Ջոն Կիրակոսյանի հորինվածքը. Քաջազնունու և Արամի չգրած հեռագիրը Էնվերին

9247

1965-ին խորհրդահայ պատմաբան Ջոն Կիրակոսյանը իր «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արևմտահայությունը» աշխատությամբ (էջ 213) շրջանառության մեջ դրեց մի հեռագիր, որի իսկությունը չի հաստատվում ո՛չ արխիվային փաստաթղթերով, ո՛չ զորավար Անդրանիկի կենսագիրների գրքերով:

Խոսքը ներքոշարադրյալ հեռագրի մասին է.

Հեռագիր թուրքական կառավարությանը.

«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի
Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918թ.»:

Իրականություն է, որ և՛ Հովհաննես Քաջազնունին, և՛ Արամ Մանուկյանը, ով Ջոն Կիրակոսյանի հեռագրում սխալմամբ ներկայացվել է զինվորական մինիստր (Արամը ներքին գործերի նախարարն էր, իսկ զինվորական նախարարը անկուսակցական Հովհաննես Հախվերդյանն էր), կողմնակից էին թուրքերի հետ զգույշ հարաբերությունների: Ավելին, Քաջազնունին  պնդում էր, որ Հայաստանը պետք է հավատարիմ մնա 1918-ի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսերական կառավարության հետ կնքված պայմանագրի դրույթներին, քանի որ բացառված չէր թուրքական զորքերի նոր արշավանքը դեպի Հայաստան և նորաստեղծ հանրապետության և այնտեղ հավաքված հայ ժողովրդի վերջնական կործանումը:

Իրականություն է նաև, որ Անդրանիկը չէր ընդունում և ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, այն համարելով ԹՈՒՐՔԻ ՁԵՌՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ՝ նկատի ունենալով Բաթումի հաշտության պայմանագիրը, որով Օսմանյան Թուրքիան առաջինն  էր ճանաչել ընդամենը 10-11 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը: Հավանաբար այդ պատճառով էր, որ Անդրանիկը իր շուրջ 2000 զորախմբով, որ ձևավորվել էր Ալեքսանդրապոլում 1918-ի գարնանը, գրեթե մասնակցություն չունեցավ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հայ-թուրքական կռիվներին:

Իրականություն է նաև, որ Անդրանիկը իր զորախմբով՝ կազմված հիմնականում արևմտահայերից, և շուրջ 25-30 հազար արևմտահայ գաղթականության հետ մտադիր էր Ռևանդուզով հասնել Բաղդադի կողմերը և միանալով բրիտանացիներին՝ շարունակել իր պատերազմը թուրքերի դեմ: Այս մասին մանրամասն գրել է նրա գրագիրը՝ Եղիշե Քաջունին ԶՕՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ գրքում:

Ջոն Կիրակոսյանի հորինած շարադրանքում Քաջազնունու և Արամի կողքին հիշատակվում է նաև «Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան»-ը: Սա, անկասկած, Ավետիք Սահակյանն է, ով եղել է Հայաստանի առաջին խորհրդարանի՝ Խորհրդի նախագահը: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Սահակյանը այդ կառույցի նախագահ է ընտրվել Խորհրդի անդրանիկ նիստում՝ օգոստոսի 1-ին, հետևաբար՝ հուլիսի 17-ին չէր կարող լինել նախագահ: Եվ ընդհանրապես, հուլիսի 17-ին Խորհուրդ գոյություն չուներ, քանի որ այն բացվել է դրանից երկու շաբաթ անց՝ օգոստոսի 1-ին:

Իսկ թե ինչու է խորհրդային պրոպագանդան և խորհրդահայ պատմագրությունը հորինել Քաջազնունու և Արամի նամակ-հեռագիրը Էնվերին՝ ընդդեմ Անդրանիկի, ավելի ճիշտ՝ ընդդեմ ՀՅԴ-ի, պետք է փնտրել այն առճակատման մեջ, որում ներգրավված էին ԽՍՀՄ-ն ու Արևմուտքը: 1960-ական թթ. ՀՅԴ-ն արևմտյան ճամբարի կազմում գաղափարական և Սառը պատերազմ էր մղում ընդդեմ Խորհրդային Միության:

Թաթուլ Հակոբյան