Ռոբերտ Քոչարյան. Վեհափառը գնացել է, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել նրան

2011

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Մարտի 5, 2008թ., http://www.president.am/till2008/news.president/arm/?sub=news

http://www.president.am/till2008/news.president/arm/?sub=news

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ- Դուք տեղեկացված եք իրադարձությունների մասին: Ցավոք, չհաջողվեց խուսափել ընդհարումներից, կան մարդկային զոհեր, եւ, իհարկե, կցանկանայի, առաջին հերթին, ցավակցությունս հայտնել զոհվածների ընտանիքներին: Կան նաեւ բազմաթիվ վիրավորներ, եւ հույս ունենք, որ շատ արագ կապաքինվեն: Այն տեղեկատվությունը, որը գալիս է առողջապահության նախարարությունից, բավական լավատեսական է: Ամեն օր հիվանդանոցներից դուրս են գրվում վիրավորներ: Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ արտակարգ դրություն մտցնելն անհրաժեշտություն էր, եւ համոզմունք ունեմ, որ եթե այդ միջոցը չկիրառվեր, ապա կորուստները շատ ավելի մեծ կլինեին եւ հետեւանքները կլինեին շատ ավելի ծանր` Հայաստանի Հանրապետության համար: Իրադարձությունների ամբողջական պատկերը վերականգնվելու է` րոպե առ րոպե: Նյութերը բազմաթիվ են, նաեւ տեսանյութերը, եւ, իհարկե, այդ օրվա ամբողջ զարգացուները պետք է վերականգնվեն: Սա հնարավորություն կտա եւ ճիշտ գնահատական տալ իրադարձություններին, եւ իրավապահ մարմիններին հնարավորություն կտա համապատասխան ծավալի գործունեություն իրականացնել: Իսկ ծավալն ահռելի մեծ է, ներգրավված մարդկանց քանակը մեծ է, աշխարհագրական առումով տարածությունը եւս բավական մեծ է: Պետք է, ուղղակի, քննչական խումբը գիշեր-ցերեկ աշխատի` ամբողջական պատկեր ուեննալու համար: Իմ հանձնարարականով, նաեւ իրենք պարբերաբար, ամենօրյա ռեժիմով պետք է իրազեկեն մեր բնակչությանը, թե ի՞նչ է արվում, ի՞նչ ծավալի աշխատանք եւ ի՞նչ ուղղությամբ: Այս ռեժիմը նաեւ հնարավորություն կտա ձեզ հետեւել կատարվող աշխատանքներին եւ, իհարկե, իրազեկել մեր բնակչությանը: Այսօր կարելի է արդեն ասել, որ իրադարձությունների այդ մասնակիցներին կարելի է բաժանել երեք խմբերի: Առաջին խումբը` դա հենց կազմակերպիչներն են, որոնք կազմակերպել են ժողովրդի հավաքը քաղաքապետարանի դիմաց: Այն սկսվել է ֆրանսիական դեսպանատան դիմացի փողոցից, եւ որի արդյունքում հրահրվել են լուրջ ընդհարումներ: Դա կազմակերպիչներն են: Բայց, նաեւ այս խումբը բաժանվում է երկու մասի: Մեկը նրանք են, ովքեր շատ ագրեսիվ ձեւով ուղղակի հրահրում էին բախումներ: Կարկառուն դեմքը Նիկոլ Փաշինյանն էր, եւ երեկ դուք երեւի հնարավորություն ունեցել եք նաեւ տեսանյութը դիտել հեռուստատեսությամբ: Բայց եղել են մարդիկ, ովքեր հասկանալով, որ վիճակը նաեւ իրենց վերահսկողությունից ամբողջությամբ դուրս է գալիս, փորձում էին հանգստացնել: Այստեղ եւս անուն կտամ, օրինակ` Դավիթ Շահնազարյանը, ով փորձում էր հանգստացնել մարդկանց, բայց ամբոխն ավելի շատ ենթարկվեց հրահրող խմբին: Մասնակիցների երկրորդ խումբը նրանք են, ովքեր կազմակերպել են հարձակումներ ոստիկանության վրա, օգտագործել են զենք եւ պայթուցիկ նյութեր: Զոհվածների մեղքը, հիմնականում, այս խմբի վրա է, որովհետեւ իրենց գործունեության արդյունքում եղան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ, ավելի քան 130 վիրավոր, որի մեծ մասը ոստիկաններ են: Եւ այն , ինչ արվում էր հարձակումները ոստիկանության դեմ, կազմակերպված բնույթ էին կրում: Մասնակիցների երրորդ խումբը, ցույցի այն մասնակիցներն էին, որոնց մասին մենք չենք կարող ասել, որ հարձակումներ էին գործում, որոնք մասնակցում էին ցույցին, հետո ակտիվ սկսեցին մասնակցել թալանին: Եւ, իհարկե, այս երեք խմբերը, այսպես ասենք, տարբեր աստիճանի մեղք են գործել: Եւ, իհարկե, մոտեցումը նրանց նկատմամբ պետք է լինի տարբերակված: Բայց շատ մեծ անարդարություն կլինի, եթե իրավապահ մարմինները չպատժելով կազմակերպիչներին եւ հրահրողներին` միայն զբաղվեն այն մարդկանցով, ովքեր, կարծում եմ, իրենք նաեւ զոհ դարձան այս հանրահավաքներին: Մարդկանց մասին է խոսքը, ովքեր մասնակցել են, ովքեր ոստիկանության հետ պատերազմի մեջ չեն մտել, բայց ովքեր զբաղվել են թալանով: Իհարկե, մեղք ունեն, բայց, կրկնում եմ, այդ մեղքի աստիճանը տարբեր է, ու ամեն մեկը պետք է ստանա այն պատիժը, որը վաստակել է իր գործունեությամբ, որին ինքն արժանի է: Առաջին հերթին, իհարկե, պետք է պատժվեն կազմակերպիչները, ովքեր իրենց գործունեությամբ հասցրել են այն վիճակի, երբ հանրահավաքը այլեւս չէր կառավարվում եւ վեր էր ածվել ամբոխի: Երբեք պատմության մեջ ոչ մեկին չի հաջողվել ամբոխ կառավարել: Երբ դու հավաքում ես մարդկանց, ապա պետք է պատասխանատվություն կրես այդ մարդկանց համար, եւ հետեւանքների համար: Հատուկ վերաբերմունք պետք է լինի նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր զենք եւ պայթուցիկ նյութեր են օգտագործել: Սա եւս ուշադրության կենտրոնում է լինելու, սա մեկ այլ շերտ է, այլ զանգված է, այլ տեսակի մարդիկ են: Մոտավորապես գիտենք, որ շրջանակներում պետք է իրենց փնտրել: Պետք է ասել, որ եւ կազմակերպիչները, եւ այդ շերտի մարդիկ այսօր ուղղակի խուսափում են արդարադատությունից, իրավապահ մարմիններից: Երեկ հնչեց ոստիկանության հայտարարությունը, որ եթե մարդիկ մասնակցել են անկարգություններին եւ իրենք կամավոր գան եւ ներկայանան, ապա իրենց նկատմամբ կլինի շատ ավելի մեղմ վերաբերմունք: Դա կօգնի նաեւ ավելի արագ վերականգնել ամբողջ պատկերը, հանրությանը, իշխանություններին, եւ ընդհանրապես բոլորին հնարավորություն կտա ավելի արագ գնահատական ստանալ եղածի մասին: Իհարկե, քրեական գործ է հարուցված: Կրկնեմ` ծավալը մեծ է, եւ դուք պարբերաբար տեղեկատվություն ստանալու եք համապատասխան մարմինների կողմից:

