Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է հատվածներ Ստեփան Լիսիցյանի ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ աշխատությունից, որը հրատարակել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականին:
Արշակունի թագավորների օրով և հաջորդ մարզպանական շրջանում Սյունիք-Սիսականի այն մասում, որն այժմ կոչվում է Զանգեզուր, հայ տարրը տեղափոխության չի ենթարկվել և նրա առաջացման մեջ մասնակցած առանձին էթնիկ խմբերը պիտի կարողանային վերջնականապես միաձուլվել՝ կորցնելով ամբողջովին իրենց տարբեր ծագման հիշողությունները: Արաբական տիրապետությունն էլ գրեթե ոչ մի փոփոխություն չմտցրեց նրա ազգագարական բնույթի մեջ: Ոչ մի տեղեկություն չունենք, որ Սիսականում հաստատված լինեն արաբական գաղութներ:
Այդպիսի գաղութներ երևացին Ճորա պահակի մերձակայքում և Պարտավ քաղաքի շրջանում: Նրանք բաղկացած էին հիմնականում արաբական ռազմական ուժերից, որոնց վրա դրված էր հատկապես Կասպից դռան պաշտպանության պարտականությունը: Արաբացիք բավական նշանավոր տեղ գրավեցին Դվին քաղաքի բնակչության մեջ: Բայց Պարտավի և Դվինի բնակչության միջև հաղորդակցությունը պահպանվում էր հնուց բանուկ ճանապարհով, որը Դվինից Սևանա լճի հարավային կողմերով՝ Սոթքի (Զոդի) լեռնանցքով փոխադրվում էր Թարթառ և Խաչեն գետերի հովիտները և հասնում Պարտավ՝ թողնելով մի կողմ Զանգեզուր-Ալանգյազ լեռնաշղթայից դեպի արևելք ձգվող գավառները, այժմյան Զանգեզուրն ու Մեղրին:
Այդ պատմական ժամանակաշրջանում Սիսականը չէր ներգրավված այն ժողովրդական տեղաշարժի պրոցեսի մեջ, որը տեղի էր ունենում Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հարավային շրջաններում հայ տարրի հետզհետե ավելի դեպի Սև ծովի մերձեզրյա գավառները նահանջելու պրոցեսի մեջ: Այդ պրոցեսը հնարավորություններ ստեղծեց Բագրատունիների տան համար իրենց դիրքը և հեղինակությունը բարձրացնելու նպատակով հենակետ դարձնելու հենց այդ՝ Սև ծովին ավելի մոտ գտնվող շրջանները: Արաբական տիրապետության վերջին տարիներում, արդեն X դարից, Սիսականի հայ բնակչությունը այնքան ուժեղ է ներկայացված լինում, որ այդտեղի նախարարական տունը հետևելով Բագրատունիների և Արծրունիների օրինակին՝ կարողացավ թագավորական տիտղոս ձեռք բերել:
Այդ թագավորական տունը անշուշտ ոչ միայն օգտվելով իր աշխարհագրական ամուր դիրքից, այլև հենվելով իր ազատասեր բնակչության և թվի վրա՝ իր անկախությունը պահպանեց գրեթե մեկ ու կես հարյուրամյակ ավելի երկար, քան թե Արծրունիներն ու հայ Բագրատունիները: Սիսականի Բաղաց վերջին թագավորը կարողացավ սելջուկներին դիմադրել Կապան գավառի իր Բաղաբերդ ամրոցում մինչև 1170 թ., այն ամրոցներից մեկում, որոնք պատմագրի ասելով՝ “ի մարդկան հնարից հեռացել են, բայց միայն թե Տէր մատնեսցէ”:
Եվ մինչդեռ լեռնաշխարհի այլ մասերից ռազմական տարրը, թագավորական տներն ու նախարարների մի նշանավոր մասը, սելջուկյան հեղեղի առջև տեղի տալով, երկրից հեռացավ՝ ո՛րը դեպի վրացական կալվածքները, ո՛րը Փոքր Ասիա կամ Կիլիկյան բարձրունքները, ոմանք էլ ավելի հետու, մինչև Բալկանյան թերակղզին և նույնիսկ Մերձկարպատյան ռուսական երկրները, տանելով իրենց հետ դարերի ընթացքում ձեռք բերած ռազմական հմտությունը և հայ գյուղացիության բավականին հոծ բազմություն: Սիսականի հայ ժողովուրդը մնաց իր մայրենի երկրում, իր բնական եռանկյունու մեջ պարփակված և նրա իշխանական տներից ոչ մեկը չորոնեց հաջողություն և նոր ապագա իր պապական երկրից դուրս: Ընդհակառակը, երբ Վրաստանում գժտություններ ծագեցին գահաժառանգության խնդրի շուրջը, վրացական Օրբելյան իշխանական տոհմը, խույս տալով այդ վեճերի մեջ հաղթող հանդիսացած հակառակորդ կուսակցության թեկնածուի հալածանքներից, ապահով ապաստան գտավ Սյունիքում և մասնավորապես Սիսական-Զանգեզուրում և ձուլվելով տեղական իշխանական տների հետ՝ սկսեց խաղալ նրանց մեջ ղեկավար և կենտրոնական դեր:
Մինչև թաթարաց արշավանքը Զանգեզուրի բնակչությունը մնում էր առանց տեղահան լինելու, կառչած իր լեռներին և փակ հովիտներին՝ գերազանցորեն հայկական տեղական իշխաններին հպատակվելով: Թյուրք սելջուկ առաջնորդները թվում է, թե իրենց տրամադրության տակ ունեին այստեղ ոչ բազմաթիվ, գուցե և ավելի լավ զինված և կազմակերպված ուժ, բայց ոչ թե երկրում վերաբնակված քիչ շատ նշանավոր արյունակից աշխատավորություն, որը փոխած լիներ գավառի ազգագրական պատկերը:
Ուրիշ բնույթ ուներ XIII դ. առաջին կեսում Անդրկովկաս ներխուժած այլ թուրք-թաթարական էթնիկ տարրի երկրում հաստատվելը: Վեր կենալով մոնղոլա-թուրքեստանական տափաստաններից, այս, գլխավորապես ձիաբույծ, վաչկատուն, դեռևս հեթանոս հորդանները առաջ էին շարժվում արևմուտք իրենց ամբողջ ժողովրդական զանգվածով, ընտանիքներով և գույքով, որոնելով նոր բնակավայր: Հանդիպելով Կասպից ծովին՝ նրանք բաժանվեցին երկու հեղեղների: Մինչդեռ մեկը ուղղվեց ծովի հյուսիսով դեպի ռուսական ընդարձակ տափաստանները, մյուսը շրջվելով Կասպից ծովի հարավով և առաջ ընթանալով՝ հանդիպեց մի կողմից՝ Ղարադաղի լեռնային աղեղին և մյուս կողմից՝ ոչ պակաս դժվարանցանելի Թալիշի լեռնաշղթային և ուղղվեց նրանց միջոցով Արդեբիլի և Կարա-սու գետի հովիտներով դեպի Արաքս: Նրա մակընթացությունից առժամանակ ազատ մնաց և՛ Սիսականը, և՛ Թալիշ-Լենքորանի հարթությունը: Հասնելով Արաքսին՝ այս ժողովրդական մակընթացությունը փոխադրվեց մյուս ափը՝ հավանական է մոտավորապես այնտեղ, որտեղ հաջորդ դարերում կառուցվեցին Խուդաֆերինի կրկնակի կամուրջները: “Եվ ապա եկին հասին յաշխարն Աղուանից ամենայն ախիւք բազմությամբ իւրեանց, և ի բերրի արգավանդ դաշտին՝ որ կոչի Մուղան, լի՛ ամենայն բարությամբ, ջրով և փայտիւ և մրգով և որսով անդ զետեղեալ՝ հարին զխորանս իւրեանց”:
Զանգեզուր թաթարները մտան Մուղանի դաշտից: Ամենահարմար ճանապարհն էր Դիզափայտ գագաթից իջնող դարավանդներով, որով այժմս Շահիյոլով քոչվորները ուղղվում են Մուղանից դեպի Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի ամառային արոտավայրերը: Այժմս էլ այս դարավանդների վրա են, որ գրեթե համատարած զետեղված են ադրբեջանական գյուղերը: Թաթարների առաջնորդը Բաչու-Նոյինն էր… “ընդ այն ժամանակս էր զորագլուխ Նետողացն, որպես թագավոր ի վերայ ամենեցուն, Բաչու-նուինն. և նստեր ի գավառին Հաբանդայ՝ ի գլուխ Ձագեձորոյ”:
Զիջելով նոր էթնիկ տարերին հողերի մի մaսը, հայ բնակչությունը ետ է քաշվում ավելի դեպի արևմուտք՝ սեղմվելով Զանգեզուր-Ալանգյազ լեռնաշղթային: Սակայն հավանորեն զիջած տերիտորիան տակավին ընդարձակ չէր. գոնե այդ բանը չի նշում իրադարձություններին ժամանակով շատ մոտիկ Օրբելյան պատմագիրը: Այդ միջոցին հարևան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերը, օգտվելով իրենց գետահովիտների նեղ բերանների մուտքը կապելու դյուրությունից, կարողացան թույլ չտալ թաթարական հրոսակներին տափաստաններից բարձրանալ Ղարաբաղի լեռնաշղթայի հյուսիսային լանջերով վեր:
