Շուրջ 200 հոգի էր հավաքվել մարտի 4-ի կեսօրին Հայաստանի Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճում՝ ներկա գտնվելու Հունահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանին նվիրված բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսին: Այդ օրը լրանում էր Սրբազան հոր ծննդյան տարեդարձը:
Շնորհանդես-հավաքույթը, որ կազմակերպել էին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, Հայաստանի Գրողների միությունը և Հայաստանի Ազգային գրադարանը, ձգվեց ավելի քան երկու ժամ: Միջոցառումը վարում էր գրականագետ Յուրի Խաչատրյանը:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը ներկաներին փոխանցեց Մայր Աթոռի միաբաններից Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Քնարերգու բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի նախաձեռնությունը կարևորեցին և զեկուցումներով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահը, բանաստեղծի գրչակից ընկերները և գրականագետներ:
Հավաքույթին ներկա էին Հայաստանի սփյուռքի և կրթության ու գիտության նախարար Հրանուշ Հակոբյանն ու Լևոն Մկրտչյանը: Ելույթ ունեցողները ընդգծում էին Սրբազան հոր՝ Հունաստանի հայ համայնքում ծավալած, ինչպես նաև՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման բազմաշնորհ ու բացառիկ գործունեությունը:
Ողջույնի խոսքում Սփյուռքի նախարարը շնորհավորեց Հունահայոց թեմի Առաջնորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ և կարևորեց Հունաստանի հայ համայնքում հայապահպանությանն ուղղված, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման գործում Սրբազանի ջանքերը:
«Համոզված եմ, որ այս ամենածաղկուն և բեղմնավոր տարիքում նորանոր ձեռնարկներով և բազմաթիվ գործերով Դուք նոր լիցքեր կհաղորդեք Հայոց թեմին, և մենք ականատեսը կլինենք Ձեր հայանպաստ նոր ծրագրերի իրակացմանը»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Այնուհետև նախարարն անդրադարձավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքին՝ նշելով. «Հովհաննես Ղազարյանը պոեզիայի միջոցով յուրովի է մեկնաբանել Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի հոգևոր և ազգային գործունեությունը՝ այն անմահացնելու համարձակ նախաձեռնությամբ»:
Սփյուռքում հայագիտության զարգացման, Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար նախարար Հակոբյանը Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան Միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
Ապա բարձրախոսին մոտեցավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա հիշեցրեց, որ Սրբազան հոր գործունեությանը ծանոթ է դեռ այն ժամանակ, երբ նա ծառայում էր Սալոնիկում: Նախարարը գնահատանքի խոսքեր ասաց Տեր Խորեն արքեպիսկոպոսի հոգևոր և համայնքային գործունեության մասին և ի գնահատումն՝ նրան պարգևատրեց նախարարության հուշամեդալով:
Կարճ և սրտառուց խոսք ասաց նաև Խորեն Սրբազանը: Նա հիշատակեց Ամենայն հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին, իր ծնողներին՝ Հակոբ Տողրամաջյանին ու Նազելի Օհանյան-Տողրամաջյանին, Բիքֆայայի դպրևանքի իր ուսուցիչ Գևորգ Գանտահարյանին:
Շնորհանդես-հավաքույթի վերջին հատվածը հոգևոր երաժշտություն էր: Բեմ բարձրացավ Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու երգչախումբը: Հոգևոր կատարումներին միացավ նաև Խորեն սրբազանը: Ապա տեղի ունեցավ գինեձոն-հյուրասիրություն և գրքի մակագրում:
«Աղոթարան» գրքում համանուն պոեմից բացի ներառվել են Խորեն սրբազանի կենսագրությունը և մի քանի տասնյակ լուսանկարներ, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Հռոմի պապի, իր ծնողների հետ:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Խորեն Սրբազանը ասաց, որ «Աղոթարան»-ում խոսվում է մարդկային արժեքների, մարդու՝ դեպի Աստված բարձրանալու, մարդու անկման մասին և թե ինչպես մարդն իր բարությամբ կարողանում հաղթահարել դժվարությունները: «Ինչ-որ ձևով սա մեր հոգևոր գրականության վերազարթնումն է: Եթե զգուշությամբ կարդանք պոեմը, այնտեղ պիտի տեսնենք Նարեկյան շունչ, Շնորհալիի շունչ, Մանդակունիի շունչ»,– ասաց Սրբազանը:
Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը իր պոեմը նմանեցրել է աղոթարանի՝ դրանց մասերը անվանելով խորաններ: Նա ասաց, որ պոեմը գրելու ընթացքում իր ներշնչանքի աղբյուրը եղել են Խորեն սրբազանի իմաստասիրական գործերը, քարոզներն ու աղոթքները:
«Աղոթարան» պոեմը կազմված է մուտքից և 16 խորաններից:
Ահա մի հատված պոեմից.
ՄՈՒՏՔ
Տե՛ր, ներիր դու ինձ, որ իմ Ասքի մեջ
Պիտի դառնության երանգներ հնչեն,
Որ խռովահույզ խորքով կարեվեր
Պիտի անդորրդ խռովել փորձեմ:
Առաջինն եմ ես գուցե շատերից,
Որ խոսքիդ հանդեպ համր եմ ձևացել,
Որ չեմ անսացել պատվիրաններիդ
Որ մեղքիս խորշը Քո դեմ չեմ բացել:
Թաթուլ Հակոբյան