Լուրջ վնասվեց երկրի վարկանիշը: Ուղղակի հետադարձ հայացքով գնահատեք, թե ինչպիսին էր Հայաստանը մեկ ամիս առաջ: Բոլորն ասում էին տարածաշրջանի ամենից կայուն, արագ զարգացող երկիրն է: Մեկ ակնթարթում, ինչ մենք ունեցանք: Անկեղծ ասեմ` ես, երբ նայում եմ այդ տեսանյութերը ամոթի զգացում եմ ունենում: Չեմ հավատում, որ մեզ մոտ սա հնարավոր էր: Որեմն, պետք է բոլորս եւ համարձակություն ունենանք շատ սթափ գնահատել այն ամենն` ինչ կատարվել է, եւ, իհարկե, միասին պետք է աշխատենք վերականգնելու համար եւ երկրի վարկանիշը, եւ մեր ժողովրդի նկատմամբ աշխարհում ձեւավորված վերաբերմունքը:

ՀԱՐՑ- Պարոն Նախագահ, ի՞նչ պայմանների դեպքում եւ ի՞նչ գործոններ կարող են նպաստել արտակարգ դրությունը երկարաձգելուն կամ ժամկետից շուտ հանելուն:

Ռ. Քոչարյան- Հայտարարված է` 20 օրով: Այսօր ես չեմ տեսնում այդ ժամկերը ոչ երկարացնելու, ոչ էլ կարճացնելու անհրաժեշտություն: Առաջին հերթին պետք է փորձենք կազմակերպիչների վայրը եւ ցանկը ճշտել: Գիտեք, խնդրը հետեւյալն է` մինչեւ արտակարգ դրության հանելը պետք է վստահ լինենք, որ այս կարգի անօրինականություններ չեն կրկնվի: Այսօր այդ վստահությունը լիարժեք չկա: Քանի որ դրսում են այն մարդիկ, ովքեր կիրառել են զենք, պայթուցիկ նյութեր: Եթե այդ հարցի պատասխանը մենք հստակ չունենանք, իհարկե, մենք իրավունք չունենք հանել, հետո ավելի ծանր հետեւանքներ ունենալ:

ՀԱՐՑ- Ինչպիսի՞ն է այսօր վիճակը ԼՂՀ-ում, ո՞վ է պատասխանատու այն բանի համար, ինչ պատահեց եւ ինչպիսին կլինեն Հայաստանի իշխանությունների գործողությունները` նման իրավիճակի կրկնվելու համար:Երկրորդ` կլինի երկխոսություն ընդդիմության եւ իշխանությունների միջեւ:

Ռ. Քոչարյան- Հետեւյալն է` եղել է հարձակում ԼՂՀ-ի առաջնային գծի պաշտպանական դիրքի վրա: Դիրքը գրավվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հետեւել են պատասխան գործողություններ` շատ արագ եւ վճռական, որի արդյունքում եւ ստատուս-քվոն վերականգնվել է: Հայկական կողմն ունի երկու վիրավոր: Մեր պաշտպանության նախարարությունը կապվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ եւ, արդյունքում, համաձայնություն է ձեռք բերվել հրաձգությունը դադարեցնելու, որովհետեւ մի պահ, այն բանից հետո, երբ դիրքերը հետ վերադարձվեցին, ադրբեջանական կողմը սկսել էր կրակել ականանետներից: Երկար ժամանակ է առաջին գծում հրետանի չէր կիրառվում: Ինձ թվում է, մենք ի վիճակի ենք այս միջադեպը շտկել: Ողղակի պետք է վերականգնել հրադադարի բնականոն ռեժիմը շփման ամբողջ գծով: Լիովին հնարավոր է, որ Ադրբեջանում մտածել են, որ Հայաստանի իրավիճակը ինչ որ ձեւով ազդել է ԼՂՀ զինված ուժերի զգոնության վրա, հնարավոր է նրանց թվացել է, որ ԼՂՀ-ից ինչ -որ խոշոր զինվորական միավորումներ են տեղափոխվել Հայաստան: Ես կարող եմ ասել, որ նման բան չկա: Մարտունակությունը մնում է պահանջված մակարդակի վրա եւ չեմ մտածում, որ քաղաքականապես կոռեկտ է նման իրավիճակներն օգտագործել այլ նպատակներով:

Ինչ վերաբերում է երկխոսությանը, այն, ինչ կատարվեց արդեն գտնվում է քրեական օրենսդրության իրավասության դաշտում եւ այսօր ավելի ճիշտ կլինի դիտարկել կատարվածը հենց իրավական շրջանակում: Ընդդիմության այս մասի հետ երկխոսության մեր առաջարկը մերժվել է հենց իրենց կողմից: Հանրահավաքներում մեկ անգամ չէ, որ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե իր բնակարանը Ազատության հրապարակն է, որտեղից իրեն պետք է ձեռքերի վրա տեղափոխեն Նախագահի նստավայր: Նման հայտարարություններն ուղղակի խափանում են բնականոն երկխոսության ճանապարհները: Բացի այդ, Հայաստանի նորընտիր, բայց դեռ պաշտոնը չստանձնած նախագահի կողմից միանգամից հայտարարություն արվեց երկխոսության պատրաստակամության մասին, այդ հայտարարությունը սահմանափակված չէր որեւէ հատուկ անուններով: Գործնականում բոլորը արձագանքեցին, բացի Տեր-Պետրոսյանից: Այսօր ակտիվ բանակցություններ են ընթանում ապագա կոալիցիոն կառավարության ձեւավորման ուղղությամբ: Այսինքն, բացվածության, երկխոսության առումով, մենք միշտ պատրաստակամ ենք եղել:

