«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները: