Նոյեմբերյան/Բարանա ավանի բնակչությունը 1831-1931 թվականներին

7406

Այսօրվա Նոյեմբերյան քաղաքի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը, որ մինչև 1938 թվականը կոչվել է Բարանա, ունեցել է 294 բնակիչ, բոլորն էլ հայեր:

Ըստ Կորկոտյանի ցուցակի, Բարանան 100 տարվա ընթացքում՝ 1831-ից մինչև 1931 թվականը, աճել է շուրջ յոթ անգամ: Այդ տարիների ընթացքում բնակչությունը բացառապես եղել են հայեր:

1831 թվական – 294 հոգի

1873 թվական – 692 հոգի

1886 թվական – 993 հոգի

1897 թվական – 1.197 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1916 թվական – 1.763 հոգի

1926 թվական – 1.712 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական – 2.082 հոգի

Բարանան մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Բարանան և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Բարանան, Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Ջուջևան, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան և Ոսկեպար գյուղերը Իջևանի, իսկ մյուս գյուղերը՝ այդ թվում Բարանան, Ալավերդու շրջանին էին պատկանում:

1937-ին Իջևանի և Ալավերդու շրջանների հաշվին ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը, որի կենտրոն դարձավ Բարանան՝ վերանվանվելով Նոյեմբերյան:

Թաթուլ Հակոբյան