Ողղակի թեկնածուներից մեկն իր շեշտը դրել էր արմատապես տրամադրված ընտրազանգվածի վրա: Հնարավոր է, նրանք չէին ցանկանում երկխոսություն, որպեսզի պահպանեին ընտրազանգվածի մարտունակությունը եւ տրամադրվածությունը, որը մենք տեսանք մարտի 1-ի եւ 2-ի գիշերը:

ՀԱՐՑ- Պարոն նախագահ, Լ. Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե ինքը պատրաստ է եղել գնալ երկխոսության, եւ ցանկություն է ունեցել գալ եւ միանալ հանրահավաքի մասնակիցներին, սակայն այդ հնարավորությունը չի ունեցել: Չէի՞ք ցանկանա պարզաբանել, թե որն է եղել իրականությունը:

Ռ. Քոչարյան- Ծանոթ եմ այդ հարցազրույցին եւ մեղմ ասած այդ թեզը իրականությանը չի համապատասխանում: Առաջինն` ի՞նչ է նշանակում հնարավորություն չեմ ունեցել: Ո՞վ էր խանգարում: Հանգիստ կարող էր գնալ: Ոչ մեկն իրեն չէին խանգարում: Խնդիրը հետեւյալի մեջ էր. իր թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր` առանց թիկնազորի գնալ: Եթե նա վախ ուներ սեփակա անվտանգության վերաբերյալ, ապա պետք է նաեւ մտահոգություն ունենար հավաքված զանգվածի անվտանգության հարցերում: Եւ այդ տղամարդկությունը պետք է ունենար, եթե իսկապես մտահոգություն ուներ, ուղղակի պետք է գնար, մասնակցեր այդ հանրահավաքին: Նպատակները ուրիշ էին: Իրականում, երեկոյան պետական պաշտոնյաների անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսյանի միջոցով նա ինձ փոխանցել է, որ ինքը կցանկանա գնալ եւ հանգստացնել ժողովրդին: Ասել ենք` այո, միայն կողջունենք, գնացեք եւ հանգստացրեք: Ասաց` չէ, ես պայմաններ ունեմ: Պայմանները հետեւյալն էին. ինքը գնում է եւ այդ մարդկանց առաջնորդում է Թատերական հրապարակ, շարունակում է հանրահավաքը, որից հետո եւս 15 օր պետք է երաշխավորված շարունակի նույնը: Բայց, երբ այդ առաջարկն իր կողմից եղել է, արդեն վիճակը քաղաքապետարանի դիմաց դուրս էր հսկողությունից` ամբոխը զինված էր փայտերով, երկաթյա ձողերով, արդեն մոտ 30 հրկիզված մեքենա կար եւ բարիկադներ էին կառուցում, կային ծեծված ոստիկաններ: Դուք պատկերացնում եք, եթե թույլ տայինք, այդ ամբոխը Մաշտոցի պողոտայով հասներ մինչեւ օպերա, ինչ էր կատարվելու, ինչ կլիներ մեր մայրաքաղաքի վիճակը: Իրեն ասվել է, որ այդ առաջարկի համար արդեն ուշ է, եթե մտահոգություն ունեք, դուք ազատ եք, ձեզ ոչ ոք չի խանգարում, գնացեք, տեղում հանգստացրեք, կամ տարեք Դինամո մարզադաշտի հրապարակ: Նա մերժեց: Սա է եղել այդ պատմությունը: Ինձ համար շատ զարմանալի է, թե մարդը ոնց է կարողացել տանը նստել այդ ամբողջ գիշերը: Ավելի անհասկանալի կլիներ, եթե այդ գործողությունների ժամանակ պետական թիկնազորով գնար այնտեղ եւ ոստիկանության հետ հրահրված բախումներին զինված սպաները եւս մասնակից լինեին մյուս կողմից: Ուղղակի անբարոյական է, ծառայող մարդուն, ուսադիրներ կրողին դնել այդպիսի հիմար վիճակում: Եւ ասեմ, արդեն մեկ շաբաթ է, ինչ նա չի ստորագրում, որ ինքը ընդհանրապես հրաժարվում է թիկնազորից:

