Հայաստանի 11 խոշոր բնակավայրերը 1831-ին. Երևան, Գյումրի, Վաղարշապատ…

13575

Քիչ թե շատ համակարգված ձևով Հայաստանում առաջին մարդահամարը անց է կացվել 1831 թվականին, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցել էր ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի կազմ:

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքի (29,8 հազար քառակուսի կիլոմետր) մեծ մասի վրա ձևավորվել էր Հայկական մարզը (Армянская область) Երևան կենտրոնով: Հայկական մարզի մեջ էին մտնում նաև Գողթնը, Նախիջևանը և Շարուրը, որոնք այսօր Ադրբեջանի կազմում են, ինչպես նաև՝ Իգդիր-Սուրմառին/Սուրմալուն, որ այսօր Թուրքիայի կազմում է:

Այսօրվա Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածը՝ Շիրակ, Լոռի և Տավուշ, մտնում էին Վրացական նահանգի, իսկ հարավ-արևելյան հատվածը՝ Մեծ ու Փոքր Սյունիք, Կասպյան նահանգի մեջ: Այսպիսով, 1828 թվականից Անդրկովկասը՝ մտնելով Ռուսական կայսրության կազմ, բաժանվեց երեք նահանգների՝ Վրացական, Կասպյան և Հայկական:

10604043_1418075025165214_1202966546306134479_o-347x233

1831 թվականի մարդահամարի տվյալներով, Հայաստանի ամենախոշոր 11 բնակավայրերն էին.

1. Երևան – 11.920 հոգի, որից 7331-ը՝ իսլամ (քուրդ, պարսիկ, թուրքո-թաթար), 4484-ը՝ հայ, 105-ը՝ այլ ազգություններ

2.  Գյումրի – 3.444 հոգի, որից 3194-ը՝ հայ, 250-ը՝ իսլամ

3. Վաղարշապատ – 2.175 հոգի, բոլորը՝ հայ

4. Նարիմանլու (այսօր՝ Մասիս) – 1.737 հոգի, բոլորը՝ իսլամ

5. Սարդարապատ – 1487 հոգի, բոլորը՝ հայ

6. Ղարաքիլիսա (այսօր՝ Ազատան) – 1.450 հոգի, բոլորը՝ հայ

7. Նոր Բայազետ (այսօր՝ Գավառ) – 1.346 հոգի, բոլորը՝ հայ

8. Խնձորեսկ – 1342 հոգի, որից 1322-ը՝ հայ, 20-ը՝ իսլամ

9. Բոյուք Վեդի (այսօր՝ Վեդի) – 1.244 հոգի, որից 445-ը՝ հայ, 799-ը՝ իսլամ

10. Ղալաչա (այսօր՝ Բերդավան Նոյեմբերյանի շրջանում) – 1.078 հոգի, բոլորը՝ հայ

11. Սևքար – 1019, բոլորը՝ հայ:

Այս տվյալները վերցրել ենք Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատությունից, որտեղ գյուղ առ գյուղ տրված են վիճակագրական տվյալներ: Ըստ այդ աշխատության, միայն վերոնշյալ 11 բնակավայրերն են ունեցել 1000-ից ավելի բնակչություն:

Ընդգծենք, որ 1831-ին այդ 11 բնակավայրերից 2-ը՝ Ղալաչան և Սևքարը, մտնում էին Վրացական նահանգի մեջ:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Երևանը 100 տարի առաջ