ՀՅԴ-ի՝ կոալիցիա կազմելու դրական աստառը

1117

Դաշնակցության՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու կամ քաղաքական համաձայնագիր ստորագրելու քայլը, իմ կարծիքով, ունի դրական աստառ ևս:

Կոալիցիայի կամ համաձայնագրի բացասական կողմերին չեմ անդրադառնալու, քանի որ այդ թեմայով հրապարակումների պակաս չի եղել:

Հեռուստահաղորդավար, շոումեն և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանով փոխարինելը դրական է, որովհետև հույս կա, որ դպրոցները, որտեղ սովորում են մեր երեխանները կապաՀՀԿականացվեն: Իսկ Մկրտչյանի նշանակումով արդյոք չե՞ն կուսակցականացվի: Գուցե: Բայց ավելի լավ է ՀՅԴականացվեն, քան մնան ՀՀԿական, քանի որ առաջիկա ընտրություներում դպրոցի տնօրենները միանշանակ չեն լծվի ՀՀԿ-ի օգտին կեղծարարության մեջ, ինչպես 2008-ին, 2013-ին և 2015-ի դեկտեմբերի 6-ին: Իսկ չե՞ն կեղծի հօգուտ ՀՅԴ-ի: Գուցե: Բայց գոնե մրցակցություն կլինի: ՀՅԴ-ի՝ կառավարության մաս կազմելով, գոնե իշխանության ներսում կգնա պայքար: Իսկ երբ կա պայքար, կա նաև հույս:

Երբ ամեն ինչ թողնում ես Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին, ապա հույսն է մեռնում: Ահա այդ պատճառով է նաև, որ Սարգսյանի և ՀՀԿ-ի մենատիրության 8 տարիներին՝ 2008-ից ի վեր, Հայաստանից հեռացել է 300 հազար մարդ:

Ինտելեկտով և գիտելիքներով հարուստ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանով փոխարինելը դրական է: Երբ տարիներ շարունակ տնտեսությունը հիվանդ է, ապա Էկոնոմիկայի նախարարի փոփոխությունը, եթե ոչ էական, ապա գոնե կարող դրական ազդակ լինել ներդրումների համար:

ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարի աթոռ տալը կարող է բերել մրցակցության ընտրակեղծարար գյուղապետերի, որոնք հիմնականում ՀՀԿ-ական են, և նրանց գործունեությունը համակարգող ՀՅԴ-ական Լոքյանի միջև: Որտեղ կա մրցակցություն, այնտեղ կարող է ծնվել և հույս:

Երբ Սերժ Սարգսյանը 2015-ի փետրվարին ջախջախեց և շարքից դուրս բերեց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ՀՀԿ-ական մենատիրությունը դարձավ բացարձակ: Այս պայմաններում ՀՅԴ-ի կառավարության մաս կազմելը, որքան էլ այն համարենք «ֆալշ-ստարտ», դրական երևույթ է ներքաղաքական զարգացումների տեսանկյունից ևս:

ՀՅԴ-ի՝ կառավարության մաս կազմելը դրական է նաև այն առումով, որ, ի տարբերություն 2009-ից հետո ստեղծված վիճակի, երբ կուսակցությունը «ոչ իշխանություն էր, ոչ ընդդիմություն», և դա կարող էր շփոթ ստեղծել ընտրողների համար, ապա այսօր ամեն ինչ պարզվել է: ՀՅԴ-ն 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դաշտից քվե չի տանելու: ՀՅԴ-ն քվե տանելու է իշխանական դաշտից, այդ թվում իշխանական ռեսուրսի այն ոլորտներից, որոնք ղեկավարում են երեք ՀՅԴ-ական նախարարները: Սա արդեն իսկ դրական միտում է ՀՀԿ-ական մենատիրության պայմաններում:

Լայն հաշվով, սակայն, ՀՅԴ-ի՝ կառավարության մաս կազմելը, չի կարող արմատական փոփոխություններ բերել: Արմատական փոփոխությունների համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ ընտրությունները չկեղծվեն:

Մի խոսքով՝ փակ շրջան, որից ելք չի երևում:

ՀՅԴ-ի՝ կառավարության մաս կազմելու արդյունքները գնահատելու չափանիշ կարող է լինել արտագաղթի ցուցանիշը: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին միջինը տարեկան երկրից հեռանում է 40 հազար մարդ: Եթե այդ ցուցանիշը անկում ապրի, ապա գոնե դա կարող է լինել մխիթարական:

Թաթուլ Հակոբյան