ՀԱՐՑ- Հայտնի դարձավ, որ մարտի 1-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցանկություն է հայտնել հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել: Դուք տեղյա՞կ էիք Կաթողիկոսի այդ մտադրության մասին, եւ ինչպիսի՞ն էր ձեր վերաբերմունքը:

Երկրորդ հարց` այսօր Washington post թերթում տպագրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա, մասնավորապես արեւմուտքին, կոչ էր անում մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատու համարել ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանություններին: Ինչպե՞ս կգնահատեք այդ կոչը:

Ռ. Քոչարյան- Վեհափառ Հայրապետն ինձ զանգահարեց, երբ իրադարձություններն արդեն վտանգավոր փուլում էին եւ ասաց, որ նա շատ մտահոգված է ու Լեւոն Տեր-Պետրոսայնի հետ հանդիպելու ցանկություն ունի եւ հարցրեց իմ կարծիքը: Ես ասացի, որ մենք կողջունենք այդ քայլը, թեեւ թերահավատորեն ենք վերաբերվում, որ դա կարող է բերել որեւէ արդյունքի: Այնուամենայնիվ, հանդիպման գաղափարը ողջունելի է, նույնիսկ եթե կա մի քանի տոկոս հավանականություն, որ ինչ որ բան կստացվի: Հետո պարզվեց, որ Վեհափառը գնացել է, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել նրան: Ինձ համար սա ապշելու հանգամանք է, քանի որ չեմ պատկերացնում, որ աշխարհի որեւէ կետում, որեւէ հայ կարող է Վեհափառին դռան շեմից ետ ուղարկել: Տպավորությունն այնպիսին էր, որ նրան թվացել է, թե ինքն այդ պահին ձիու վրա է, թե իրավիճակն այնպես է զարգանում, որ իշխանությունները խուճապի մեջ են: Հավանական է, որ նա մտածել է, թե ես եմ խնդրել Վեհափառին, բայց ես չեմ խնդրել` դա նրա նախաձեռնությունն էր, եւ Վեհափառի այդ ցանկությունն ընկալել է որպես իշխանությունների խուճապի մատնվածության նշան եւ այդ պարագայում, իհարկե, հանդիպումն իրեն ձեռնտու չի համարել: Թեեւ իրավիճակն այդպիսին չէր, քանի որ մենք լրացուցիչ ուժեր էինք բերում եւ կարգ ու կանոն հաստատելը ժամանակի հարց էր: Վեհափառի հետ չհանդիպելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը կորցրեց այս իրավիճակից, սեփական երեսը փրկելով, դուրս գալու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է այդ հոդվածին` ասեմ, որ ծանոթ չեմ:

Ի՞նչ պետք է անենք: Դա նրա գործունեության ուղղակի հետեւանքն է, այն խայտառակության հետեւանքը, որն եղավ Երեւան քաղաքում, որի համար յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր երեւանցի ներքին անհարմարություն է զգում: Երբ փողոցներում մեքենայով անցնում եմ, մարդկանց դեմքերին այդ արտահայտությունն եմ կարդում:

Ընդ որում շատ ու շատ մասնակիցներ ինչ որ փսիխոզի մեջ էին: Իրենք իրենց չէին ճանաչում: Երբ նրանց բերման էին ենթարկում, ցույց էին տալիս, թե ինչեր են իրենք արել, նրանք չէին հավատում, որ այդ իրենք են: Նրանք ասում էին, որ իրենց հետ ինչ որ բան էր կատարվել եւ իրենք չեն հասկացել, թե ինչ են արել: Դրա համար էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ուղղակի պատասխանատվություն կրի ե’ւ ժողովրդի առջեւ, ե’ւ իրավապահների առջեւ, այլ ոչ թե Washington Post թերթի միջոցով, դրսից մեզ վրա տղա բերելու մեթոդով, փորձի հարցեր լուծել: ԵՎ եթե ներում լինի, ապա պետք է ների սեփական ժողովուրդը:

ՀԱՐՑ – Պարոն նախագահ, արտակարգ դրությունն ինչպե՞ս կարող է ազդել դատարանների գործունեության վրա եւ, մասնավորապես այս դեպքում` Սահմանադրական դատարանի գործունեության վրա:

