնակեցրին թյուրքական և մուսուլմանական ցեղերով՝ բորչալու, ղազախ և շամշադիլ։
Շամշադինի շրջանը 16-րդ դարում ներառել է այսօրվա Բերդի և Ճամբարակի, ինչպես նաև Ադրբեջանի մաս կազմող Ղազախի, Թովուզի և Գետաբեկի շրջանները:
Երբ Արևելյան Հայաստանը Իրանից անցավ Ռոմանովների Ռուսաստանին, Շամշադինը մաս կազմեց Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Ղազախի գավառին՝ դառնալով 3-րդ և 4-րդ պրիստավությունները: 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացվելուց հետո, Հայհեղկոմը կատարեց վարչատարածքային նոր բաժանում: Հայկական ԽՍՀ բաժանվեց 8 գավառների և 33 գավառամասի։ 1921-ի օգոստոսին կազմվեց ևս մեկ գավառ՝ Զանգեզուրը 6 գավառակներով: Այս բաժանումը որոշ փոփոխություններով պահպանվեց մինչև 1929 թվականը, երբ հանրապետությունում կար 9 գավառ և 38 գավառակ: Շամշադինն այդ ժամանակ համարվել է Դիլիջանի գավառի Շամշադինի գավառակը:
1930 թվականի սեպտեմբերին Շամշադինը դարձավ առանձին շրջան Շամշադին, հետագայում՝ Բերդ, շրջկենտրոնով:
Խորհրդային վերջին շրջանում Շամշադինն ուներ 15 գյուղական խորհուրդ. Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Վարագավան, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ, Նավուր (Իծաքարի հետ), Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Պառավաքար, Տավուշ, Ծաղկավան, Չինարի, Չինչին, Չորաթան:
Կարդալ և դիտել նաև՝