Արցախ-Իրան Համատեղ Մեծ Ծրագիրը. Աստծոյ (Խոդա Աֆարին) Ջրամբարը

5312

Աւելի քան 15 տարի առաջ էր. Պաքուի մամուլը գրեց ազրպէյճանա-իրանական հերթական գայթակղութեան մասին: Հայտար Ալիեւը կիսատ էր թողել Իրանի նախարարներից Պիժան Զանկանեհի հետ հանդիպումը եւ հեռացել այն բանից յետոյ, երբ հիւրը խօսք էր բացել Արաքս գետի վրայ` Հորադիզի հատուածում, կիսատ մնացած ջրաելեկտրակայանի կառուցումը շարունակելու մասին:

Ալիեւը զարմացած հարցնում է. ինչպէ՞ս շարունակել, երբ գիտէք, որ այդ տարածքները հայերը գրաւել են:

Իրանցի նախարարը սառնասրտօրէն պատասխանում է. կը կառուցենք հայերի հետ:

Այդպէս էլ եղաւ: Չնայած պաշտօնական Պաքուի բողոքի գիրերին` Իրանը աւարտին հասցրեց Արաքս գետի վրայ ամբարտակի կառուցումը, որի շինարարութիւնը սկսուել էր 1988-ին: Այն ժամանակ շինարարութեան պայմանագիր էր կնքուել Խորհրդային Միութեան եւ Իրանի միջեւ: Շինարարութեան ընթացքում փլուզուեց մոլորակի տարածքով ամենամեծ պետութիւնը: Տրամաբանօրէն, Խոդա Աֆարինի ջրամբարի շինարարութիւնը պէտք էր աւարտին հասցնէին Ազրպէյճանն ու Իրանը, սակայն ոչ թէ տրամաբանութիւնը աշխատեց, այլ` հայկական ուժը:

1993-1994 թուականին հայկական զօրքերը դուրս եկան Արաքսի ափ եւ տէրը դարձան նաեւ միջնադարեան պատմական այն կամրջի` Խոդա Աֆարինի` պարսկերէնից թարգմանաբար` Աստծոյ տուած, որը դարեր միմեանց կապել էր Արցախի մելիքներին ու Իրանի շահերին:

90-ական թթ. վերջերից մեր աչքի առաջ ընթանում էր կամրջի մօտ գտնուող ջրամբարի շինարարութիւնը, բայց մենք` լրագրողներս այդ մասին չէինք գրում հասկանալի պատճառներով:

Ջրամբարը կառուցուեց, կառուցեցին իրանցիները` Արաքսի ձախ ափին կատարելով հսկայական աշխատանքներ, այդ թւում` ճանապարհաշինական: Մի քանի հայկական գիւղեր մնացին ջրի տակ: Տեղանքն այնպիսին է, որ ջրամբարը հիմնականում հայկական` արցախեան տարածքի վրայ է, իսկ ջրապատնէշը եւ ջրաելեկտրակայանը` իրանական հատուածում:

Հեռուից, բաւական հեռուից, երեւում է ջրային այն աւազանը, որ գոյութիւն չունէր 90-ականների կէսերին:

Ջրամբարը եւ ջրաելեկտրակայանը կառուցւում էր լրատուութեան գրեթէ բացակայութեան պայմաններում: Այսօր էլ, մենք չգիտենք, արդէն գործո՞ւմ է այն, ելեկտրական հոսանք արտադրւո՞ւմ է՞. եթէ այո, ապա միայն իրանական կո՞ղմն է օգտւում դրանից:

Մեզ յայտնի է նաեւ, որ 1990-ական թթ. վերջերին Արցախի եւ Իրանի միջեւ ստորագրուել է համապատասխան համաձայնագիր, թէ ո՛վ պէտք է ֆինանսաւորի շինարարութիւնը, եւ ինչպէ՞ս պէտք է բաշխուի ելեկտրական հոսանքը:

Հիմա կը հարցնէք` ինչո՞ւ ենք այս մասին այսօր գրում: Շատ պարզ պատճառով: Ռուսական խոշոր տնտեսական կառոյցներից մէկի` «ՌուսՀիտրօ»-ի կայքում հրապարակուել է յօդուած` համապատասխան լուսանկարներով: Յօդուածում, որը կրում է «Խոդա Աֆարնի ՀԵԿ. Արաքսի վրայ գաղտնի ջրամբար» խորագիրը, ներկայացւում են որոշ մանրամասներ:

Իրանը այն պետութիւններից է, որ պաշտպանում է Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, Արցախը համարում է Ազրպէյճանի մաս, միջազգային կազմակերպութիւններում, երբ քուէարկութեան է դրւում Լեռնային Ղարաբաղի հետ կապուած հարց, քուէարկում է յօգուտ Ազրպէյճանի:

Միւս կողմից, սակայն, Իրանը այն քիչ, գուցէ եզակի պետութիւնն է, որ Արցախի հետ համատեղ ծրագիր է իրականացրել, ընդ որում` խոշոր ծրագիր, նախկին ԼՂԻՄ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից դուրս` վարչականօրէն Խորհրդային Ազրպէյճանի մաս համարուած տարածքներում:

Աւելացնենք, որ Արաքս գետի վրայ առաջին ջրամբարը եւ ջրաելեկտրակայանը կառուցուել է Նախիջեւանի հատուածում, 1970-ական թթ.: Այն համատեղ կառուցել են Խորհրդային Միութիւնն ու Իրանը: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ այն համատեղ շահագործում են Ազրպէյճանն ու Իրանը: 1990-ական թթ. ազրպէյճանցիները մեծ քանակութեամբ ջուր էին բաց թողնում, որի պատճառով Արաքսը վարարում էր եւ քշում-տանում Հայաստան-Իրան սահմանի շարժական, փոքր կամուրջը: Այսպէս, արցախեան պատերազմի շրջանում Հայաստանը մի քանի օրով զրկւում էր Իրանի հետ կապից, մինչեւ պատրաստւում էր շարժական նոր կամուրջ: 1995-ին հարցը լուծուեց, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արաքսի վրայ կառուցուեց Հայաստան-Իրան մեծ կամուրջը, որը դիմանում է Արաքսի վարարումներին` բնական, թէ ազրպէյճանցիների կողմից արուող:

Արաքս գետը` Մայր Արաքսը, սկիզբ է առնում Պինկէօլ (Բիւրակնեան, Ա.) լեռների աղբիւրներից, այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան սահմանում միանում Ախուրեանին, ապա ընթացքը շարունակում Հայաստան-Թուրքիա, Նախիջեւան-Թուրքիա, Նախիջեւան-Իրան, ապա Հայաստան-Իրան, Արցախ-Իրան, Ազրպէյճան-Իրան սահմանագծով եւ Ազրպէյճանի խորքում միանալով Կուր գետին` թափւում է Կասպից ծով:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 14 Մարտի, 2016թ.