Ռ. Քոչարյան – Փորձում են այս հանգամանքը շահարկել, որպեսզի հետագայում հնարավորություն ունենան, անհրաժեշտության դեպքում, Սահմանադրական դատարանի որոշման լեգիտիմությունը կասկածի տակ դնել: Ուղղակի, հերթական մի հնարք է: Իմ հրամանագրում, դատարանների գործունեության հետ կապված, որեւէ սահմանափակում չկա: Օրենսդրությունն ամբողջությամբ գործում է եւ բոլոր ատյանի դատարաններն ամբողջությամբ աշխատում են այն ռեժիմով, որով աշխատում էին մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը:

Նաեւ շահարկում են, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալաքի տակ է եւ չի կարողանում գնալ Սահամանդրական դատարան, բայց նման բան չկա. երբ ցանականա, կարող է գնալ: Երբեք տնային կալանք չի եղել, եւ մենք նման իրավական ռեժիմ չունենք Հայաստանի Հանրապետությունում:

ՀԱՐՑ – Պարոն նախագահ, հետահայաց վերլուծելով տեղի ունեցած դեպքերը` շատերը հարցնում են` եթե իսկապես իշխանությունները հստակ տեղեկություններ ունեին, որ ապօրինի գործողություններ են նախապատրաստվում, ապա ինչո՞ւ, ավելի վաղ եւ կանխարգելիչ քայլերով, չխոչընդոտեց այն:

Եւ երկրորդ` Լեւոն Տեր-Պետորսյանը տակավին հայտարարում է, որ, արտակարգ դրության ավարտից հետո, շարունակելու է ցույցերը, բողոքի ակցիաները: Ինչպե՞ս եք գնահատում այդ կարգի հայտարարությունները:

Ռ. Քոչարյան – Առաջին հարցի վերաբերյալ` դուք գիտեք, որ մինչեւ մարտի 1-ը իրավապահ մարմիններն ակտիվ միջոցառումներ էին ձեռնարկում զենք, զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ եւ մոտ երկու օրվա ընթացքում բավական լուրջ քանակի զենք էր առգրավվել, եւ եթե դա չլիներ, միգուցե, կրակոցների թիվն ավելի շատ կլիներ եւ զոհերի թիվը ավելի շատ կլիներ: Ես այդ հարցը ինքս ինձ միշտ տալիս եմ. արդյո՞ք թույլատրելի էր, ինն օր շարունակ, թողնել չարտոնված հանրահավաքներ: ԵՎ եթե երկրորդ օրը կամ երրորդ օրը ցրեինք այդ հանրահավաքները, ապա հետեւանքները կլինեին ավելի մեղմ: Ինն օրվա ընթացքում այդ փսիխոզային իրավիճակը կարողացան թափել ժողովրդի գլխին: Ի՞նչ է նշանակում ժամերով հանրահավաքներ անցկացնել: Հասկանալի է, որ մի իրավիճակ էր ստեղծվել, որ պարտադիր պետք էր հրապարակում մարդիկ պահեին, իսկ նորմալ հոգեբանական վիճակում գտնվող մարդը չէր կարող ամբողջ օրը միեւնույն բանը լսել: Այդ իսկ պատճառով նա պետք է ինչ որ վիճակի մեջ մտցներ մարդկանց:

Ինչո՞ւ չէինք ցրում այդ հանրահավաքները, եւ նույնիսկ մարտի 1-ին ցրելու խնդիր չկար: Մարտի 1-ին կար խուզարկության խնդիր եւ համոզելու փորձ, որ վրաններ չլինեն, որովհետեւ վրանները փակում էին տեսադաշտը եւ նույնիսկ օպերատիվ ծառայություններով հնարավոր չէր պարզել, թե այդ վրանների մեջ ինչ կա: Եթե վրաններ չլինեին, ոստիկանության աշխատողները կարող էին ամեն ինչ պարզ տեսնել եւ զենքեր տեսնելու դեպքում` շրջափակել, եւ ամեն ինչ այդպես չէր ավրատվի:

Չէինք ցրում, որովհետեւ կկարծեին, թե մեր այդ գործողություններն ուղղված են վերահաշվարկի գործընթացի խանգարմանը: ԵՎ մտածում էի. ավելի ճիշտ կլինի` սահմանադրական դատարանի որոշումից հետո, ավելի կոշտ միջոցներով փորձել վիճակը կայունացնել: Այդպես էի մտածում, որպեսզի որեւէ շահարկումներ, այդ տեսանկյունից, չլինեին:

