Ամասիա-Աշոցքի (Աղբաբա) շրջանի գյուղերը 1831 թվականին

6848

Ծանոթ. – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Ամասիայի և Աշոցքի, նախկինում՝ Աղբաբայի շրջանը, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների:

Ամասիայի և Աշոցքի շրջանը կամ տարածքը, որը պատմագրության մեջ հանդիպում է նաև Աղբաբա ձևով, 1920-ին Հայաստանի Առաջին Հանրապետության, ապա և Խորհրդային Հայաստանի մաս է կազմել ուշագրավ հանգամանքների բերումով: Ինչպես իրենց հուշերում գրել են 1920-ի նոյեմբերից Ալեքսանդրապոլում թուրքերի՝ Քյազիմ Կարաբեքիրի հետ բանակցություններ վարող հայ պատվիրակները, թուրքերը մտադիր էին նաև տիրանալ Աղբաբային:

Թուրքերը, սակայն, Աղբաբայի շրջանը՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք, զիջեցին հայերին: Այդ “զիջումը” բացատրվում էր ոչ միայն հանուն “հայ-թուրքական բարեկամության” ապագայով, այլ նրանով, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները արդեն պայմանավորվել էին, որ Սուրմալուն կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից՝ հօգուտ ապագա Խորհրդային Վրաստանի: Բայց քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, ապա այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Ամասիան:

1831-ի տվյալներով, որ բերում է Զավեն Կորկոտյանը իր “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ, Աղբաբայի շրջանում բնակչության քանակը եղել է 4.871, որից հայերը 1.420 հոգի, մուսուլմանները՝ 3.451 հոգի:

Կորկոտյանի աշխատության մեջ այն տվյալները, որոնք հիշատակված են զանազան աղբյուրներում առանց մանրամասնելու նրանց՝ ըստ բնակավայրերի, և հեղինակի համար հնարավոր չի եղել պարզաբանել, այդպիսի դեպքերում բնակչությունը գրված է բոլոր բնակավայրերից հետո առանձին տողով որպես “հաշվարկված բնակչություն”: Այդ պատճառով, Կորկոտյանի ցուցակներում նշվում են բնակավայրերի անունները, սակայն չի նշվում, թե որ բնակավայրում որքան է եղել բնակչությունը: Բացառություն են կազմում միայն հայկական գյուղերի մեծ մասը և մուսուլմաններից միայն մեկ գյուղ:

Ահա Կորկոտյանի ցուցակի այն գյուղերը այբբենական կարգով, որտեղ հստակ է և՛ բնակչության քանակը, և՛ թե ովքեր են բնակվում.

Բայթար                                                       27 հոգի, բոլորը՝ իսլամ

Բանդիվան ներքին                                     213 հոգի, բոլորը՝ հայ

Թաքնալի                                                     153 հոգի, բոլորը՝ հայ

Թորոս գյուղ                                                180 հոգի, բոլորը՝ հայ

Ղարաքիլիսա Իլլի                                       175 հոգի, բոլորը՝ հայ

Շիշթափա մեծ                                              175 հոգի, բոլորը՝ հայ

Չոռլի                                                              28 հոգի, բոլորը՝ հայ

Ջալաբ                                                          206 բնակիչ, բոլորը՝ հայ,

Սալուտ                                                         175 հոգի, բոլորը՝ հայ

Փալըթլի                                                       127 հոգի, բոլորը՝ հայ

Medion DIGITAL CAMERA
Բանդիվան

Աղբաբայի շրջանի մյուս տասնյակ գյուղերի մասին Կորկոտյանի ցուցակներում բնակիչների թիվը սկսվում է նշվել 1873-ի և հետագա մարդահամարներից: Այսպես, Աշոցք (Ղզլղոչ, Ղուկասյան) գյուղում առաջին անգամ բնակչության թիվը նշվում է 1873 թ. մարդահամարով՝ 438 հոգի, բոլորը՝ հայ:

Աղբաբայի շրջանը մտել է Կարսի մարզի մեջ, երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին: Պարսկական տիրապետության շրջանում: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմել է Լենինականի գավառի Աղբաբայի գավառամասը:

Ամասիայի շրջանը 608 քառակուսի կիլոմետր տարածքով կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերին, իսկ Ղուկասյանի շրջանը՝ 547 քառակուսի կիլոմետր տարածքով՝ 1937 թվականի դեկտեմբերին:

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