Դիտավան գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, մինչև 1967թ. կոչվել է Ռևազլու: Սկզբում գյուղն ունեցել է 8 ընտանիք, բոլորը՝ հայ: Դիտավանը մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք է, Աղստև գետի աջ կողմում:
Դիտավան գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 51 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 120 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 174 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 242 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1908 թվական – 650 հոգի,
1914 թվական – 638 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց),
1916 թվական – 227 հոգի
1919 թվական – 346 հոգի
1922 թվական – 259 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 254 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 253-ը՝ հայ, 1-ը՝ ռուս
1931 թվական – 279 հոգի, բոլորը՝ հայ:
Դիտավանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի Իջևանի գավառակի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:
Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:
1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:
Խորհրդային տարիներին Դիտավանն ունեցել է.
1939 թվական – 365 հոգի,
1959 թվական – 486 հոգի,
1970 թվական – 480 հոգի,
1979 թվական – 331 հոգի,
1989 թվական – 440 հոգի:
Խորհրդային տարիներին Դիտավանը եղել է Իջևանի շրջանի կազմում:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարը՝ Ջենի Քոչարյանի
Կարդալ և դիտել նաև՝
https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/