Հայաստանում գտնվող դիտորդները, հավատարամագրված դեսպանները եւ պատվիրակությունները մի բան էին խնդրում. ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Երբ ես հարցնում էի, թե մեր հանդուրժողականության սահմանն որն է` երկու օր, երեք օր, վեց օր, ձեր երկրներում քանի՞ օր կհանդուրժեիք: Նրանք ասում էին, որ, ճիշտ է, այդքան երկար չէինք հանդուրժի, բայց ձեզ խորհուրդ ենք տալիս եւ խնդրում ենք համբերել:

Այստեղ խնդիր կա. ձեւավորված քաղաքական մշակույթը, ազատությունների աստիճանը եւ երրորդ հանգամանքը` թեկնածուների եւ քաղաքական գործիչների բարոյական կերպարը (ի՞նչ կարելի է անել, ի՞նչ չի կարելի անել, ի՞նչ սահման կարելի է հատել եւ ի՞նչ սահման չի կարելի հատել) ուղղակի իրար հետ չխոսեցին: Այդ երեք գործոնը, վերջապես, պետք է համաչափ լինեին միմյանց:

Երկրորդ հարցի հետ կապված այն կարծիքին եմ, որ քաղաքային իշխանությունները չպետք է արտոնեն որեւէ հանրահավաք, մինչեւ այս վիճակն ամբողջությամբ չհանդարտվի: Այս անգամ մենք չենք սպասելու երկու օր, երեք օր, հինգ օր: Հենց առաջին օրը, արձագանքը կլինի կտրուկ, որպեսզի հանկարծ նույն վիճակում չհայտնվենք: ԵՎ, ընդհանարպես, այս դասը քաղելով` մենք պետք է հանրահավաքների համար օրենքում մտցնենք որոշակի սահմանափակումներ: Ուղղակի պետք է արգելել, որ նույն քաղաքական ուժը կամ միեւնույն թեկնածուն, մի շաբաթ շարունակ, միեւնույն տեղում, հավաք կազմակերպի: Պետք է ասել, որ օպերայում շաբաթն երկու անգամից ավել չի կարելի հավաք կազմակերպել: Չի կարելի, որ ամեն օր, մեկն օպերան սեփականաշնորհի, այն բոլորին է պատկանում: Այն մեր ժողովրդի, մեր մայրաքաղաքի բնակիչների հանգստի վայրն է:

ՀԱՐՑ – Պարոն նախագահ, կարծում եմ ձեզ զեկուցել են, որ այս օրերին տարատեսակ, նույնիսկ անհավանական թվացող, շշուկներ են տարածվում: Ինչպե՞ս եք վերաբերում դրան, եւ արդյո՞ք դա պատահական է, թե՞ այստեղ էլ գործ ունենք որոշակի կենտրոնից ուղղորդվող եւ հստակ տեխնոլոգիաների կիրառմամբ տարածվող միջոցի հետ:

Ռ. Քոչարյան – Համոզված եմ, որ պատահական չեն այդ լուրերը: Գիտենք նաեւ այդ լուրերի տարածման ձեւը: Հիմա, կարող ենք միայն ենթադրել, թե որտեղ են մշակվում, որտեղից են տարածվում այդ լուրերը: Այդ լուրերը բացարձակ սուտ են: Շատ թափանցիկ ենք աշխատում եւ պատրաստ ենք բոլոր նման կարգի լուրերին պարզաբանումներ տալ: Իմ կարծիքով հատուկ մարդիկ են նստեցնում տաքսիները, երթուղային տաքսիները, որպեսզի սուտ լուրեր տարածեն: Սեփական երկրի նկատմամբ մի քիչ հարգանք եւ սեր ունեցող մարդիկ նման բաներով չեն զբաղվի: Սեփական երկրին վնաս հասցնելը, սեփական ժողովրդի մոտ, նման քայլերով, այդպիսի տրամադրություն ստեղծելը, բավական լուրջ կասկածներ է առաջացնում մարդու հոգեկան վիճակի վերաբերյալ: Հոգեպես առողջ մարդիկ ուղղակի չեն կարող նման բաներ անել: