Հայկական հավերժության նշանը հայ մշակույթի ամենանշանակալի տարրերից է, որը հաճախ կարելի է տեսնել ժամանակակից խորհրդանշանների և տարբեր ընկերությունների լոգոների վրա։ Այն համարվում է նաև արևի նշան: Նշանը խորհրդանշում է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն, առաջընթաց և զարգացում:
Հայաստանում և նրա պատմական տարածքներում հավերժության նշանը հայտնաբերվում է ամենուր՝ ճարտարապետական կոթողների և տարրերի վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի և առարկաների վրա, պետական, հասարակական, մասնավոր և կրոնական կառույցների խորհդանշաններում:
Հավերժության նշանը ծագում է սվաստիկայից: Սվաստիկան ծագում է սանսկրիտից՝ սվաստի բառից, ինչը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում»: Հայերեն կոչվում է կեռխաչ:
Սվաստիկան կամ կեռխաչը հավասարակողմ խաչ է, որի գծերը ծռված են ուղիղ անկյան տակ ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ, այսինքն դեպի աջ (卐), կամ էլ ժամացույցի սլաքի շարժմանն հակառակ՝ դեպի ձախ (卍):
Հավերժության նշանը ներկայացվում է որպես մի կետից ծագող աջ կամ ձախ պտույտ ունեցող կոր թևերով պատկեր (ոլորք)։ Ամենահին ներկայացումները հայտնաբերվել են հայկական բարձրավանդակի ժայռապատկերներում որպես Արեգակի պատկեր՝ անիվի կամ սվաստիկայի (միա կամ բազմաթև ոլորքի) տեսքով։
Արևխաչը 8-աթև է: 8-աթեւ Արևխաչը հայ-արիների համար խորհրդանշում է նաեւ Հայ Աստվածային Համակարգի 8 Աստվածներին (Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր): Կա նաև 12 թևանի Հավերժության նշան, որը հայ արիների համար խորհրդանշում է նաև Կենդանակերպի (Զոդիակ) խորհուրդը, որով պայմանավորված են տիեզերական ու երկրային տարեփոխումների և բնական բոլոր պարբերությունների հաշվարկները:
Հայկական մշակույթում քառաթև Հավերժության նշանը (Սվաստիկան) լայն կիրառում է ունեցել, մանավանդ անիական շրջանում։ Հաճախ է հանդիպում զարդանախշերում և առանձին զարդերում։ Հանրահայտ վիշապագորգերի պարտադիր զարդն ու նախշը քառաթև հավերժության նշանն է՝ առանձին նշանի և աջ ու ձախ ոլորվող վիշապների տեսքով։
Տեքստը և լուսանկարները՝ ինտերնետի բաց աղբյուրների