Ոսկեպար գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Նոյեմբերյանի շրջան

8597

Այսօրվա Ոսկեպար գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 179 բնակիչ, բոլորն էլ հայ:

Ոսկեպարը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում՝ Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Ըստ պատմական տվյալների, գյուղը հիմնադրվել է 6-7-րդ դարում և այդ ժամանակից էլ կոչվել է Ոսկեպար: Նույն դարում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ոսկեպարի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 179 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 210 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 270 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 393 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 383-ը՝ հայ, 10-ը՝ իսլամ,

1914 թվական – 725 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց),

1916 թվական – 539 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց),

1919 թվական – 800 հոգի,

1922 թվական – 539 հոգի, որից 536-ը՝ հայ, 3-ը՝ այլ, բայց ոչ թուրք,

1926 թվական – 560 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական –  661 հոգի, բոլորը՝ հայ,

2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով, Ոսկեպարի մշտական բնակչությունը կազմել է 818, առկա բնակչությունը՝ 719 մարդ:

Ժամանակի ընթացքում Ոսկեպարի հարևանությամբ հաստատվել են երկու մուսուլմանական բնակավայրեր, որոնք կոչվել են Վերին և Ներքին Ոսկեպար, ադրբեջաներեն՝ Yuxarı Əskipara և Aşağı Əskipara: 1990-ական թթ. սկզբից երկու գյուղերն էլ հայկական վերահսկողության տակ են:

Ոսկեպարը այսօրվա Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Ներկայումս գյուղը տարածվում է Ոսկեպար գետի միջին հոսանքում՝ Կատարքա սարի ստորոտում։ Սակայն դարերի ընթացքում ունեցել է մի շարք գյուղատեղիներ՝ Ոսկեպար գետի հովտի տարբեր հատվածներում՝ գետի աջ ու ձախ ափերին:

Պատմական

Ոսկեպարը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Ոսկեպարը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Ոսկեպարը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Ոսկեպարը մտնում էր Իջևանի շրջանի մեջ:

Խորհրդային տարիներին գյուղի բնակչությունը հասավ 1300-ի, սակայն անկախությունից հետո սկսված արտագաղթի պատճառով այսօր 900-ի սահմաններում է:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն

Դիտել նաև՝