Երկրորդ թաթարական մեծ ալիքը սկիզբ առնելով Սամարղանդից Լանկ-Թեմուրի առաջնորդությամբ՝ տարբերվում էր առաջինից իր ավելի ռազմական կազմակերպվածությամբ և մահմեդական անհաշտ մոլեռանդությամբ: Նա փռվեց մինչև Մեծ Կովկաս 1387 թ. և կրկնելով երկրորդ անգամ իր առաջխաղացությունը՝ թափանցեց (1401 թ.) Ճորա դռնով ավելի հյուսիս՝ Վոլգայի ափերը: Թվում է, թե այդ ալիքն էլ ողողեց գլխավորապես Ղարաբաղի լեռնաշղթայի մերձտափաստանյան ստորոտները՝ Դաշտային Ղարաբաղը, առանց սակայն լեռնաշղթայի այդ կողմը նայող գետահովիտներով վեր մագլցելու և առանց այստեղի հայ տարրի մեջ տեղահանություն առաջացնելու:
Ըստ Չամչյանի բերած, բայց հաստատություն չունեցող վկայության՝ “Ասի ևս յոմանց, թէ”… ստորին Կուրի տափաստաններում և առհասարակ՝ Աղվանքում ապրող գրեթե բոլոր հայերին Լանկ-Թեմուրը տեղափոխեց Ղանտահար, որտեղ նրանք կրոնափոխ եղան: Կարողացա՞ն Լանկ-Թեմուրի զորքերը մտնել Զանգեզուր և այնտեղի հայերին էլ քշել հեռավոր արևելյան գավառները, այդ հարցը մնում է մութ: Նրա գլխավորած ալիքը զարնվելով Երնջակի և Շահապոնքի պարիսպներին՝ շարժվելով ավելի դեպի արևելք, պիտի հանդիպեր Զանգեզուր-Ալանգյազի լեռների հուժկու պատնեշին: Շրջելով այս պատնեշը արևմուտքով և հյուսիսով, ալիքը ողողեց արևելյան Վրաստանը (Տփղիս) և Կուրի միջին և ստորին հոսանքների ափերին՝ Արցախյան դաշտավայրը, այստեղ, մանավանդ Մուղանի դաշտում, հանդիպեց մի դար ու կես առաջ վերաբնակված ցեղակիցներին: Լանկ-Թեմուրը այս տաք դաշտավայրում անց է կացրել ձմեռը Սեբաստիա ուղևորվելուց առաջ: Պետք է կարծել, որ նա այդ տափաստաններից, որտեղ նրա առջև բաց էր դյուրին անցանելի մուտքը Շահիյոլով դեպի Զանգեզուր, հնարավորություն պիտի ունեցած լիներ կրկին ու կրկին անգամ իր հրոսակները մտցնելու նաև այդ գավառը: Այդտեղից էլ, գլխավորապես նրա արևելյան կողմերից, հեռու քշելու երկրագործ հայ տարրը և մանավանդ հմուտ արհեստավորներին, որոնցով նա աշխատում էր բարձրացնել իր միջին-ասիական քաղաքների տնտեսությունը:
Մինչև այսօր էլ Զանգեզուրի գյուղերում, հիշելով Լանկ-Թեմուրի անունը՝ նրա անվան հետ են կապում գավառում կատարած ավերածություններն ու ջարդերը: Սակայն ինչքան էլ մեծ լիներ թե՛ տեղում կոտորած և թե՛ տեղահան արված հայերի թիվը, անշուշտ այս գավառը ավելի քիչ էր վնասվել Լանկ-Թամուրի վայրագություններից Հայաստանի այլ մասերի համեմատությամբ: Այդտեղ թե՛ իշխանական տները և թե՛ եկեղեցական կազմակերպությունը պահպանվեցին առանց ավելի մեծ խանգարումների: Այս եզրակացությանը պետք է հանգել ի նկատի ունենալով այն, որ Սիսականում-Զանգեզուրում այնուհետև էլ ուժեղ էր մնում մելիքական-ֆեոդալական իշխանությունը, որը նեցուկ էր հանդիսանում և վանական հիմնարկների գործունեւոթյան լայն ծավալման համար:
Լանկ-Թեմուրի արշավանքների ժամանակ և անմիջապես հետո Տաթևի վանքում Գրիգոր Տաթևացին գտնում է հանգիստ իր երկար թափառումներից հետո և հավաքելով իր շուրջը մեծ թվով աշակերտություն, ստեղծում է մեծ դպրոց-scola, որը այնուհետև չափազանց ներգործոն, ակտիվ դեր էր կատարում թե՛ Էջմիածնի կաթողիկոսության վերականգման և թե՛ հաջորդ տասնամյակներում այդ վերականգնած հայրապետության վարած քաղաքականության ուղղության գործում:
Այսպիսով, XIII-XIV դդ. սկսած Դիզակի դաշտից, հետզհետե թափանցում է մի նոր էթնիկ տարր և բնակություն է հաստատում Զանգեզուրում, որը նրա առաջին ներխուժման ականատես Կիրակոս Գանձակեցի պատմագիրը բնութագրում է այսպես՝ “Էին տեսլեամբ կերպարանաց դժոխատես և ահագնալուր, մօրուս ոչ ունելով, բայց սակավ ոմանց թուելով մազս ունելով ի շուրթն կամ ի կլափն, ակն նեղ և արագատես, ջայն նուրբ և սուր, բազմակեացք և տևողք”:
Լուսանկարում՝ այսօրվա Գորիսը