Սիմոն Վրացյանի «Խարխափումներ»-ը գտավ իր հովանավորին

1485

Արձագանքելով Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի տարածած հայտարարությանը («Խարխափումներ». այս գիրքը սպասում է տպագրության հովանավորի, 9 դեկտեմբերի, 2015թ.), Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Անդրանիկ Միքայելյանը ցանկություն է հայտնել իր մասնակցությունը բերել այդ հատորի տպագրության հովանավորմանը:

Այս գիրքը տպագրվել է 1924 թվականին Բոստոնում արևելահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ: ԱՆԻ կենտրոնը հատորը վերահրատարակում է արևելահայերենով, բայց աբեղյանական [Հայաստանում, Արցախում և նախկին խորհրդային հանրապետություններում բնակվող հայերի կողմից գործածվող ուղղագրություն] տարբերակով:

Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը «Խարխափումներ» հատորով պատասխանել է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքին:

ԱՆԻ կենտրոնը շնորհակալություն է հայտնում Անդրանիկ Միքայելյանին և գրասեր հասարակությանն ու կենտրոնի գործունեությանը հետևողներին հիշեցնում, որ տպագրության հովանավորության են սպասում նաև Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» հատորները և այս հինգ նշանավոր դաշնակցականների համատեղ հատորը, որը կրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագիրը (800 էջ):

Այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կցանկանան ֆինանսապես աջակցել միացյալ հատորի կամ հինգ գրքերից որևէ մեկի տպագրական ծախսերին, կարող են գրել հետևյալ հասցեներով՝aniarcf@gmail.com, info@aniarc.am:

Դուք կարող եք միացյալ հատորը կամ առանձին գրքույկները կամ դրանցից Ձեր ցանկացածը նվիրել Ձեզ համարնվիրական մարդու հիշատակին: Այդ մասին պատշաճ կերպով կգրվի գրքի սկզբնահատվածում:

Ինչպես համատեղ հատորի, այնպես էլ առանձին լույս տեսնելիք գրքույկների խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն